ԵԽԽՎ-ում Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւի մասին տարբեր կարծիքներ են տարածվել։ Ներկայացնում ենք Հայկական պատվիրակության ղեկավար, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի եւ պատվիրակության անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավոր Հայկ Մամիջանյանի կարծիքները, որոնք հրապարակվել են իրենց ֆեյսբուքյան էջերում։
Ruben Rubinyan Ռուբեն Ռուբինյան.
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը
Բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվեցին, ադրբեջանական պատվիրակության բոլոր առաջարկածները՝ մերժվեցին:
Քննարկման ընթացքում համազեկուցողները և մյուս ելույթ ունեցողները շատ բարձր գնահատեցին Հայաստանի ընտրած ժողովրդավարական ճանապարհն ու բարեփոխումները:
Բանաձևը հիմնականում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի արդյունքում արձանագրված ձեռքբերումներին, ապագայում իրականացվելիք քայլերին, ընտրական բարեփոխումներին, հակակշիռների մեխանիզմներին, դատաիրավական բարեփոխումներին, երկրում տիրող քաղաքական ընդհանուր մթնոլորտին, լրատվամիջոցների հետ կապված իրավիճակին, ինչպես նաև քաղաքական դաշտում ժողովրդավարական մշակույթի ամրապնդման խնդրին:
Ի թիվս այլ կետերի,
Բանաձևը բարձր է գնահատել 2018 թ-ին քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունավետ հանգուցալուծումը, որը հաղթահարվեց 2021 թ. հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ:
Վեհաժողովը գովասանքի է արժանացրել 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից։ Չնայած լարված հետպատերազմյան մթնոլորտին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ժողովրդավարական։ Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը։
Բանաձևը ողջունել է բարեփոխումների և նոր նախագծերի հետամուտ իրականացումը, որոնց մեկնարկը տրվել է 2018թ․ հեղափոխությունից հետո, ինչպես նաև բարձր գնահատել Հայաստանի համագործակցությունը ԵԽ-ի հետ, վերջին ժամանակաշրջանում ԵԽ մի շարք կոնվենցիաների վավերացումը, ինչպես նաև Քրեական նոր օրենսգրքի և Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որոնք ավելի համահունչ են եվրոպական չափանիշներին, քան նախորդ օրենսգրքերը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 2020թ․ 44-օրյա պատերազմին՝ Վեհաժողովը նշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները, վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, նշել ատելության խոսքի և գործողությունների անդընդունելի լինելը։ Վեհաժողովը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհարաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական և օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները։
Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը կոչ է արել կողմերին համագործակցել միմյանց հետ: Միևնույն ժամանակ՝ Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել Հայաստանում հակակշիռների և զսպումների գործող արդյունավետ համակարգին:
Վեհաժողովը կոչ է արել շարունակել դատական բարեփոխումների իրականացումը: Նաև ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը:
Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները:
Hayk Mamijanyan/ Հայկ Մամիջանյան
Այն փաստը, որ Արցախը հանձնողների խունտան իմ դեմ լայնածավալ արշավ է սկսել ցույց է տալիս, որ ամեն բան ճիշտ եմ անում:
Իսկ հիմա զեկույցի մասին:
Մի շփոթեք «նիկոլանպաստ» և «հայանպաստ» բառերը:
Զեկույցը վերաբերվում էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և որևէ կերպ չի վերաբերվում Արցախին կամ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Զեկույցում որևէ խոսք չկա մեր երկրում իրականացվող հակաօրինական գործընթացների մասին՝ դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի և ԲԴԽ-ի զավթում, քաղաքական բանտարկյալներ, մամուլի նկատմամբ բռնաճնշումներ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ ընտրություններ, բռնության կոչեր, ոստիկանապետության հաստատում և այլն:
Ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր զեկույցի մեջ ներառել իրենց քարոզչական թեզերը: Թե ինչ եմ արել ես դրա դեմ՝ հարցրեք Ռուբեն Ռուբինյանին (ադրբեջնական որևէ առաջարկ չի ընդունվել): Բացի դրանից՝ կայքում զետեղված է իմ ելույթի տեքստը, որում խոսվում է թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունների նկատմամբ Եվրոպայի անգործության մասին (հղումը՝ մեկնաբանությունում):
Ինչպես էի ես նայելու Աշոտ Երկաթի և մյուս քաղաքական բանտարկյալների, ճնշումների և ատելության խոսքի տարափի տակ պայքարող իմ ընկերների ու ճշմարտությունը բարձրաձայնող լրագրողների աչքերին, եթե կողմ քվեարկեի Հայաստանը ժողովրդավարության բաստիոն ներկայացնող սուտ զեկույցին:
Նման բան կարող էին անել այն երեսպաշտ դավաճանները, որոնք ադրբեջանական քարոզ են տարածում Հայաստանում, ադրբեջանական բանակցային թեզեր են առաջ տանում, կուլ են տալիս հակահայկական հայտարարությունները, բայց կեղծ ժողովրդավարության բրենդի առաջխաղացման և սեփական կաշին/աթոռը փրկելու համար ամենի պատրաստ են:
Ես այդպիսին երբեք չեմ դառնալու:
Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում ոտնահարվում է ժողովրդավարությունը, ու պատրաստ եմ ևս 100 անգամ դեմ քվեարկել այդ կեղծ զեկույցին: Այս զեկույցը Նիկոլ Փաշինյանի իշանությունն ամրապնդելուն էր միտված, իսկ Արցախի ու Հայաստանի ապագան վտանգված է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություն կոչեցյալների համար աթոռը հայրենիքից թանկ է: