Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Պարզապես զարմանալի է, որ ամեն անգամ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ բան է ասում, նա մի նոր ու ավելի կոպիտ սխալ է թույլ տալիս։ Սրանում համոզվելու համար ընդամենը պետք է հետևել նրա ելույթներին, մամուլի ասուլիսներին, հակասական հայտարարություններին Հայաստանի խորհրդարանում, ֆեյսբուքյան գրառումներին, սխալ որոշումներին և անորակ նշանակումներին։ Իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ թվում է՝ նա դասեր չի քաղում իր սխալներից։ Փաշինյանը ոչ գիտակցում է, ոչ էլ ընդունում իր սխալները։ Նա կարծես անուղղելի է։

2022 թվականի հունվարի 24-ին վարչապետը տվեց իր այսպես կոչված մամուլի ասուլիսներից մեկը, որին ներկա չէր ոչ մի լրագրող՝ հարցեր տալու և նրա  խեղաթյուրումները վիճարկելու համար: Դա վատ կազմակերպված շոու էր՝ հանրությանը մոլորեցնելու համար: Մի երիտասարդ օրիորդ կարդում էր իբր լրատվամիջոցների ուղարկած հարցերը։ Երբ ավելի ուշ լրագրողներից մեկը դժգոհեց իր հարցն աղավաղված ձևով հնչեցնելու համար, օրիորդն անկեղծորեն խոստովանեց, որ պարզապես կարդացել է վարչապետի օգնականների կողմից իրեն փոխանցված հարցերը։

Վարչապետի ամենակոպիտ սխալներից էր նրա պատասխանը՝ Թուրքիայի հանդեպ հայկական պատմական պահանջների մասին հարցին։ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել։ Երբե՛ք»։ Ես լրջորեն կասկածում եմ, որ նա գիտի «Հայ դատի» իմաստը։ Նրա մեկնաբանությունը չի տարբերվում նրանից, թե ինչ կասեր որևէ թուրք պաշտոնյա։ Ամոթալի է, որ 1915-1923 թվականներին հայերի դեմ իրականացված սարսափելի ցեղասպանությունից հետո, երբ սպանվեցին 1․5 միլիոն անմեղ տղամարդիկ, կանայք ու երեխաներ և յուրացվեց նրանց պատմական հայրենիքը, վարչապետն այդպես անփութորեն մերժում է հայերի արդարացի պահանջները և վարվում այնպես, կարծես թե ոչինչ չի եղել։ Սա հենց այն է, ինչ ուզում են թուրք ղեկավարները, որ հայերը մոռանան անցյալը և հրաժարվեն իրենց պահանջներից:

Ավելին, վարչապետը կեղծորեն հայտարարեց, որ նախագահ «Ռոբերտ Քոչարյանը 2005 թվականին հրապարակային հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ ու տարածքային հավակնություններ չունի»։ Հիշում եմ, որ 2005 թվականի ապրիլին ես մի հոդված գրեցի Քոչարյանի հայտարարության մասին, երբ Երևանի պետական ​​համալսարանի մի ուսանող հարցրեց նրան Թուրքիայից  Հայաստանի հողային  պահանջների մասին։ Քոչարյանը զգուշությամբ պատասխանեց. «Այս հարցով պետք է զբաղվի ապագա նախագահը»: Հասկանալի է, որ այն ժամանակ, երբ Հայաստանն ամբողջովին զբաղված էր Ադրբեջանի հետ Արցախի շուրջ հակամարտության լուծմամբ, Հայաստանին ձեռնտու չէր Թուրքիայի հետ երկրորդ ճակատ բացել հայկական տարածքների շուրջ։ Քոչարյանը չի ասել, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից։ Նա պարզապես ասել է, որ այդ հարցի լուծումը պետք է քննարկվի ավելի ուշ։ Ամոթալի է, որ վարչապետ Փաշինյանը կրկնել է այն, ինչ կեղծորեն հաղորդել են թուրքական լրատվամիջոցները, այլ ոչ թե այն, ինչ իրականում ասել է Հայաստանի երկրորդ նախագահը։

Մի խեղաթյուրումից անցնելով մյուսին՝ Փաշինյանը կեղծորեն հավելեց, որ նախագահ «Սերժ Սարգսյանը հղում է արել Քոչարյանի հայտարարությանը»։ Ես չեմ հիշում, որ Սարգսյանը նման հղում արած լինի։ Փաշինյանը շարունակեց՝ հայտարարելով, որ «Հայաստանը երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել: Դուք չեք գտնի Հայաստանի որևէ ղեկավար կամ կառավարություն, որը կասկածի տակ է դրել հայ-թուրքական սահմանը: Մենք այս քաղաքականությունից չենք հրաժարվելու»։ Իրականում, մինչև Փաշինյանը, Հայաստանի ոչ մի նախագահ կամ կառավարություն չի ընդունել հայ-թուրքական ներկայիս սահմանը և չի հայտարարել, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին հարցին՝ վարչապետ Փաշինյանը սխալմամբ հայտարարեց. «Մենք պետք է արձանագրենք, որ ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը, շարժիչ ուժը միշտ էլ եղել է Սփյուռքը և Սփյուռքի կազմակերպությունները»։ Սա հենց այն է, ինչ թուրքական կառավարությունը կցանկանար, որ ասեր Հայաստանի ղեկավարը։ Վարչապետի հայտարարության մեջ մի շարք սխալներ կան.

1) Փաշինյանը հերթական անգամ պառակտում է Սփյուռքը Հայաստանից։

2) Հայոց ցեղասպանությունը բացառապես Սփյուռքի խնդիրը չէ։ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն այսօր կազմում են Հայաստանի բնակչության ավելի քան մեկ երրորդը։ Այդ իսկ պատճառով ամեն տարի ապրիլի 24-ին ավելի քան մեկ միլիոն հայ երթով շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշարձանը Երևանում:

3) Հայաստանի նախորդ բոլոր իշխանությունները հետամուտ են եղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Փաստորեն, 1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի Անկախության հռչակագրում ասվում էր՝ «գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում», այն հռչակել է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Հատկանշական է, որ Հռչակագրում օգտագործվել է «Արևմտյան Հայաստան» անվանումը, որից վարչապետը այժմ հրաժարվում է։ Ավելի ուշ, Հայաստանի Սահմանադրության մեջ հղում է արվել Անկախության հռչակագրին։

4) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը համահայկական խնդիր է, որը վերաբերում է թե՛ Սփյուռքին, թե՛ Հայաստանին։ Ուստի պետք է աշխատանքի համակարգված բաժանում լինի Սփյուռքի և Հայաստանի իշխանության միջև։ Այն, ինչ կարող է անել Սփյուռքը, տարբերվում է նրանից, թե ինչ կարող է անել Հայաստանի  կառավարությունը և հակառակը։

Վարչապետը նաև բազմաթիվ այլ խեղաթյուրումներ արեց ավելի քան երկու ժամ տևած իր այսպես կոչված մամուլի ասուլիսում։ Այնուամենայնիվ, նրա բոլոր խեղաթյուրումները բացահայտելու համար ոչ թե պարզապես հոդված պետք է գրել, այլ մի ամբողջ գիրք:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի