Այսօր լրանում է համաշխարհային կինոյի լեգենդ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 84-րդ ամյակը։ Փելեշյանի դերն ու տեղը կինոարվեստի ու կինոարտադրության մեջ անգնահատելի է։ Վարպետին նվիրված ՕՐԵՐ-ի հատուկ թղթածրարը կներկայացնենք մեր ընթերցողին, առայժմ հրապարակելով միայն ամսագրի շապիկը։ Այս համարում զետեղված նրա գրքերին նվիրված մեր գրախոսականից զատ, առաջին անգամ հարցազրույց ենք հրապարակում 50-ից ավելի տարիների նրա կյանքի ուղեկցի՝ տիկին Աիդա Գալստյան Փելեշյանի հետ, նաեւ նրա մասին ֆիլմեր նկարահանած կինոռեժիսորներ Հրանտ Վարդանյանի եւ Հայկ Օրդյանի հետ հարցազրույցների միջոցով բացահայտում ենք Փելեշյան Մարդուն, կինոգործչին, իր հայրենիքի ու գործի նվիրյալին։
Այսօր՝ փետրվարի 22-ի երեկոյան Փարիզի Christine Cinéma Club կինոթատրոնում տեղի կունենա «Կարտիե» հիմնադրամի կազմակերպած տոնական երեկոն, որի ընթացքում կցուցադրվի Վարպետի վերջին՝ «Բնություն» ֆիլմը, որի հովանավորներից էր նաեւ այս հիմնադրամը։ Ֆիլմը եւ օրվա հերոսին կներկայացնի «Կարտիե» հիմնադրամի նախագահ Հերվ Չանդեսը։ Երեկոյին ներկա կգտնվի նաեւ Արտավազդ Փելեշյանը՝ տիկնոջ հետ, կպատասխանի ներկաների հարցերին։ Միջոցառման ավարտից հետո կնշվի վարպետի տարեդարձը։
Տեղեկացնենք նաեւ, որ մարտի առաջին օրերին վարպետի ներկայությամբ ֆիլմը կցուցարդի նաեւ Մոսկվայում՝ Համամիութենական կինոինստիտուտում՝ ՎԳԻԿ-ում, որի փայլուն շրջանավարտներից մեկն է Արտավազդ Փելեշյանը։
Տարեդարձի առիթով ջերմորեն շնորհավորում ենք սիրելի Վարպետին եւ մաղթում առողջություն, բոլոր նախաձեռնած ծրագրերի իրականացում։ Իսկ դրանք շուտով հայտնի կդառնան նաեւ մեր ընթերցողներին։
orer.eu
Արտավազդ Փելեշյանը եւ տիկին Աիդան Պրահայում 2015 թվականին
Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի. Հակոբ Ասատրյանի