Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 Նոյեմբերի 21-ին, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հոգիների հանգստության համար։

Սրբազան արարողությանը ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպանության խորհրդական տիկին Լիանա Մինասյանը, Ռումինիայի Հայոց միության ներկայացուցիչ տիար Կարապետ Խաչատուրյանը, հոգևորականաց դասը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հավատացյալներ։

Սրբազան Հայրն իր պատգամը բերեց ներկաներին՝ խոսելով Արցախյան 44-օրյա պատերազմի ծանր հետևանքների, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի և հայության անելիքների մասին, ինչպես նաև պատերազմից դասեր քաղելու և հետևություններ անելու անհրաժեշտության մասին։

 

Հոգեհանգստյան կարգի ավարտին ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում, Հայաստանի Ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի կիսանդրու առջև։ Առաջնորդարանի ,,Լույս,, մանկական կենտրոնի սաները, երեցկին Արմինե Խաչատրյանի ղեկավարությամբ, հանդես եկան Մայր Հայրենիքին նվիրված հայրենասիրական, ազգային երգերով ու բանաստեղծություններով։ Երեխաները նախ կատարեցին ՀՀ Ազգային Օրհներգը, ապա Ստեփան Լուսիկյանի ,,Նոր Հայաստան,, ստեղծագործությունը։ Կենտրոնի տաղանդավոր սաներից Դավիթ Քարամյանն արտասանեց Վահան Տերյանի ,,Մի խառնեք մեզ,, և Գևորգ Էմինի ,,Զգույշ խոսիր Հայաստանում,, բանաստեղծությունները։ Երեցկին Արմինե Խաչատրյանը կատարեց Ա․ Սաթյանի ,,Մարտիկի երգը,,։ Նորաստեղծ երգչախումբն էլ կատարեց Ստեփան Լուսիկյանի ,,Ազատ Հայաստան,, ստեղծագործությունը։

Երեխաներն ու պատանիները ոգեշնչեցին բոլոր ներկաներին իրենց բոցաշունչ կատարումներով՝ առավել ամրապնդելով այն համոզումը, որ վաղվա օրը հուսալի ձեռքերում է։

 

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան