ՏՈՔԹ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆԻ ԿՈՐՈՒՍՏԸ
Թէքէեան Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութիւնը կու գայ խորունկ վիշտով հաղորդելու կորուստը իր երկարամեայ անդամին եւ նախկին ատենապետին՝ Տոքթ. Յարութիւն Արզումանեանին որ իր մահկանացուն կնքեց Դեկտեմբեր 26ին, Մոնթրէալի մէջ, սուգի մատնելով իր ընտանիքը, Թէքէեանի բովանդակ անդամակցութիւնը եւ գանատահայութիւնը:
Մեծ եւ անփոխարինելի է վաստակը հանգուցեալին, իբրեւ յառաջապահ բժիշկ, ազատախոհ խմբագիր, մշակույթի գործիչ ու Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ նուիրեալ եւ առաջնորդ:
Ան հոգածու հայր եւ ամուսին էր իր հայատոհմ ընտանիքին ուր աճեցան երեք (Զաւէն, Անահիտ եւ Երուանդ) տաղանդաւոր զաւակները, հպարտութիւն պատճառելով իրենց ընտանիքին եւ հայ համայնքին:
Բացի իր բժշկական ասպարէզէն – ուր վաստկած էր առաջաւոր գիտնականի համբաւ – պատկառելի է իր ներդրումը գանատահայ գաղութի զարգացման մէջ եւ յատկապէս գանատահայ թեմի կազմաւորման տարիներուն:
Իբրեւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան անդամ ան վարած է ղեկավար պաշտօններ եւ հեղինակած է բազմաթիւ կանոնական ծրագիրներ:
Մօտ կէս դարու աշխատակցութեամբ սատարած է Մոնթրէալի «Ապագայ» թերթի խմբագրութեան, գրելով առաջնորդող յօդուածներ հայերէն եւ անգլերէն լեզուներով: «Ապագայ» թերթին մէջ Մասիս գրչանունով իր յօդուածները ամփոփուած են «Նշմարներ» վերնագրեալ հատորի մը մէջ որ լոյս տեսած է 1988ին:
Իբրեւ մնայուն անդամ Կեդրոնական Վարչութեանս ան նուիրումով ծառայած է անոր ծրագիրներու մշակման եւ 12 տարիներ (1981-1983, 1986-1987, 2008-2017) ալ ղեկավարած է կազմակերպութիւնը իբրեւ ատենապետ:
Առ ի երախտագիտութիւն իր վաստակին՝ Թէքէեան Մշակութային Միութիւնը իր Մոնթրէալի կեդրոնին սրահը անուանակոչած է իր եւ իր կողակիցին պատուին, իբրեւ «Տոքթ. Յարութիւն եւ Սիմա Արզումանեան» սրահ:
Ամենէն բնորոշիչ տարազը որ կրնայ լաւագոյնս պատկերացնել Տոքթ. Յարութիւն Արզումանեան, պիտի ըլլար զինք կոչել իբրեւ համեստութեան եւ խոնարհութեան կոթող:
Խունկ եւ աղօթք իր յիշատակին եւ յարգանք իր պատկառազդու վաստակին:
ԹԷՔԷԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ԵՒ ԳԱՆԱՏԱՅԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
Դեկտեմբեր 29, 2021
ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը միանում է բոլոր ցավակցություններին։ Մենք բախտ ենք ունեցել ճանաչելու հայասեր ու նվիրյալ հայորդուն, ով տասնամյակներ շարունակ աջակցել է հայկական ծրագրերին ու նախաձեռնություններին։ Աստված հոգին լուսավորի։
Դեռեւս 2008 թվականին լինելով Պրահայում, պարոն Արզումանյանը հարցազրույց էր տվել ՕՐԵՐ ամսագրին եւ ներկայացրել էր Թեքեյան մշակութային միության գործունեությունը։ Նա մասնավորապես ասել էր՝ ․ «Վարչակարգերը փոփոխելի են, իսկ հայրենիքի եւ ազգային ինքնության պահպանումը հավերժական են ու հիմնական»։
orer.eu
ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության նախագահ պարոն Երվանդ Ազատյանին
Կենտրոնական վարչության անդամներին
Հարգելի պարոն Երվանդ Ազատյան
Հարգելի Կենտրոնական վարչության անդամներ
Խորը կսկիծով իմացանք ազգային նշանավոր գործիչ, Թեքեյան մշակութային միության երկարամյա ղեկավար դոկտոր Հարություն Արզումանյանի մահվան լուրը։
Դոկտոր Հարություն Արզումանյանը բացառիկ ավանդ է ներդրել ազգային կյանքում, Թեքեյան միության աշխատանքներում, «Ապագա» թերթի կայացման և գործունեության մեջ։ Համեստ, աշխատասեր, ազգային գործի նվիրյալ դոկտոր Հարություն Արզումանյանն ամենայն հարգանք էր վայելում հանրության լայն շրջանում։
Հարգելի ընկերներ, ընդունեք մեր խորին ցավակցությունները։ Ցավակցում ենք հանգուցյալի ընտանիքին։
Դոկտոր Արզումանյանի հիշատակը միշտ վառ կմնա բոլոր ճանաչողների սրտերում։
Ի դիմաց ՀԹՄՄ կենտրոնական վարչության՝
Ռուբեն Միրզախանյան, նախագահ
Գարեգին Գեւորգյան, քարտուղար