Մեծանուն գիտնականի 100-ամյակը նշվեց Հայաստանի ազգային գրադարանում
Մարտի 9-ին լրացավ հայ անվանի մատենագետ, լեզվաբան, գրականագետ, պրոֆեսոր, Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր (1991-1995 թթ.), Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն (1991-1995թթ.) Ռաֆայել Իշխանյանի ծննդյան 100 ամյակը:
Այս առիթով Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպվեց նրա գործունեությանն ու կյանքին վերաբերող ծավալուն զեկույց ու հրատարակված աշխատությունների, ինչպես նաև արխիվային փաստաթղթերի և հոդվածների ցուցադրությունը:
Միջոցառումը կազմակերպվել էին Ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության ու Հանրային կապերի բաժինները:
Իսկ Ցուցադրված գրականությունը տրամադրել էր Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի ընթերցասրահը, Գլխավոր գրապահոցը և Հայաստանի ազգային գրադարանի արխիվը: Միջոցառմանը ներկա էին տարբեր սերունդների ու մասնագիտությունների ներկայացուցիչներ,գրադարանային ոլորտի աշխատակիցներ և այլք:
Մեծանուն մտավորականին հանգամանաից ներկայացրեց Հայաստանի Ազգային Գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի առաջին կարգի մատենագետ Գոհար Սարգսյանը։
Բացելով միջոցառումը Գոհար Սարգսյանը նախևառաջ շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին ու ներկաներին, իսկ իր ելույթում նա նշեց. «Հարգելի՛ գործընկերներ: Ողջունում եմ Ձեզ Հայաստանի ազգային գրադարանի հյուրընկալ և հարազատ հարկի ներքո: Ականավոր գրականագետ, լեզվաբան, գրադա-րանագետ, մատենագետ, գրքագետ, աղբյուրագետ, հայ մշակույթի երախտավոր, բանա-սիրության դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի շրջանակներում ցանկանում եմ հակիրճ ներկայացնել Իշխանյանի կյանքը և գործու-նեությունը, ինչպես նաև նրա պատկառելի գիտամշակութային ժառանգությունը: Հայ մշակույթի, կրթության ու գիտության նվիրյալների կյանքի ու գործունեության համակողմանի ներկայացումն ու հավուր պատշաճի արժևորումն ունի կարևոր նշանակություն նաև ազգային ինքնության ու գաղափարախոսության ձևավորման և պահպան-ման տեսանկյունից. այս առումով կարևորվում է նաև Հայաստանի ազգային գրադարանի ազգանվեր առաքելությունը»:
Այսպիսով՝նա այնպես ներկայացրեց սիրված մտավորականին,կարծես լիներ նրա ժամանակակիցն ու գործունեության վկան՝բոլորին տեղափոխելով մեծանուն գիտնականի ստեղծագործական աշխարհ: Միջոցառումն ընթացավ հարց ու պատասխանների, քննարկման ջերմ մթնոլորտում:
Լուսանկարում՝ Մատենագետ Գոհար Սարգսյանը
Ռ. Իշխանյանը ծնվել է 1922թ. մարտի 9-ին Երևանում: 1929-1939թթ. սովորել է Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում: Նույն տարում ընդունվում է Երևանի պետա-կան համալսարանի բանասիրական ֆակուլտետը, սակայն 1940թ. հոկտեմբերին նրան զորակոչում են բանակ: Երբ 1941թ. հունիսի 22-ին սկսվում է Հայրենական մեծ պատե-րազմը, երիտասարդ զինվորը անցնում է պատերազմի ամենածանր փորձություններով:
Նա 1946թ. վերադառնում և ուսումը շարունակում է ԵՊՀ-ում, որն ավարտում է 1949թ.: Հատկանշական է, որ 1950-1954թթ. սովորել է Մոսկվայի գրադարանային ինստիտուտի հեռակա բաժնում: Համալսարանական տարիներից սկսել է աշխատել Ալ. Մյասնիկյանի անվան հանրային գրադարանում որպես պարետ, ապա ավագ գրադարանավար, ենթաբաժնի վարիչ, այնուհետև բաժնի վարիչ:
1958թ. ստեղծել է Հայ գրքի մատենագիտու-թյան բաժինը, որը ղեկավարել է մինչև 1962թ.: 1955-1962թթ. գրադարանում աշխատելուն զուգահեռ, գրադարանային-մատենագիտական առարկաներ է դասավանդել Հայաստանի հեռակա մանկավարժական ինստիտուտում: Երկար տարիներ ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտություն և հայ գրականության լեզվի պատմություն է դասավանդել ԵՊՀ-ում:
Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ակսել Բակունց» թեմայով, իսկ դոկտորականը՝ «Ակնարկներ հայ նոր գրականության լեզվի պատմության» թեմայով: Ստացել է դոցենտի, այնուհետև պրոֆեսորի կոչում:Խմբագրել է «Լուսավորիչ» լրագիրը: Նա մեծ ներդրում է ունեցել նաև Արցախի ազատագրական պայքարում: 1991թ. Հայաստանի անկախացումից հետո ընտրվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր:
Նա հայոց լեզվի մասին օրենքի նախագծի համահեղինակներից մեկն էր: Ռ.Իշխանյանը պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշանով, «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին», Խ.Աբովյանի անվան» մեդալներով: Երևանի թիվ 153 դպրոցը կրում է Ռ. Իշխան-յանի անունը: 1991-1995թթ. Իշխանյանը պաշտոնավարել է որպես Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն:
Ցավոք սիրված մտավորականը վախճանվեց 1995թ. փետրվարի 6-ին Երևանում: Իշխանյանը անուրանալի ծառայություններ է մատուցել հայոց լեզուն, խոսքը, հայ ժողովրդի պատմությունը անաղարտ պահելու գործում: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը բավականին ընդգրկուն է: Նրա հեղինակած ուսումնասիրություններն ու հոդվածները վերաբերում են հայոց լեզվին ու գրականությանը, հայոց պատմու-թյանը, ինչպես նաև քաղաքական թեմաներին, հրապարակախոսությանը և առհասարակ ազգային կյանքի զանազան իրողություններին:
Տպագրել է շուրջ վեց տասնյակ գրքեր, որոնց շարքում նաև մոտ մեկ տասնյակ գրադարանագիտական ուսումնասիրություններ, ինչպես նաև՝ գրքույկներ, ուսումնական ձեռնարկներ, հեղինակել բազմաթիվ հոդվածներ, կատարել թարգմանություններ:1993թ.-ին Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ Երևանում հրատարակվեց «Մատենագիտություն Ռաֆայել Իշխանյանի տպագիր աշխատությունների» արժեքավոր ուսումնասիրությունը, որը խմբագրել է Անահիտ Հարությունյանը: Մատենագիտության մեջ նյութերը դասակարգված են ըստ ժամանակագրական կարգի: Ընդհանուր ներառված է 772 հրատարակություն. ծավալը կազմում է 59 էջ:
Գարիկ Ավետիսյան
Երեւան
Լուսանկարները Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուկյան էջի