Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

«Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձեւի նախագիծը ներառվել է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ և վաղը նախատեսված է քվեարկությունը։ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը հսկայական աշխատանք է տարել՝ հայանպաստ և Ադրբեջանի վանդալիզմը դատապարտող այս բանաձևը նիստ մտցնելու համար։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց՝ ամիսներ տևող նպատակաուղղված և ակտիվ աշխատանքի արդյունք է արդեն այն փաստը, որ բանաձևի նախագիծը ներառվել է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ։

«Այդ աշխատանքը շատ ակտիվ իրականացվել է ինչպես Բրյուսելում ՀՀ դեսպանատան կողմից, այնպես էլ, անշուշտ, Հայ Դատի Եվրոպայի գրասենյակն իր ամբողջ ուժով և բոլոր լծակներով մասնակցել է այս աշխատանքին»,-ասաց գրասենյակի գործադիր տնօրենը։

Նա նշեց, որ բանաձևը մանրամասն անդրադառնում է Արցախում պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը։

«Շատ կարևոր դրույթներից մեկն այն է, որ մշակութային ժառանգության ոչնչացումը դիտարկվում է Ադրբեջանում պետական մակարդակով տարվող և խրախուսվող հայատյացության քաղաքականության շրջանակում։ Այսինքն, կարող ենք արձանագրել, որ առաջին անգամ Եվրոպական խորհրդարանը իր բանաձևում նշում է «հայատյացություն» կամ «արմենոֆոբիա» եզրույթը։ Սա խոսում է այն մասին, որ պատգամավորների շրջանում արդեն հստակ ձևավորվել է այդ կարծիքը, նրանք շատ լավ տեղեկացված են, թե Ադրբեջանում ինչպես է պետական մակարդակով այդ քաղաքականությունը խրախուսվում և, հետևաբար, մշակութային ժառանգության ոչնչացումը դիտարկվում է նաև որպես այս քաղաքականության մի մաս»,-ասաց Հեղինե Էվինյանը։

Մյուս կարևոր դրույթը նա համարում է, որ Եվրախորհրրդարանը դատապարտում է Ադրբեջանի ծավալապաշտական և ռազմատենչ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և կոչ անում Ադրբեջանին հրաժարվել իր մաքսիմալիստական նպատակներից։

«Նաև շեշտվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը դեռևս որոշված չէ, և որ այն պետք է հստակեցվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ Ինչպես գիտենք, Ադրբեջանը շատ ակտիվ և հսկայական աշխատանք է տանում հենց այն ուղղությամբ, որ կարծիք ձևավորրվի, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս գոյություն չունի և նաև հարցի կարգավորման իրավասություն չունի»,-ասաց նա։

Մեկ այլ դրույթով բանաձևն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ իրականացնելու իր առաքելությունը և տեղում արձանագրելու իրավիճակը, և նաև խորհրդակցելու հայ մասնագետների հետ։ Այն քննադատում է Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից աշխատանքային խմբի ստեղծումը, որի նպատակը պատմության սրբագրումն է։

Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան ագրեսիվ հակազդման հետևանքով բանաձև է ներառվել նաև երկու հղում, որոնք նրանց շահերից են բխում․ մեկով նշվում է արցախյան առաջին պատերազմից հետո նաև ադրբեջանական մշակութային ժառանգության վնասման մասին, մյուսով նշվում է Աղդամ և Ֆիզուլի քաղաքների ավերման մասին։ Այս հղումները, սակայն, որևէ կերպ չեն ստվերում բանաձևի հայանպաստ ուղղվածությունը։

Բանաձևը վաղը կքվեարկի Եվրախորհրդարանը․ Հեղինե Էվինյանը քիչ հավանական է համարում, որ որևէ դրույթ հանվի, որովհետև արդեն վերջնական տեքստը համաձայնեցված է։ Սա խորհրդատվական բնույթ կրող փաստաթուղթ է, բայց ազդեցիկ լծակ հայանպաստ գործունեությունն առաջ տանելու համար։

Նիկոլ Փաշինյանի հանդիպումից Մակրոնի հետ Հայ դատի Եվրոպայի գրասենյակում ակնկալիքները մեծ չեն․ Հեղինե Էվինյանն ասաց՝ հույս ունեն չի շարունակվի համայնքում տարանջատման գծեր առաջացնելու քաղաքականությունը, որովհետև ռեսուրսներն առանց այդ էլ սահմանափակ են և չի կարելի կայացած համայնքային կառույցների հանդեպ վարել ոչ բարեկամական քաղաքականություն։ Ընդհակառակը, նշեց նա, պետք է որքան հնարավոր է համախմբել ուժերը, համադրել և պայքարել հանուն Հայաստանի Հանրապետության պետական շահի։

Աննա Բալյան

Աղբյուր՝ 

Առաջին անգամ Եվրախորհրդարանն իր բանաձևում նշում է «արմենոֆոբիա» եզրույթը․ Արցախի հուշարձանների խնդիրը նիստի օրակարգում է (arfd.am)