Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Նոյեմբերի 19-ին Ամստերդամի Վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում՝ IDFA 2021 համաշխարհային կինոյին բերած վաստակի համար տաղանդավոր կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը պարգեւատրվել է «Ողջ կյանքի նվաճումների համար» մրցանակով։

Կինոռեժիսորն անձամբ ներկա չի գտնվել մրցանակի հանձնման արարողությանը, սակայն նրա փոխարեն մրցանակը ստացել են իր վերջին ֆիլմի հետ համագործակցած « Կարտյե» հիմնադրամի նախագահ Հերվ Չանդեսը եւ հայտնի կինոարտադրող Անդրեյ Ուժիկան, որոնք մրցանակը կփոխանցեն կինոռեժիսորին։

«Բնություն» ֆիլմը ցուցադրվել է փառատոնի շրջանակներում, որը ներկայացրել է վարպետի կինոգործի մեծ երկրպագու, հայտնի երգչուհի եւ գրող Փաթի Սմիթը, որը հատուկ այդ նպատակով Նյու Յորքից ժամանել է Ամստերդամ՝ իր հարգանքի տուրքը մատուցելու վարպետին։ Նա ընթերցել է Արտավազդ Փելեշյանին նվիրված իր բանաստեղծությունը եւ  երգել է մի երգ, իսկ ֆիլմի մասին ասել է՝ «Դա կործանարար գեղեցիկ» է։ 

Իսկ հոլանդահայ Վիկտորիա Ապպինգ-Գարահակոբյանն իր ֆեյսբուքյան էջում արձանագրել է, որ «Բնությունը» ավելի շատ պոեզիա էր, քան ֆիլմ։  Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Կլիմային նվիրված միջազգային գագաթնաժողովներում պետք է պարտադիր ցուցադրել այս ֆիլմը։

Հիշեցնենք, որ այս ֆիլմը ցուցադրվել էր նաեւ Նյու Յորքի միջազգային կինոփառատոնում։  

Շնորհավորում ենք Մեծն Արտավազդ Փելեշյանին այս մրցանակի առիթով եւ մաղթում առողջություն եւ նոր ստեղծագործություններ։ 

 

orer.eu