Նոյեմբերի 26-ին Սոպոտի մշակույթի տան տնօրեն՝ Սյուզաննա Անաստասով Մարկովիչի աջակցությամբ և Անժելա Նեդելկովիչի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայկական երեկո:
Հնչեցին Հայաստանի Հանրապետության «Մեր հայրենիք» և Սերբիայի Հանրապետության «Боже правде» օրհներգերը:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցան տնօրեն Սյուզաննա Անաստասով Մարկովիչը, Սերբիայի Հայ համայնքի նաագահ Սամվել Այվազյանը և նկարչուհի Անամարիա Վարդապետյանը:
Սյուզաննա Անաստասով Մարկովիչը իր խոսքում նշեց մեր երկար տարիների համգործակցությունը, կազմակերպված բազմաթիվ միջոցառումները:
Սամվել Այվազյանը ողջունելով ներկաներին իր շնորհակալական խոսքը հղեց կազմակերպիչներին և իր հիացմունքն արտահայտեց նման նախաձեռնության համար:
Հայկական երեկոյի շրջանակներում ընդգրկված էր նաև հայ նկարչուհի՝ Անամարիա Վարդապետյանի ցուցահանդեսը՝ Human Touch,որի մասին իր ելույթում նա նշեց և ներկայացրեց բովանդակությունը ներկաներին:
Երաժշտական մասում դաշնակահար Անժելա Նեդելկովիչը նվագակցեց Սերբիայի Ազցային թատրոնի օպերային երգչուհի Տատյանա Ռիստիչին, որը կատարեց «Ամպի տակից ջուր է գալիս»-Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից, Մակար Եկմալյանի «Սուրբ,սուրբ»-Պատարագ, «Անձրևն եկավ»-Կոմիտաս, «Ով,սիրուն,սիրուն»-ժողովրդական երգ, «Արաքսի երգը»-Արտեմի Այվազյան) և Սոպոտի մշակույթի տան երաժշտական խմբի անդամներին («Էրեբունի-Երևան»-Էդգար Հովհաննիսյան) երգերը:
Լսելով նրանց, հայերս հիացած էինք երգիչների մաքուր հայերենով կատարումներից՝ այնքան լավ էին երգում,այնքան ճիշտ էին արտահայտում ամեն բառ, կարծես երգողները հայեր էին և ոչ թե սերբուհիներ:
Երեկոն վարում էր մշակույթի տան թատերական և երաժշտական խմբերի անդամ Ալեքսեյ Շեպետկովսկին,ով ծանոթացրեց հյուրերին Հայաստանի աշխարհագրական դիրքին, ավանդույթներին, ինչպես նաև նշեց,որ Հայաստանն առաջինն է 301թ. ընդունել քրիստոնեությունը, որ Մեսրոպ Մաշտոցը դեռ 5-րդ դարում ստեղծել է հայկական այբուբենը:
Ամբողջ երեկոյի ընթացքում զգացվում էր հայկական շունչը, ողողած Հայաստանի տեսարժան վայրերի նկարներով, հայկական դրոշներով և գերբով, տարբեր հայկական խորտիկներով, որը պատրաստել էին Անժելա Նեդելկովիչը և Բելգրադի «Դվին» հայկական ռեստորանը:
Հյուրերը շատ հաճելի երեկո անցկացրեցին՝ ունկնդրելով հայկական երգն ու երաժշտությունը և համտեսելով տարբեր հայկական ավանդական ուտեստներ, ինչպես նաև հայկական կոնյակ: Բոլորն էլ իրենց հիացմունքն ու շնորհակալական խոսքն էին արտահայտում: Շատերի մոտ նույնիսկ հետաքրքրություն առաջացավ այցելել Հայաստան:
ԱՆԺԵԼԱ ՆԵԴԵԼԿՈՎԻՉ
Բելգրադ