Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը: ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված ասուլիսի շրջանակում վարչապետը պատասխանել է մի քանի տասնյակ հարցերի:

Ասուլիսը կարող եք դիտել այստեղ։ 

https://www.youtube.com/watch?v=Bxt0HQKuWpQ

 

2016թ-ի հունվարին միջնորդները պաշտոնապես Հայաստանին նոր փաթեթ են ներկայացնում, բանակցային նոր թուղթ, որտեղ ամենը ձւեակերպված է եղել առանց «Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ է ստանում» նախադասության։ Հայկական կողմը մերժում է այս առաջարկը, եւ ապրիլին պատերազմ է սկսվում։ Այս մասին առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե ինչ «աղետ» է գրանցվել բանակցային գործընթացում 2016թ-ին։

Այս տարվա դեկտեմբերի 8-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ 2016թ․ բանակցային գործընթացում «աղետ է եղել», եւ որ Լեռնային Ղարաբաղը «կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական ու գործնական բոլոր հնարավորությունները»։

Հարցին՝ արդյո՞ք դա Ապրիլյան պատերազմի հետեւանքն էր, եւ այդ պատերազմում ի՞նչ խնդիր լուծեց Ադրբեջանը, Փաշինյանը նկատեց՝  այդ աղետը ե՛ւ Ապրիլյանի պատճառն էր, ե՛ւ դրա հետեւանքը։

«2011թ․ տեղի է ունենում Կազանյան պրոցեսը, որը, չեմ կարող ուրանալ, լավ բովանդակություն ուներ։ Հայաստանը գնում է ստորագրի այդ փաստաթուղթը, դա էր պայմանավորվածությունը, Ադրբեջանը չի ստորագրում, Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել, բայց Ադրբեջանը չստորագրեց։ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2017թ․ տված հարցազրույցում ասում էր, որ 1990-ականներին պատրաստ է եղել ստորագրել, որից հետո հայկական կողմի վրա ճնշումներ չէին գործադրվում։ Կազանի փաստաթղթի նրբությունն այն էր, որ ըստ դրա՝ Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ է ստանում, սա սկզբունքային նախադասություն է, որն էլի անթերի չէ։ 2011թ․ չի ստորագրում էս թուղթն Ադրբեջանը, եւ սրանից հետո Ադրբեջանը սկսում է մեծ ծավալի սպառազինություն ձեռք բերել, 2013թ-ից ռազմական էսկալացիա է սկսում, 2014թ-ին ավելի է խորանում դա, ի հայտ են գալիս առաջին նախանշանները, որ համանախագահողները հայկական կողմին առաջարկում են հրաժարվել այս նախադասությունից․ «Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ է ստանում», որովհետեւ Ադրբեջանը չէր ընդունում դա։ Հայկական կողմը, բնականաբար, չի համաձայնում սրան, մերժում է։ Ռազմական էսկալացիան 2015թ-ին ավելի է մեծանում, եւ 2016թ-ի հունվարին միջնորդները պաշտոնապես Հայաստանին նոր փաթեթ են ներկայացնում, բանակցային նոր թուղթ, որտեղ այդ ամենը ձւեակերպված է եղել առանց «Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ է ստանում» նախադասության։ Հայկական կողմը մերժում է այս առաջարկը, եւ ապրիլին պատերազմ է սկսվում։ Պատերազմից հետո՝ հուլիսին, նույն առաջարկը ներկայացնում, եւ հայկական կողմը մերժում է նաեւ այս առաջարկը, եւ օգոստոսին ներկայացվում է արդեն այն փաթեթը, որտեղ ներառված է ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ իմ ասած, ակնհայտորեն աղետաբեր ձեւակերպումը։

Ապրիլյան պատերազմն էլ էր հնարավոր կանխել, եթե հայկական կողմն ընդուներ առաջարկը, առնվազն ասեր՝ կքննարկենք, դիվանագիտական ճկունություն դրսեւորեին՝ էնտեղ էլ «փորձառու» դիվանագետներ էին, պատերազմը տեղի չէր ունենա»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը պատմեց, թե 5 տարից առաջ ինչ խոսակցություն է ունեցել ՀՀ Ազգային հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ, եւ թե ինչ է ասել իրենց Կոմանդոսը Ապրիլյան պատերազմի պատճառների մասին։

«Ապրիլյան պատերազմից հետո Արարատի մարզի Սայա-Նովա գյուղում հաշմանդամություն ունեցող անձանց օրվան նվիրված միջոցառում էր, որպես պատգամավոր հրավիրված էի։ Այնտեղ էր նաեւ Արկադի Տեր-Թադեւոսյանը, եւ երբ դուրս էինք գալիս, հարցրի նրան՝ Երեւան ե՞ք գնում, նա ծառայողական մեքենայով էր, ասաց՝ հա, առաջարկեցի՝ իրար հետ գնանք։ Ողջ ճանապարհին իր հետ քննարկում էի, ասացի՝ որպես զինվորականի՝ Ձեր կարծիքն է հետաքրքիր՝ ի՞նչ էր Ապրիլյան պատերազմը։ Նա արտահայտեց իր համոզմունքը, ասաց՝ «это была разведка боем», նա իր համոզմունք էր հայտնում, որ դա հետախուզական գործողություն էր, իսկ դա արվում է, երբ պատերազմական պլան է լինում, մինչ այդ փորձակում են՝ հետագա գործողությունները պլանավորելու համար։

Էն, ինչ կար 2016թ-ի հունվարին, եւ ինչ կար 2016թ-ի օգոստոսին, հունվարինն ավելի լավ էր։ Բանակցությունները հասան այն կետին, որ Սերժ Սարգսյանն ասաց՝ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետեւ Ադրբեջանի ակնկալիքներն անընդունելի եւ անիրատեսական են։ Ես, իհարկե, կարող էի պատերազմը կանխել, եթե Սերժ Սարգսյանի արձանագրած անիրատեսական եւ անընդունելի պայմաններին համաձայնվեի, պատերազմը կկանխեի։ Հիմա էդ ամեն ինչը չընդունելը, գուցե, լեգիտիմ մեղադրանք է իմ հասցեին, որ ես պետք է գնահատեի իրավիճակը, ասեի՝ ժողովուրդ ջան, էս ա իրավիճակը, պետք է էս-էս զիջումներին գնալ, կանխել պատերազմը։ Բայց ես պետք է համոզեի ինձ, որ դա ճիշտ է, հիմա չեմ ուզում բաներ ասեմ, թվա, թե ինձ եմ ուզում արդարացնել, ինձ ընդհանրապես արդարացում չկա, հարցը էդ չի։ Բայց երբ ԱԽ նիստում բանակը զեկուցում է, որ մենք «ոչ մի քայլ հետ» սկզբունքով պատրաստ ենք կանգնելու, ես գամ ասեմ՝ ժողովուրդ ջան, պետք է հանձնե՞նք։ Հաջորդ օրը ի՞նչ ա լինում՝ ԳՇ պետը հայտարարելու էր, որ ասել ենք՝ կարող են ոչ մի քայլ հետ սկզբունքով կանգնել, էս ի՞նչ ա անում վարչապետը, ժողովուրդ ջան»,- ասաց Փաշինյանը։

Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում հայտարարեց, որ իր թողած բանակցային ժառանգությամբ Արցախը պետք է մնար հայկական։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դա չի հակասում Փաշինյանի այն հայտարարությանը, որ 2016թ․ Լեռնային Ղարաբաղը կորցրել էր Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական ու գործնական բոլոր հնարավորությունները, վարչապետը արձագանքեց։

«Երբ տեսա այդ հայտարարությունը, զարմացա, որովհետեւ էդ նախադասությունն ուղղակի նախադասություն է, որը բառամթերքի առումով ուղղակի մեջբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Պատերա՞զմ, թե խաղաղություն․  լրջանալու պահը» 1997թ․ գրված հոդվածից, երբ առաջին նախագահն ասում էր, որ հայկական պետք է լինի Արցախը։ Երբ Սերժ Սարգսյանը նախկինում ասում էր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հիմա չի ասում, որ իր բանակցություններն էն մասին էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ որ Արցախը պետք է հայկական մնար։ Ասեմ ավելին՝ դրա հետ էլ համաձայն չեմ, որովհետեւ Արցախը չէր կարող ամբողջությամբ հայկական լիներ։ Ի՞նչ նկատի ունենք՝ հայկական։ Այդ բանակցություններից ակնհայտ էր, որ Արցախը՝ ԼՂԻՄ-ը, ունենալու էր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական բնակչություն, ԼՂ-ում արդյո՞ք լինելու էր օրենսդիր իշխանություն՝ այո, լինելու էր, բայց այն ամբողջությամբ հայկական չէր լինելու, լինելու էր ադրբեջանական քվոտա ու հայկական քվոտա։ Լինելու՞ էին ՏԻՄ-եր՝ այո, բայց դրանք ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական էին լինելու»,- նկատեց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց նաեւ, որ օրեր առաջ Բրյուսելում ԱլԳ գագաթաժողովի ընթացքում եռակողմ հանդիպումներից բացի այլ շփումներ էլ են եղել։

«Ոչ թե նստել ու խոսել ենք, այլ ուղղակի նույն դահլիճում մասնակցել ենք, ելույթներ ենք ունեցել, էնտեղ ունեցած խոսակցությունն էլ է շատ կարեւոր։ Իհարկե, մեր օրակարգի բոլոր հարցերը քննարկել ենք, ո՞նց կարող է նյուանս լինի, որ չքննարկենք։ Այս մասին առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյաննը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ալիեւի հետ հանդիպումների ընթացքում ԼՂ հակամարտությանն ուղղված հարցեր, ինչ փուլում են բանակցությունները»,- ասաց Փաշինյանը։

Հարցին, թե ինչ ապագա է տեսնում իրենց բնօրրանում ապրող արցախահայության համար, նկատեց․ «Արցախահայության համար տեսնում եմ իրենց բնօրրանում ապրոց զարգացող, բարգավաճող ժողովուրդ եւ երկիր»։

 

 

Մենք հիմա խոսում ենք, որ սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա պետք է լինի եւ գիտեք, որ այդ քննարկումը գոյություն ունի, թե որ թվականի քարտեզներով պետք է դա արվի. Կա 1975-ի քարտեզ, 1969-ի քարտեզ, 1929-ի քարտեզ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հիմա դրանք մանրամասն ուսումնասիրում ենք եւ տեսնում ենք, որ տարբեր քարտեզներով մեր ունեցած ճանապարհները որոշակիորեն դուրս են գալիս ՀՀ տարածքից: Եվ մենք հիմա քննարկում ենք սցենարներ. Եթե այսպես ընթանան պրոցեսները, մենք ի՞նչ խնդիր կունենանք, կունենանք, թե չենք ունենա: Եթե հանկարծ ունենաք, ինչպե/ս պետք է հաղթահարենք դրանք:

1975-ի քարտեզներով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսն այսօր ադրբեջան վերահսկողության տակ է: Վազաշենի հողատարածքների մի շատ մեծի մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է 1990-ականներից: Պառավաքար գյուղի վարելահողերի մի մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է: Այգեհովիտ գյուղի վարելահողերից ոչ մեծ, բայց որոշակի էական կտոր իրենց վերահսկողության տակ է: Այսինքն մենք  նայում ենք տարբեր սցենարներ, որ եթե դեմ արկացիան այսպես լինի, ինչ խնդիր կունենանք, եթե մյուս սցենարով լինի ինչ խնդիր կունենանք: Մենք պետք է իրավիճակի նրբությունների մեջ խորանանք:

Ես իհարկե, կարող եմ էկրանների առաջ ասել՝ ոչ մի դեպքում, ոչ մի թիզ եւ այլն, բայց ես չեմ ուզում մենք ականջներս, աչքերներս փակենք, ու ասենք՝ ոչինչ չենք նկատում:

Մենք ինչքան իրավական հիմք գոյություն ունի պատմության ընթացքում ամբողջը դուրս ենք բերում: Դա մեզ բանակցությունների համար էլ է պետք»,-ասաց նա:

Անդրադառնալով տեղեկություններին, որ Կիրաց-Ոսկեպար սարերով ձգվող այլընտրանքային ճանապարհ են ցանկանում կառուցել, Փաշինյանն ասաց, որ դա սարերով ձգվող ճանապարհ չի. «Եթե այնտեղ խնդիրը ծագում է, ծագում է մի քանի կմ-ի մասին, երբեմն նույնիսկ 300-500 մետրի մասին»:

Վարչապետն անդրադարձավ նաեւ անկլավների խնդրին՝ նշելով. «Շատ է խոսվում անկլավների մասին: Մենք ինչքան նայել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել: Մեզ թվում է, որ այս մեկ տարում բոլոր հնարավոր փաստաթղթերն ուսումնասիրել ենք: Այս պահի դրությամբ նման հիմք չենք գտնում»:

 

 

Ես նախկինում իմ կողմից թույլ տված սխալը չեմ կրկնի. Ես հրաժարվում եմ հրապարակային քննարկել զինված ուժերի հետ կապված որեւէ հարց: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե սպառազինության ու զինտեխնիկայի ինչ գնումներ են արվել:

Հարցին, թե արդյոք քննարկվում է ինքնապաշտպանության համակարգի արմատական բարեփոխումների թեման, վարչապետը պատասխանեց. «Էլի բանակի հետ կապված նրբությունների, կոնկրետությունների հետ կապված հարցերը չեմ քննարկելու եւ նաեւ բոլորին խորհուրդ եմ տալիս այդ հարցերը հրապարակային չքննարկել: Բայց զինված ուժերի հետ կապված մեր բոլոր մտածումները արտահայտված են ՀՀ կառավարության գործունեության ծրագրում: Այնտեղ ամեն ինչ շարադրված են եւ պրոցեսները տեղի են ունենալու դրա շրջանակում»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու չեն հեռացվել պարտություն կրած բարձրաստիճան սպաները եւ ինչու նրանց փոխարեն առաջ չեն քաշվել պատերազմում իրենց լավագույնս դրսեւորածները, նա ասաց. «Ինչ վերաբերում է սպայական կազմին, շատ կարեւոր հարց է: Բայց նաեւ շատ զգույշ պետք է լինել, որ թացը չորի հետ չխառնենք: Այս ընթացքում եղել են դեպքեր, երբ պատերազմի ընթացքում ինձ զեկուցվել է, որ այսինչ հրամանատարը դիրքը թողել, փախել է: Հետո երկարատեւ քննություն ենք արել եւ պարզվել է, որ ճշմարտությունն ուղիղ հակառակն է: Եղել է հակառակը դեպքը, երբ փառաբանվել է ինչ-որ հրամանատար, բայց հետագա քննության ընթացքում պարզվել է, որ այդքան էլ այդպես չի: Սխալ զեկուցողները պատժվել են, պատժվում են, կպատժվեն: Սա շատ կարեւոր օրակարգային հարց է, բայց մանրամասները չեմ ուզում ներկայացնել»:

 

 

Ամենակարեւոր եւ նաեւ որոշակի դժվարություններ ունեցող թեման այն է, որ մենք կարողանանք հանրության հետ խոսելիս ներկայացնել ԼՂ հարցի բանակցային գործընթացի բոլոր շերտերը. Բանակցային ողջ ընթացքում երբեք չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԼՂԻՄ-ը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ եւ միայն հայկական միավորում, որովհետեւ բանակցություններում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաեւ ադրբեջանցիներ եւ նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ: Ես նշել եմ, որ երբ խոսք էր գնում ԼՂ կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսվում էր Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության մասին: Դա նշանակում ոչ միայն հայկական բնակչությունը, այլ նաեւ ադրբեջանականը:

Ենթադրենք այդ հանրաքվեն հայկական մեկնաբանությամբ պետք է տեղի ունենար, իսկ այդ մեկնաբանությամբ երբեք տեղի չէր ունենալու, բայց հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ այդ հանրաքվեին պետք է մասնակցեն նաեւ ԼՂ-ի ադրբեջանցիները: Ենթադրենք ադրբեջանցիները պետք է մասնակցեին այն չափով, ինչ չափով մեկնաբանում է  հայկական կողմը: Հարց. Իսկ ԼՂ ադրբեջանցիները այդ համատեքստում նրանք էլ իրենց հերթին կարո՞ղ էին արդյոք բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը: Այս պարագայում ինչպիսի՞ հարաբերություններ պետք է առաջանային: Այս համատեքստում ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության ի՞նչ պատկեր պետք է արձանագրեինք»,-ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ այսօր արվում են հայտարարություններ, որոնք 2018-ի դրությամբ առկա բանակցային բովանդակության հետ ոչ մի իրական կապ չունեն. «Երբ ես ասում եմ, որ 2016-ին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, ես հենց այդ համատեքստը նկատի ունեմ: ԼՂԻՄ-ը միշտ դիտարկվել է որպես հայկական ու ադրբեջանական միավորում առնվազն բնակչության մասով:

Ինձնից առաջ բանակցողները թող ասեն ԼՂ-ի ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ պետք է բնակվեին: Իսկ որ հայկական կողմը բանակցություններում ընդունել է այս իրողությունը, ես դա կարող եմ ապացուցել անհրաժեշտության դեպքում: Ոչ թե մեկնաբանել, այլ ապացուցել»,-ընդգծեց նա:

Հարցին,թ ե ի՞նչ աղետ է տեղի ունեցել 2016-ին, Փաշինյանը պատասխանեց. «Տեղի է ունեցել շատ կարեւոր մի բան. 2016-ին համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների երեք փաթեթ, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ:

Այդ փաթեթներում նշվել է, որը հայկական կողմից շատ լայնորեն քարոզվում ու գովազդվում է, որ ԼՂ-ն ունի օրենսդիր մարմին, որ ԼՂ-ն ունի դատական իշխանություն եւ այլն, բայց ոչ մեկը չի ասում, որ ԼՂ կարգավիճակը ճշգրտելու հարցը ըստ այդ բանակցային բովանդակության տեղափոխվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:

Բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ ամեն ինչ անել, որ վերջնական լուծումը լինի Մինսկի խմբի տիրույթում: 2016-ին, ըստ էության, հարցի լուծման պարամետրերը տեղափոխվում են ՄԱԿ-ի ԱԽ:

Այստեղ լուծվելու է մի հարց, որ մինչեւ ԼՂ վերջնական կարգավիճակը լինելը ի վերջո, թեկուզ միջանկյալ կարգավիճակով Ղարաբաղն, ի վերջո, որ երկրի մաս է կազմելու: Երբ սա ՄԱԿ-ի ԱԽ-ում է սա շատ կանխատեսելի է դառնում, որովհետեւ ՄԱԿ-ի ԱԽ-ն դեռ 1993-ին ընդունել է բանաձեւ, որտեղ ասվում է, որ ա) «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան», բ) ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Այս աղետն է տեղի ունեցել 2016-ին:

Սա կարեւոր է նրանով, որ եթե ԼՂ այդ կարգավիճակն արձանագրվում է, նշանակում է նրա վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի Սահմանադրության համաձայն»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ ըստ էության, ԼՂ կարգավիճակը հարցը 2016-ին վերադարձվել է ՄԱԿ-ի ԱԽ տիրույթ:

Հարցին, թե հիմա այդ փաստաթուղթն է սեղանի՞ն, նա պատասխանեց. «Պատերազմից հետո մենք դեռ պետք է մոտենանք վերադառնանք, հասկանանք եւ օրակարգ ձեւավորենք: Համանախագահները վերջին անգամ օրակարգ են առաջարկել, որը մեզ համար ընդունելի է»:

Անդրադառնալով հողերը հանձնելու վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքներին՝ Փաշինյանն ասաց՝ դա անհիմն մեղադրանք է, բայց կա լեգիտիմ մեղադրանք։ «Ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ եւ դա կլինի լեգիտիմ մեղադրանք: Եթե որեւէ մեկն ինձ ասի, որ դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է ուղղակի հանձնել այդ տարածքները, որ պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք: Իսկ մեղադրանքը, որ ես հանձնել եմ հողերը, անհիմն է: Ընդհակառակը, ես չեմ հանձնել, դրա համար է եղել պատերազմ: Չեմ հանձնել, որովհետեւ իսկ ինչ են ստանում դրա դիմաց: Ըստ էության, ոչ մի բան»,-ասաց նա:

Հայ թուրքական

Ես համաձայն չեմ այս տեսակետի հետ, որովհետեւ մենք միջանցքային տրամաբանության որեւէ հարց չենք քննարկել, քննարկում ու քննարկելու։ Այս մասին առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հնչեցրած այն տեսակետին, որ Հայաստանը, բանակցությունների մեջ մտնելով Թուրքիայի հետ, արդեն իսկ ընդունել է թուրքական կողմի նախապայմանները, որոնցից է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի տրամադրումը։

«Մեզ համար կարեւոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու, կառուցելու օրակարգը։ Թուրքիայի հետ հարաբերություններում եթե պարզվի, որ հնարավոր կոմունիկացիաներն ավելի ընդարձակ տարածաշրջանային նշանակություն կարող են ունենալ, դա մեր օրակարգի կարեւորագույն հարցերից մեկն է, օրինակ՝ հայ-թուրքական սահմանի եւ երկաթուղու բացումը։ Խոսք է գնում օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը ողջունում ենք, հույս ունենք՝ իրականում փոխադարձ թռիչքները կսկսվեն։ Մեր ակնկալիքը հարաբերությունների կարգավորումն է, բայց պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ բարդ խնդրի հետ, որն ունի բազմաթիվ նրբություններ, եւ Հայաստանում կա շատ էմոցիոնալ վերաբերմունք այս հարցում։ Ուրախությամբ արձանագրեցի, որ նախորդ ասուլիսի եզրափակիչ մասում հայ-թուրքական հարաբերությունների ընկալումների մասին ասվածը բովանդակային քննարկման առարկա էր դարձել հանրության շրջանում, փորձ էր արվել խնդիրն իր էությամբ հասկանալ։ Մենք չհիմնավորված լավատեսություն չենք արտաայտում, որովհետեւ դրա հիմքը չկա, բայց կողմերը խոսելու, լավատեսության հիմք ստեղծելու փորձ են անում»,- ասաց Փաշինյանը։

Ե՞րբ է կայանալու Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը

Վարչապետը հայտենց, որ այս պահին հանդիպում նշանակված չէ։

«Հույս ունեմ՝ հնարավորինս արագ կնշանակվի։ 2, 3, 4, 5 հանդիպում չի լինելու, շատ երկար պրոցես է լինելու, եթե կստացվի 4,5 հանդիպումների արդյունքում կոնկրետ արդյունքների հասնել, շատ ավելի լավ, բայց սպասել, որ հենց այդպես էլ կլինի, չափազանցված կլինի»,- նշեց Փաշինյանը։

Հնարավո՞ր է, որ բանակցությունների արդյունքում հայկական կողմը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից

Փաշինյանը, անդրադառնալով իմ շարք լրատվամիջոցների հնչեցրած այս հարցին, նկատեց․

«ՀՀ բոլոր իշխանություններն ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել, նման բան երբեւէ չի եղել։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին կառավարության ծրագրում հստակ ձեւակերպել ենք մեր մոտեցումը»։

 

Արդյո՞ք հայ-թուրքական սպասվող բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ նշանակված Ռուբեն Ռուբինյանի կարողությունները բավարար են նման բարդ գործընթացը նրան վստահելու համար, մտավախություն չկա՞, որ հայկական կողմը կձախողի բանակցողի փորձառության պակասի պատճառով։

Վարչապետի համոզմամբ՝ այս բանակցություններում շատ կարեւոր է, որ բանակցողը քաղաքական իշխող թիմի անդամ լինի։

«Սա էական գործոն է, կարծում եմ՝ պարոն Ռուբինյանի թե՛ կրթությունը, թե՛ անցած քաղաքական ճանապարհը, թե՛ արդեն բավական ծանր փորձառությունը (մեր թիմի որեւէ անդամի շատ դժվար է ասել փորձառություն չունեցող, վերջին տարիների ընթացքում այնպիսի փորձությունների միջով ենք անցել, որոնք, գուցե, տասնամյակների փորձություններ են) բավարար են։ Մյուս կողմից, ասացի, որ պարոն Ռուբինյանը մենակ դա չի տանելու, մեր դիվանագիտական կորպուսից ձեւավորվելու է թիմ, որն այդ ամբողջ պրոցեսն իրականացնելու է։ Պարոն Ռուբինյանը գլխավոր բանակցողն է, բայց դա չի նշանակում, թե մեր փորձառությունից էս ամեն ինչը կտրվելու է»,- նկատեց Փաշինյանը։

Էրդողանի հետ հանդիպում նախատեսվու՞մ է

Այդպիսի գաղափար, պայմանավորվածություն, վարչապետի խոսքով, չկա։

«Բայց եթե պարոն Ռուբինյանի բանակցությունները թուրք գործընկերոջ հետ հաջող ընթանան, պրոցեսը մինչեւ էդ կետը հասունանա, բնականաբար, դրան պետք է բարձր եւ բարձրագույն մակարդակով հանդիպումներ հաջորդեն, եթե պրոցեսը հաջող ընթանա, դա, իհարկե, տեղի կունենա»,- հայտարարեց Փաշինյանը։