Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր լրանում է Հովհաննես Թումանյանի տիկնոջ՝ Օլգա Մաճկալյան Թումանյանի  ծննդյան 150-ամյակը։ Այդ առթիվ մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում   մեծ բանաստեղծի թոռնուհի՝ Իրմա Սաֆրազբեկյանի հետ գերմանաբնակ  բանասեր  Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ  հարցազրույցից մի հատված։ Հարցազրույցն ամբողջությամբ կտպագրվի ՕՐԵՐ եվրոպական ամսագրի առաջիկա համարում։ 

 

2018 թ Իրմա Սաֆրազբեկյանը  հրատարակեց «Օլգա Թումանյան» գիրքը, որի համար, 2020 թ  նա արժանացել է Հայաստանի գրողների միության Հովհաննես Թումանյանի անվան մրցանակին։

Այդ  գրքի, իրենց գերդաստանին առնչվող նրա պեղումների, իր տատիկի մասին է  ստորև ներկայացվող զրույցը։

 

ԼԲ-Ա -Սիրելի  Իրմա, շնորհավորում եմ մրցանակի առթիվ։ Մեծ բախտավորություն է ծնվել նման նշանավոր գերդաստանում, լինել Թումանյանի թոռնուհին։ Պատմեք Ձեր ծնողների, Ձեր ընտանիքի մասին։

 

Ի․Ս․ - Ես երջանիկ եմ, որ Թումանյանի յոթ թոռներից մեկն եմ։ Հայրս՝ Ռուբեն Սաֆրազբեկյանը հայտնի բժիշկ էր Էսենտուկիում, ցավոք, 1941 թ․ նա դարձավ ստալինյան բռնաճնշումների զոհ, ինչպես՝ երեք մորեղբայրներս։ Մայրս՝ Սեդա Թումանյանը գյուղատնտես էր և ռենտգենաբան, կատարում էր նաև թարգմանություններ։ Ի դեպ, մորս ծննդյան վկայականում Սեդա անվան դիմաց գրված է նաև Հայկանուշ։ Այն մի պատմական հանդիպման արդյունք է, որը տեղի է ունեցել  Անդրանիկ զորավարի և պապիս միջև։ Անդրանիկ զորավարն առաջարկում է, եթե տղա ծնվի, երեխային կոչել Հայկ, իսկ, եթե աղջիկ՝ Հայկանուշ։ Հովհաննես Թումանյանը կատարում է թե´ իր բարեկամի, թե´ իր ընտանիքի կամքը` նորածնին կոչելով՝ Սեդա-Հայկանուշ։

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Իմ մասնագիտության ընտրության հարցում պարտական եմ Օլգա տատիկիս։ Նա կամենում էր, որ շարունակեմ մորաքույր Նվարդի գործը։

Աշխատել եմ ՀԳԱԱ ակադեմիայի Մ․ Աբեղյանի անվան գրականության, հետագայում՝ արվեստի ինստիտուտներում, այնուհետև՝ պոլիտեխնիկական ինստիտուտի արտասահմանցի ուսանողների նախապատրաստական ֆակուլտետում՝ ռուսաց և հայոց լեզուների ամբիոնի վարիչ։ Պաշտպանել եմ «Հ․ Թումանյանի թարգմանական հեքիաթները» թեկնածուական, «Համաշխարհային գրականության ավանդույթները և Թումանյանի գեղագիտական հայացքների ձևավորումը»՝ դոկտորական թեզերը։ Հեղինակել եմ «Հովհաննես Թումանյանը և համաշխարհային գրականությունը», «Օլգա Թումանյան» գրքերը, կազմել եմ «Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից», «Թումանյանի ընտանիքի նամականին»։  Գրել եմ Թումանյանի ստեղծագործություններին նվիրված բազմաթիվ հոդվածներ։ Ռուսերեն եմ թարգմանել Թումանյանի և հայ գրողների բազմաթիվ գործեր։

Ամուսինս՝ Սուրեն Քանքանյանը ֆիզիկոս էր, իսկ որդիս՝ Ռուբենը կոնստրուկտոր է, աշխատում է Հայդլբերգի Մաքս Բլանկ ինստիտուտում։

 

ԼԲ-Ա- 2021 թ դեկտեմբերի 22-ին լրանում է Ձեր տատիկի՝ Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյակը և մահվան 50-րդ տարելիցը։  2018 թվականին Դուք ընթերցողի սեղանին դրեցիք Ձեր տատիկի մասին պատմող  «Օլգա Թումանյան» գիրքը։ 

Պատմեք  Ձեր տատիկի և այդ գրրքի մասին ո՞վ էր Օլգա Թումանյանը, ինչպե՞ս էր  նրա հարաբերությունը ամուսնու, զավակների, թոռների հետ։ 

 

ԻՍ - Աղջկական անունով՝ Օլգա (Մարիամ) Մաճկալյանը ծնվել է Թիֆլիսում։ Թումանյանը և Օլգան ամուսնացել են 1888 թվականի դեկտեմբերի 1-ին։

Տատիկս հպարտանում էր, որ ամուսինը ﬔծանուն գրող էր և հասարակական գործիչ, սիրում էր ունկնդրել նրա պատմություները գրականության մասին, կարդում էր նրա գործերը, հրճվում ամուսնու փառքով: Իսկ Թումանյանը մեծապես գնահատում էր կնոջ սերը, այն հարմարավետությունը, որը տատիկը ստեղծել էր տանը: Նա ապրեց ﬕ ամբողջ հարյուրամյակ, որից 48-ը՝  Թումանյանի բացակա-ներկայությամբ, իր ուսերին կրելով կյանքի բոլոր դժվարություններն ու բազմանդամ ընտանիքի հոգսը։ Ապրեց ամուսնու, յոթ զավակների և երկու թոռների կորուստը, տունն ու գերդաստանը պահեց այնպես, ինչպես կտակել էր ամուսինը․ «Տունը պահեցեք էնպես, ինչպես հիմա է. ես ﬕշտ ձեզ հետ եմ, ձեր ﬔջ եմ: Տունը պահեցեք և իրար լավ նայեցեք: Գրադարանս թանկ պահեցեք. դժվարությամբ եմ հավաքել գրքերը, երկար տարիների ընթացքում. օգտվեցեք, կարդացեք, խնաﬔք ու պահեք»։  Կարողացավ պահպանել ջերմությունը այն օջախի, որն ստեղծել էր ամուսնու հետ ﬕասին, իր շուրջը հավաքել հարազատներին ու մտերիﬓերին: Իսկ աﬔնակարևորը՝ պահեց-պահպանեց այն աﬔնը, ինչը նվիրական էր Թումանյանի համար՝ ձեռագրերը, արխիվը, աշխատասենյակը, գրադարանը:

«ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ» գրքում՝ «Հարյուրամյա ճանապարհ»,  իմ  հուշերն են տատիկի մասին․ նրա նամակները, ինչպես նաև՝ թոռների և ծոռների հիշողությունները։

Օլգա Թումանյանի կերպարը՝ որպես կնոջ, մոր և անհատականության, այնքան վառ է, պայծառ և օրինակելի։ Ընտանիքի հենարան ու օջախի պահապան էր նա: Նրան բախտ էր վիճակվել լինել կինը ﬔծագույն ﬕ մարդու, հանճարեղ բանաստեղծի։ Աﬔն ﬔկը չէր կարող հասկանալ նման մեկի հոգին, կիսել նրա հետ ուրախությունն ու վիշտը, ﬔծացնել տասը երեխա, ծանր պահերին թիկունք լինել: Նա երբեք չտրտնջաց իր բախտից՝ կյանքն ընդունեց այնպես, ինչպես այն կա, մտերիﬓերին ցույց չտալով ցավն ու վիշտը:

Օգտվելով առիթից, մեկ անգամ ևս հայտնում եմ իմ երախտագիտությունը «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանին, գրքի խմբագիրներ և թարգմանիչներ Ա Մարտիրոսյանին և Ա Նալբանդյանին՝ գրքի հրատարակության գործում նրանց օժանդակության համար։

 

 

Շարունակությունը՝ ՕՐԵՐ-ի առաջիկա համարում։ 

 

orer.eu