2022թ. փետրվարի 22-ը նշանակալի տարեդարձ է ՀԲԸՄ-ի և իր մեծարգո առաջնորդ Պերճ Սեդրակյանի համար, ով 20 տարի առաջ ստանձնեց աշխարհի ամենախոշոր հայկական հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնը։
Հետահայաց գցելով պրն․ Սեդրակյանի նախագահության երկու տասնամյակներին, որոնք հաջորդել են կենտրոնական վարչության անդամության 25 տարիներին, կարող ենք միանշանակ ասել, որ նա իր դերակատարությունը ՀԲԸՄ պատմության մեջ ամրագրել է որպես ոգեշնչված աշխատանքի հզոր մարմնացում և նախաձեռնող հայ, ում նվիրական ծառայությունները մեր կազմակերպությանը առավելապես խոսում են իր առաքելության, այլ ոչ՝ սոսկ ընտրության մասին։
Նրանք, ովքեր պատիվ են ունեցել ճանաչելու և աշխատելու իր հետ աշխարհով սփռված մեկդարյա կազմակերպության կառավարման դժվարին գործի ընթացքում, նշում են, որ չնայած իր անձնական հաջողություններին և աշխատանքային մեծ վաստակին, իր կյանքի նպատակը, այնուամենայնիվ, բյուրեղացած է ՀԲԸՄ առաքելության մեջ։
Լինելով ՀԲԸՄ հիմնադիրների դավանած «միությունը զորություն է» հավատամքի նվիրված ջատագովը՝ պրն. Սեդրակյանը ընդհանուր նպատակների և տեսլականի, տարբեր սերունդների և աշխարհայացքների կամրջման միջոցով հայ ազգի հզորացմանն ուղղված ուղիների մշտական փնտրտուքի մեջ է։ Այս նպատակով նա վճռական քայլեր է ձեռնարկել խորացնելու մեր ներկայությունն ու ազդեցությունը Հայաստանում և Արցախում, մշտապես պնդելով, որ սփյուռքի և հայրենիքի ճակատագրերը միահյուսված են։ Նա նաև վճռական է հայ ժողովրդի կյանքում հիմնաքարային դեր ունեցող Հայ առաքելական եկեղեցուն աջակցելու և զորակցելու գործում։ Նա առաջնորդել է շատ նախաձեռնություններ՝ պահպանելու և առաջ մղելու եկեղեցու դերը ու նշանակությունը հայկական հարցերում և հայ ժողովրդի կյանքում՝ թե՛ պատմական թե՛ հոգևոր առումներով։
Օժտված լինելով բնածին առաջնորդական հատկանիշներով՝ պրն․ Սեդրակյանը մեծ եռանդով աջակցել է մեր երիտասարդների անձնական և մասնագիտական զարգացմանը։ Լինելով ՀԲԸՄ կենտրոնական վարչության պատմության ամենաերիտասարդ անդամներից մեկը՝ նա իր ուժերի ներածին չափով նպաստել է, որպեսզի հայկական աշխարհը իր շարքերում ունենա լավ պատրաստված և անհրաժեշտ հմտություններ ու վստահություն ունեցող առաջնորդներ, որոնք կծառայեն իրենց համայնքներին, ինչպես ինքն է անձամբ արել։
Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր, պրն. Սեդրակյանը առերեսվել է գլոբալիզացիայի և աշխարհաքաղաքականության բարդ մարտահրավերներին՝ միևնույն ժամանակ նպաստելով մեր պատկերացումների զարգացմանը, թե ինչպես պետք է հայերին ներգրավել այնպիսի գործերում, որոնց միջոցով նրանք կհարստացնեն իրենց իսկ ինքնությունը, կարժևորեն ստացած ժառանգությունը և կծառայեն հայ ժողովրդին։ Անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում պրն. Սեդրակյանը միշտ նախընտրում է անձամբ շփվել կազմակերպության անդամների և շահառուների աշխարհասփյուռ ցանցի հետ։ Այցելելով տարբեր համայնքներ և լինելով իրենց իսկ միջավայրում՝ նա առավել արդյունավետ է գնահատում առկա առաջնահերթությունները և ըստ այդմ համակարգում մեր ռեսուրսները, որպեսզի ցուցաբերվի հավասարապես արդար մոտեցում և իրականացվեն անհրաժեշտ գործողություններ՝ նրանց կյանքը վերափոխելու նպատակով։ Արդյունքում, մեր 60 մասնաճյուղերը և շրջանակային հանձնախմբերը շարունակում են ծաղկել որպես հայկական ինքնության կենտրոններ, հայկական մշակույթի շարժիչ ուժեր, որոնք նաև առաջինն են օգնության հասնում, երբ ճգնաժամերը կամ աղետները սպառնում են անհատներին և ընտանիքներին։
Լինելով միշտ պատրաստ կարիքի ժամանակ իր ուսերին տանելու ծանր բեռը՝ պրն. Սեդրակյանը մեզ առաջնորդել է լրջագույն ճգնաժամերի ժամանակ, որոնք վերաբերում էին հայերին Սիրիայում, Հայաստանում, Արցախում, Լիբանանում և այլուր։ Միշտ հնարամիտ և լայնախոհ՝ նա աշխարհի առաջնորդների հետ քննարկել է մեր ժողովրդի շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը և համախմբել հայերին միջազգային դրամահավաքների ժամանակ, որոնց ընթացքում հաճախ ընդամենը մի քանի օրում հավաքվում են բազմամիլիոնանոց նվիրատվություններ։ Սա մեզ հնարավորություն է տվել իսկույն ապահովել մեր տեղական մասնաճյուղերը և կամավորներին հրատապ օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ միջոցներով։
Եվ այսօր մենք ցանկանում ենք քեզ հայտնել մեր խորը երախտիքի խոսքը, Պե՛րճ, քո համարձակ մտածողության, սկզբունքայնության և մարտահրավերների ու հնարավորությունների հստակ պատկերացման համար, որոնք իրենց ուրույն ազդեցությունը ունեն աշխարհում ապրող հայերի առաջընթացին ուղղված մեր ռազմավարությունների և լուծումների վրա։ Աշխարհի վերաբերյալ ունեցած քո խորը պատկերացումներով և նախորդների թողած ժառանգության արժևորմամբ՝ դու եկել ես այս կազմակերպություն ճիշտ ժամանակին՝ որպես ճիշտ առաջնորդ՝ առաջնորդելու այն դեպի նոր և աներևակայելի բարձունքներ։
Մենք անկեղծ սրտով երախտապարտ ենք քեզ այս վեհ առաքելության շուրջ մեզ միավորելու և քո ժամանակը ու կյանքի լավագույն տարիների ընթացքում կուտակած իմաստությունը և մոտեցումները մեզ հետ կիսելու համար։ Մենք նաև ցանկանում ենք երախտագիտություն հայտնել քո անցած ճանապարհի հավատարիմ ընկերոջը՝ Վերա Սեդրակյանին, ում հետ երկար տարիներ առաջ սկսել եք ձեր համատեղ ուղին՝ որպես ՀԲԸՄ նվիրյալներ։
Կրկին շնորհավորում ենք քո կյանքի և մեր կազմակերպության պատմության այս նշանակալի իրադարձության առթիվ։
Հրապարակված է երախտագիտությամբ
ՀԲԸՄ Կենտրոնական վարչության կողմից
22 փետրվար 2022թ․
ՕՐԵՐ-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում արգասաբեր գործունեություն։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա:
ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել՝ www.agbu.org: