Լոս Անջելեսի քաղաքապետի միջազգային հարցերով տեղակալ Նինա Հաչիգյանը /Խաչիկյանը-Nina Hachigian/ նշանակվել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության Քաղաքականության խորհրդի անդամ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը, նշելով, որ խորհրդի անդամ են նաև Մադլին Օլբրայթը և Հենրի Քիսինջերը: Այս մասին հայտնում է hy.armradio.am-ը։
«Համագումարը շնորհավորում է դեսպան Հաչիգյանին այս հեղինակավոր նշանակման կապակցությամբ: Հաշվի առնելով դեսպանի տասնամյակների փորձառությունը, կասկած չունենք, որ նա կծառայի պատվով», — ասել են համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:
2014-2017 թվականներին դեսպան Հաչիգյանը ծառայել է որպես ԱՄՆ երկրորդ դեսպան Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում (ASEAN): Իր ծառայության համար նա արժանացել է Պետդեպարտամենտի Գերագույն Պատվո մրցանակի։
2012 թվականին նա Օբամայի նախընտրական քարոզչության ասիական քաղաքականության համանախագահն է եղել։ Դրանից առաջ դեսպան Հաչիգյանը չորս տարի ղեկավարել է RAND Ասիական-Խաղաղօվկիանոսյան քաղաքականության կենտրոնը։
1998-1999 թվականներին՝ Քլինթոնի նախագահության տարիներին, նա ընդգրկված է եղել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում։