Այսօր Հունաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել հայտնելով, որ դեսպանության ներկայացուցիչն այցելել է Սամոս կղզիի ոստիկանական այն բաժանմունք, որտեղ գտնվում է պոլսահայ մտավորական Սեւան Նշանյանը, ծանոթացել պայմաններին։
Հիշեցնենք, որ 2017-ի ամռանը թուրքական բանտից արձակուրդի պայմաններից օգտվելով Հունաստանում ապաստանած պոլսահայ մտավորական Սևան Նշանյանը հունական իշխանություններից ստացել էր ժամանակավոր քաղաքական ապստանյալի իրավունք։
Նշանյանն ամուսնացած է Հունաստանի քաղաքացիություն ունեցող Հերա Ցուրուի հետ, ով «Հայաստան» լրատուի հետ զրույցում երեկ իր մտահոգությունը հայտնեց Նշանյանի Թուրքիա արտաքսելու հավանականության կապակցությամբ։ Նշանյանը 2017 թվականից ունի նաև ՀՀ քաղաքացիություն։
Սևան Նշանյանը 2014-ին ավելի քան 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու անհեթեթ մեղադրանքով: Մինչև 2017 թվականի ամառ նա գտնվում էր Իզմիրի Ֆոչայի բաց ռեժիմի բանտում:
«Հայաստան» լրատու ցանց, Աթենք, 3 հունվարի, 2022 թ․