Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։


Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։


Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։
Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

 Սոցիալական ցանցերում արդեն գրվել է, որ ունենք մի քանի զոհ եւ վիրավորներ։ 

Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

orer.eu