Հայաստանի ԱԳ նախարարի և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հանդիպումը
Հունվարի 26-ին պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Պատգամավորների պալատում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։
Արարատ Միրզոյանը և Ֆերնան Էտգենը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակում։ Կողմերն ընդգծել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև կապերի սերտացման և միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես՝ ԵԽԽՎ շրջանակներում, օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման ու ընդլայնման կարևորությունը։
Զրուցակիցները անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ համաձայնագրի շրջանակներում հետևողականորեն զարգացնելու ԵՄ հետ համագործակցությունը՝ այս առումով կարևորելով նաև Լյուքսեմբուրգի աջակցությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում Պատգամավորների պալատի կողմից բանաձևերի ընդունման համար՝ ի սատարումն Արցախի հայության և նրանց իրավունքների պաշտպանության և պատերազմի հետևանքների վերացման։ Նախարարը նաև բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի օրենսդիր և գործադիր իշխանությունների դիրքորոշումը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտության առնչությամբ։
Տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների, տարածաշրջանային և արտատարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։
Նույն օրը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ:
Երկու երկրների ԱԳ նախարարները բարձր են գնահատել ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում համագործակցությունը: Արարատ Միրզոյանը և Ժան Ասելբորնը պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը:
Ընդգծվել է, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարարի՝ երկկողմ համագործակցության պատմության ընթացքում առաջին պաշտոնական այցը որպես նոր խթան կծառայի փոխգործակցության՝ դեռևս չօգտագործված ներուժի իրացման համար։
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման շուրջ, և այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը, մասնավորապես՝ հայ-լյուքսեմբուրգյան բարեկամական խմբերի միջոցով:
Նախարարները գոհունակությամբ են նշել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԽ, ԵԱՀԿ, ՄԱԿ շրջանակներում արդյունավետ համագործակցության փորձը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել՝ ամրապնդելու բազմակողմ մակարդակում սերտ համագործակցությունը:
Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների լուծման շուրջ: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից Լյուքսեմբուրգի հստակ դիրքորոշման, այդ թվում՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձևի ընդունման համար:
Երկուստեք շեշտվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացին։ Ընդգծվել է տարածաշրջանի պետությունների միջև փոխգործակցության հաստատման և կայուն զարգացման համար նախադրյալների ստեղծման կարևորությունը։
orer.eu