ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ - ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՕՐՐԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՐԴՆ ՈՒ ՏԵՐԸ
Հայկական հարցը դեռևս լուծված չէ, հայ ժողովուրդը դեռևս չի իրականացրել հայրենիքում համախմբվելու և իր բնօրրանում ապրելու իր բնական իրավունքը։
Հայ ժողովուրդն է իր հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի ժառանգորդը, նա է իր պատմական հայրենիքի ու նրա վրա իր կողմից ստեղծած բոլոր նյութական ու հոգևոր արժեքների միակ տերը։
Աստծո ու բնության կողմից հայ ժողովրդին տրված հայրենիքը հավերժ է, այն հազարամյակներով կերտվել է հայերի մտքով ու ձեռքով և վեր է քաղաքական հանգամանքների փոփոխություններից, կախված չէ որևէ պատերազմի կամ ճակատամարտի արդյունքից, անսակարկելի է և աշխարհում որևէ ուժի իրավունք չի տրված մտածածին նոր քարտեզներով վերաձևելու Հայաստան աշխարհի սահմանները։
Ինչպես որևէ հայ նախագահի, վարչապետի, որևէ հայկական իշխանության, այնպես էլ որևէ ռուսի, թուրքի կամ այլ ազգի իրավունքը չէ որոշելու հայոց հայրենիքի բնական սահմանների անգամ մեկ սանտիմետրի ճակատագիրը։
Հայոց հայրենիքի, նրա սահմանների, հայ ժողովրդի բնակության վայրերի, ազգային անվտանգության ու հայոց պետության հետագա ընթացքի հարցերը կարող են որոշվել միմիայն հայ ժողովրդի մեծամասնության կողմից գրավոր տրված համաձայնությամբ՝ համազգային հանրաքվեի արդյունքում։ Առանց Մայր Հայաստանի և Սփյուռքի հայերի մեծամասնության որոշման, վերոհիշյալ հարցերի լուծման որևէ այլ ձևաչափ անօրեն է ու զուրկ է իրավական ուժից։ Որևէ հայ պաշտոնյա լիազորված չէ առանց համազգային հանրաքվեի վավերացված արդյունքի, ստորագրել այս հարցերն արծարծող որևէ փաստաթղթ։ Կարող են անցնել հարյուրավոր կամ հազարավոր տարիներ, կարող են լինել հայկական օրվա կառավարություններին բռնությամբ պարտադրված պայմանագրեր, ինչպիսիք են 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության բռնի բոլշևիզացման փաստաթուղթը, 1921թ․ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ ստորագրված կապիտուլացիան և այլ անօրեն փաստաթղթեր, միևնույնն է, Հայաստանի՝ հայերի պատմական բնօրրանի ժառանգորդն ու տերը մնալու է ինքը՝ հայ ժողովուրդը։
Բռնությամբ պարտադրված այդպիսի ցանկացած պայմանագիր, լինեն վերոհիշյալները, թե նոր ծրագրվողները, հայ ժողովրդի մեծամասնության կողմից երբեք չեն ընդունվի, միշտ կմերժվեն ու կճանաչվեն անվավեր։
Հարգանքներով՝
Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միություն – 1860
Նախագահ՝ Ազատ Օրդուխանյան
Գերմանիա, Բոխում, 28․01․2022թ․