2022թ. հունվարի 18-25-ը Բուխարեստում տեղի ունեցավ ամենամյա էկումենիկ աղոթք՝ «Աղոթքի շաբաթ քրիստոնյաների միասնության համար» վերտառությամբ: Որպես կարգախոս և նշանաբան այս տարի ընտրված էր Սուրբգրային հետևյալ համարը. «Նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու» (Մատթ. 2. 2):
Էկումենիկ աղոթքին մասնակցում էին Ռումանիոյ հայոց թեմը՝ ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, Ռումին Ուղղափառ եկեղեցին, Հունա-Կաթոլիկ, Ռոմանո-Կաթոլիկ, Գերմանիայի Լութերական Ավետարանական, Հունգար Լութերական, Հունգար Կալվին Բողոքական եկեղեցիները:
Էկումենիկ աղոթքի շաբաթը բաժանված է հետևյալ ընթացակարգով՝
Հունվարի 18 - միասնական աղոթք Ռոմանո-Կաթոլիկ եկեղեցում, հունվարի 19 – Կալվին Բողոքական եկեղեցում, հունվարի 20 – միասնական աղոթք Հայ Առաքելական առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, հունվարի 21 – Գերմանիայի Լութերական Ավետարանական եկեղեցում, հունվար 22 – Հունա-Կաթոլիկ եկեղեցում, հունվարի 23 – աղոթք բոլոր եկեղեցիներում, հունվարի 24 – Հունգար Լութերական եկեղեցում, հունվար 25 – Ռումին Ուղղափառ եկեղեցում:
Հունվարի 20-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Հայոց Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, որին ներկա էին Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք, Նորին Սրբություն Դանիելի ներկայացուցիչ, գերշ. Իերոնիմ եպիսկոպոս Սինայիտուլը, Ռոմանո-Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Կորնել եպիսկոպոս Դամիանը, Հունա-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս գերշ. Միխայ Ֆրացիլը, Գերմանական Լութերական եկեղեցու փոխառաջնորդ գերշ. Դանիել եպիսկոպոս Զիկելլին, Հունգար Կալվին Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ Զսոլդ քահանա Բելլոն, Հունգար Լութերական եկեղեցու ներկայացուցիչ Մարտոն քահանա Իլիեսը, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչ քահանաներ ու հավատացյալներ, տաճարական ասպետներ, Ռումինիայի Կրոնից նախարար տիար վիկտոր Օպասքին, Վատիկանի ներկայացուցիչ Մարիո քահանա Կոդամոն, Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը: Խոսքով հանդես եկան Գերմանական Լութերական եկեղեցու փոխառաջնորդ գերշ. Դանիել եպիսկոպոս Զիկելլին, Կրոնից նախարար տիար Վիկտոր Օպասքին, թեմակալ առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:
Հունվարի 22-ին միասնական աղոթք տեղի ունեցավ Հունա-Կաթոլիկ եկեղեցում, ուր խոսքով հանդես գալու իրավունքը վերապահված էր Հայ Եկեղեցուն՝ ի դեմս Ռումինիայի հայոց թեմի: Սրբազան Հայրն իր խոսքում մասնավորապես նշում էր. «Գոհություն և փառք ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ այս տարի ևս առիթ և հնարավորություն ընձեռեց համախմբվելու և կանգնելու միասնական աղոթքի` քրիստոնեական արժեքների բացահայտման և վերարժեվորման համար: Լուսավոր նյութի մասին պիտի խոսենք այսօր, Բեթղեհեմյան հրաշքի և մարդկության կյանքից ներս աստվածային ներկայության մասին։
Ծննդյան սուրբ և լուսավոր գիշեր էր, հրաշալիքների գիշեր: Փայլում էին աստղերը: Ամեն ինչ արտասովոր էր: Արտասովոր էր Բեթղեհեմի երկնակամարում փայլող աստղը: Այն ոչ միայն գիշերն էր երևում, այլ նաև՝ ցերեկը, և կապված չէր երկնակամարին այնպես, ինչպես սովորական աստղերը: Հայտնված աստղը մեծ էր ու փառավոր՝ իր լույսով, երևելի՝ ծագմամբ, ու հրաշալի՝ տեսքով, սքանչելի՝ փայլով, ու զարմանալի՝ տեսակով, և չկար մեկ այլ աստղ, որ նման լիներ: Սա միակն էր, ինչպես և Միածին Որդին: Ծնվել էր Արքան, հզոր Մանուկը:
Հերովդես թագավորի օրերին էր, որ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում: Եվ ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և հարցրին. «Ո՞ւր է հրեաների նորածին թագավորը. մենք տեսանք նրա աստղը արևելքում և եկանք երկրպագելու Նրան» (Մատթ․ 2․ 1-2): Այստեղ ավետարանիչը խոսում է ոչ սովորական աստղի մասին: Այն արտասովոր էր, քանի որ իր լուսատու ընթացքով առաջնորդում էր մարդկանց դեպի Օծյալ Փրկիչը, դեպի Արդարության Արեգակը, Նրան փնտրելու ու գտնելու և Նրան երկրպագելու խորհրդով: Լուսափայլ աստղը եղավ մոգերի ուղեցույցը, որը ծննդյան ավետիսն առանց ձայնի հասցրեց նրանց ականջին և իր լուսատու ընթացքով խոսեց նրանց հետ:
Քրիստոսի գալուստը նպատակ ուներ փոխելու հին կյանքի օրենքները՝ կոչելով ողջ տիեզերքին Իրեն երկրպագելու: Երկնքի անհասանելի բարձունքներից մարդասեր Տերը խոնարհվեց և որպես մանուկ ծնվելով քարայրում` աղքատացրեց Իրեն, որպեսզի մեզ հարստացնի հոգևոր բարիքներով: Պողոս առաքյալն ասում է. «Գիտեք շնորհները մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ ձեզ համար աղքատացավ, Նա, որ հարուստ էր, որպեսզի դուք Նրա աղքատությամբ հարստանաք» (2 Կորնթ. 8․ 9):
«Եվ դու, Բեթղեհեմ, Հուդայի երկիր, Հուդայի առաջնորդների և իշխանների մեջ ոչնչով ավելի փոքր չես, քանզի քեզնից մի իշխան պիտի ելնի, որ պիտի հովվի Իսրայելին» (Մատթ. 2․ 6): «Բեթղեհեմ» բառը թարգմանվում է հացի տուն, ուր ծնվեց Կենդանի Հացը, որ երկնքից իջնելով, կենդանություն պիտի պարգևեր աշխարհին, «թե մեկն այս հացից ուտի, հավիտենապես կապրի» (Հովհ. 6․ 52): Քրիստոս եկավ մարդկությանը անգիտության խավարից ազատելու և Իր աստվածային լույսին ու ճշմարտությանն հաղորդ դարձնելու համար: Ինչպես վկայում է Տերը. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կնդունի կենաց լույսը» (Հովհ. 8․ 12):
Քրիստոսի Սուրբ Ծնունդը փիլիսոփայություն չի պահանջում, այլ այն պարզ բացատրությունը, որ արդեն իսկ արձանագրված է Ավետարանիչների կողմից։
Տիրոջ Ծննդյան փառավոր ու սքանչելի աստղը Սուրբ Ծննդյան գիշերը մոգերին առաջնորդեց դեպի աստվածալույս քարայրը: Այսօր այդ աստղը առաջնորդում է մեզ` ընթանալու առաքինի կյանքի ճանապարհով, աստվածահաճո գործերով մոտենալու և երկրպագելու մարդացյալ Փրկչին, մեր կյանքը նվիրաբերելու Նրան, ջերմանալու Նրա մեծ ու անսահման սիրով, լուսավորվելու Նրա ողորմության ու գթասրտության անսպառ շողերով: «Նրան, ով մեղքը չէր ճանաչել, Աստված մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծո արդարները լինենք» (2 Կորնթ. 5․ 21)։ Աստղի հայտնությամբ և փրկարար ծնունդով անհետացավ մեգը, քանզի Աստվածորդին կամովին եկավ և ամբողջովին լուսավորեց նրանց, ովքեր Նրա առջև կանգնելու փափագ ունեին։
Դյուրին է պատմել Քրիստոսի ծննդյան մասին, սակայն փորձենք հասկանալ, թե ի՞նչ հրաշք է Աստծո հայտնությունն այս աշխարհում, որտեղ տիրապետող են կուռքերի վերածված բազմաթիվ նյութական արժեքներ: Ըստ Ավետարանի Տիրոջ հայտնությունը շփոթություն ու խռովություն առաջ բերեց Հերովդես թագավորի մոտ, խռովվեց նաև ողջ Երուսաղեմը։ Տիրոջ ներկայությունը խռովություն է առաջացնում նաև այսօրվա աշխարհում, և այս բազմազանության մեջ քրիստոնյայից և ընդհանրապես անհատից սխրանք է պահանջվում ընտրելու Ճշմարիտը, Սերը, Փրկությունը, սեփական օրինակով պատմելու մարդացած Փրկչի մասին:
Աստղի հայտնությունը և Փրկչի ծնունը հրաշք է, որը հայտնվում է մարդկությանը, բայց մենք հաջորդ օրն իսկ մոռանում ենք այն, քանի որ սովոր չենք, վախենում ենք ապրել հրաշքով: Այդ հրաշքը Աստվածորդու ծննդով սկսված այն նոր կյանքն է, որը մեզ առաջնորդում է հրաժարվել մեղքից ու չարիքից և ապրել աստվածահայտ կյանքով` Աստծո շնորհով ու ողորմածությամբ: Այդ հրաշքով երկիրը երկինք դարձավ: Երկինքն այն տեղն է որտեղ ներկա է Աստված: Աստված մեզ հետ է այսօր, ինչը նշանակում է, որ մեր փրկությունը դարձավ իրական, ինչպես մեր կյանքն է իրական:
Ընդունել՝ նշանակում է հավատալ, պայքարել և մեր ազնիվ ընթացքի ու զգացումների պտուղները ընծայաբերել Մանուկ Հիսուսին: Թե ի՛նչ ընծաների մասին է խոսքը, պարզ է դառնում, երբ հիշում ենք հովիվներին, ովքեր իրենց անկեղծ հավատքի ու վստահության մեջ ստացան բարի ավետիսը: Հիշում ենք նաև իմաստուն մոգերին, ովքեր ոսկի, կնդրուկ և զմուռս ընծայաբերեցին Տիրոջը: Ոսկին խորհուրդն է մարդկային կյանքի ողջ գանձարանի, բոլոր արժեքների, այն ամենի, ինչ ունի մարդը, որոնք իմաստ ունեն, եթե Տիրոջ փառքին են ծառայում: Կնդրուկը, որպեսզի պիտանի լինի, պետք է կրակ: Այն անուշահոտություն է, որը ծխում է, եթե կրակ կա: Այդ կրակը մեր հավատքն է, մեր սերն ու նվիրումը: Զմուռսը խորհրդանիշն է սգի և հույսի, եթե մարդը սգում է իր չարիքների, մեղքերի համար, ապա ունի հույսը փրկության: Չմոռանանք Հովսեփին, ով հանդես եկավ որպես պաշտպան և խնամող ոչ միայն Մարիամի, այլև Հիսուսի, թույլ չտվեց, որ Մարիամը խայտառակվի և քարկոծվի, քանի որ հրեաները Աստվածածնին կմեղադրեին և կդատապարտեին: Հովսեփը հետևեց հրեշտակի հորդորին և ընդունելով Մարիամին իր հովանու ներքո, ընդունեց նաև Հիսուսին, մինչ Քրիստոսի ծնվելը դարձավ քրիստոնյա, թողեց Հին ուխտը հանուն Նորի։
Աշխարհը չցանկացավ ընդունել Մանուկ Հիսուսին, Բեթղեհեմում ոչ մի տաք անկյուն չգտնվեց Հիսուսի համար և Տերը ծնվեց քարայրում: Աշխարհն իր չարությամբ Աստծո համար քարայրից ու մսուրից բացի այլ բան չկարողացավ պատրաստել: Սա դեռ ամենը չէր, հալածանքները շարունակվեցին. Հերովդեսը փնտրում էր մանկանը՝ սպանելու համար, ուստի սուրբ ընտանիքը ստիպված էր փախչել Եգիպտոս: Այսօր էլ աշխարհը շատ հաճախ մերժում է Քրիստոսին, սակայն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Մանուկ Հիսուս հաղթում է աշխարհին աստվածային Իր սիրով ու խոնարհությամբ, արդարությամբ ու ճշմարտությամբ: Իրական արդարությունն այն չէ, երբ մարդը ձգտում է արդարության ամեն գնով, այլ այն, երբ մարդը ձգտում է արդարության հանուն ճշմարտության, սիրո հաղթանակի:
Մեր պատգամն ու հորդորն է, որպեսզի այսօրվա աշխարհը չնմանվի Հերովդեսին, այլ փնտրի ու գտնի Բեթղեհեմյան լուսավոր այն աստղը, որն առաջնորդում է դեպի Մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Աստված մաքրի աշխարհը ամեն տեսակ չարությունից, անտարբերությունից ու թշնամանքից՝ պարգևելով սեր, խաղաղություն ու ներդաշնակություն:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն»:
Էկումենիկ աղոթքի շաբաթն ավարտվեց հունվարի 25-ին, Ռումին Ուղղափառ Կաշին եկեղեցում, ուր քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչները մասնակցեցին երեկոյան ժամերգության։ Տաթև Սրբազանին ուղեկցում էին արժ․ Տ․ Գրիգոր քահանա Հոլկան և արժ․ Տ․ Օշական քահանա Խաչատրյանը։
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան
Լուսանկարների աղբյուրը՝ Ռոմանո-Կաթոլիկ եկեղեցի