Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

63 տարեկանում Երեւանում կոկորդի քաղցկեղից մահացել է անվանի երգիչ, երգահան, Երգի պետական թատրոնի հիմնադիր ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ Նա ծնվել է ծնվել է 1958թ. հուլիսի 31-ին Երևանում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով հայտնել է անվանի երաժշտի մահվան լուրը եւ տեղեկացրել, որ 
Ա. Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով:

Արթուր Գրիգորյանը 1975-79 թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:  1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում։ 1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1985-1988 թվականներին եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ։ 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։

1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։

2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։

1996 թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005 թ.` Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, 2008 թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 2003 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011 թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոններ, թեմատիկ և էստրադային համերգներ:


ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:

ՕՐԵՐի խմբագրակազմը ցավակցում է անվանի երաժիշտի հարազատներին ու բարեկամներին։ 

orer.eu