Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Նոյեմբերի 30-ին կյանքից հեռացավ հայտնի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը։
 
Գագիկ Հարությունյանն առանցքային դեր է ունեցել խորհրդահայ մշակույթում, որպես գեղարվեստական լուսանկարչության զարթոնքի առաջամարտիկ։
 
Իր գործունեությունը սկսելով 1960-ականների վերջին, Հարությունյանը կարճ ժամանակում դարձել է հանրապետության գլխավոր վավերագրող լուսանկարիչներից մեկը՝ թղթակցելով տեղական բոլոր պարբերականներին։
Սակայն, նրա ահռելի լուման արդի հայ մշակույթում առնչվում է լուսանկարչության՝ որպես արվեստի միջոցի հաստատման հետ։
1970-ականներից աշխատակցելով «Գարուն» ամսագրին, Հարությունյանը ձևավորում է լուսանկարչական պատկերի համարձակ մի նոր ձևաչափ, որում լուսանկարը հայտնվում էր ոչ թե որպես փաստագրում կամ նկարազարդում, այլ փիլիսոփայական ու քննադատական միտք արտահայտող անկախ արվեստային միջոց։
Իրենց պատմական և գեղարվեստական նշանակությամբ բացառիկ են նաև Եվրոպայում և Աֆրիկայում արված Հարությունյանի մեծածավալ շարքերը, ինչպես նաև Արցախյան առաջին պատերազմը բյուրեղացնող նրա «Ղարաբաղ» պատկերաշարը։
Հարությունյանի գործնեությունը հեղափոխել է հայկական լուսանկարչության հետագա զարգացումը, որի ապացույցն են իր կյանքի օրոք՝ Եվրոպայում և Հայաստանում կայացած անհատական ցուցահանդեսները, ինչպես և ժամանակի քննադատների ու գործընկերների վկայությունները։
Երկարատև ստեղծագործական դադարից հետո, Հարությունյանը վերադառնում է հանրային տեսադաշտ 2017 թվականին «Ժամանակի ստվերները» հետահայաց ցուցահանդեսով և պատկերագրքով, որոնք դառնում են այդ տարիների ամենանշանակալի երևույթները հայ լուսանկարչության ասպարեզում։
Առաջին անգամ ի մի բերելով այս արվեստագետի ստեղծագործական մեծ սխրանքը, ցուցահանդեսը բացահայտություն ու ներշնչանքի աղբյուր է դառնում հայ լուսանկարիչների երիտասարդ սերնդի համար՝ որպես կորսված ավանդույթ ու միջազգային կշիռ ունեցող ժառանգություն։
Դա ժառանգություն է, որն ամրապնդում է 20-րդ ամենակարևոր պատկերային միջոցի՝ լուսանկարչության արժանի տեղը հայ արվեստի բազմադարյա տարեգրության մեջ։
 
Վիգեն Գալստյան
Արվեստի քննադատ, համադրող