Լուսանկարում՝ Հայ հոգեւորականների խմբին ընդունել է կարդինալ Դուկան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ մարտի 5-ին Պրահայի Օլիմպիկ հյուրանոցում իր աշխատանքը սկսեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման՝ ՀԵՀԵՄ Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակության տարծաշրջանային ֆորումը՝ մասնակցությամբ եվրոպական 10 երկրների 40 ից ավելի երիտասարդների եւ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների։
Բացմանը ներկա էին ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը ԱՄՆ-ից, Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը Վիեննայից , Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը Բուխարեստից, Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբէ եպիսկոպոս Իսախանյանը Քյոլնից, ինչպես նաեւ Եվրոպայի տարբեր թեմերի հոգեւոր հովիվներ Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը Շվեդիայից, Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը Դանիայի եւ Նորվեգիայի, Շվեդիայի հարավային շրջանի հովվությունից, քահանա Գաբրիելյանը Գերմանիայի Հեսսեն երկամասից եւ Մայնց քաղաքից։ Բնականաբար ֆորումին ներկա էին նաեւ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն՝ Հոգեշնորհ Տեր Թովմա վրդ․ Խաչատրյանը եւ Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։
Ի դեպ, այսօր առավոտյան հայ հոգեւորականների խմբին ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան։
Երիտասարդներ էին ժամանել Ֆրանսիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Դանիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Լատվիայից, Ռումինիայից, Շվեյցարիայից, ինչպես նաեւ ներկա էին Չեխիայի ներկայացուցիչները։
Լուսանկարում՝ ձախից աջ Տաթեւ սրբազանը, Հովնան Սրբազանը, Տիրան Սրբազանը, Սերովբէ Սրբազանը, Հայր Բարսեղը
Հանդիպումը ողջույնի խոսքով բացեց եւ ներկաներին շնորհակալություն հայտնեց Տիրան Սրբազանը՝ ընթերցելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը։ Վեհափառը հաջողություն էր մաղթել ֆորումի աշխատանքներին եւ հույս հայտնել, որ այս տարի հուլիսին ՀԵՀԵՄ անդամները ուխտագնացության կմեկնեն Հայաստան։
Այնուհետեւ ՀԵՀԵՄ հոգեւոր առաջնորդ Հովնան Սրբազանը, որը դեռեւս 20 տարի առաջ եղել է այս կառույցի հիմնադիրը, ողջունելով ներկաներին՝ իր խոսքում բացատրեց ՀԵՀԵՄ առեքելության իմաստը, ոգեւորեց ներկա երիտասարդներին եւ կոչ արեց ազատ արտահայտել մտքերը եւ իրականացնել նախանշած ծրագրերը։ Նշելով, որ եկեղեցին ամբողջական ծառայություն է պահանջում, հետեւաբար պետք է լինել ոչ թե եկեղեցու կողքին, այլ եկեղեցու մեջ։ Նրա ասելով , ՀԵՀԵՄը յուրատեսակ կամուրջ պետք է դառնա Հայրենիքի եւ սփյուռքի հարարբերություններում, եւ հատկապես երիտասարդ սերունդը պետք է առաջնորդվի ազգային արժեքներով ու գաղափարներով, առաջ տանելով նաեւ Աստծո խոսքի քարոզչությունը։
Այնուհետեւ ներկաներին ողջունեցին եւ հաջող ընթացք մաղթեցին նաեւ Տաթեւ Սրբազանը, ինչպես նաեւ Սերովբէ Սրբազանը, ովքեր Պրահա էին ժամանել Բրյուսելից, ուր ղեկավարել էին ՀԵՀԵՄ շրջանային այլ ֆորումի աշխատանքները։
Ներկաներին ողջունեց նաեւ Պրահայի ֆորումի կազմակերպչական պատասխանատու, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։
Այնուհետեւ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման՝ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն՝ Հոգեշնորհ Տեր Թովմա վրդ․ Խաչատրյանը ներկայացրեց կառույցի ծրագրերն ու կազմակերպչական աշխատանքների ընթացքը, որին հետեւեց գրասենյակի ծրագրերի պատասխանատու՝ Անգելինա Ալեքսանյանի առցանց ելույթը Հայաստանից։ Վերջինս ներկայացրեց երիտասարդության անելիքները, երիտասարդական աշխատանքի էությունը, նպատակներն ու խնդիրները։
Ֆորումի հաջորդ նիստում հինգ սեղանների շուրջ հավաքված 40 երիտասարդները սկսեցին քննարկումները օրակարգում նշված հարցերի շուրջ։ Վաղը դրանք կամփոփվեն եւ կներկայացվեն արդյունքները։
Վաղը՝ մարտի 6-ին ժամը 13-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում հայ հոգեւորականների մասնակցությամբ տեղի կունենա ժամերգություն։
ORER.EU
Շվեդիայի, Գերմանիայի եւ Դանիայի հոգեւոր հովիվները` Տեր Վաղարշը, Տեր Գնելը, Տեր Ստեփանոսը
Տիրան Սրբազանն ընթերցում է Վեհափառ Հայրապետի ուղերձը
Հովնան Սրսազանը ելույթի պահին
Հայր Բարսեղը ելույթի պահին
Հայր Թովման ներկայացնում է ՀԵՀԵՍ առաքելությունը եւ ծրագրերը