Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և  «SADA» գլոբալ մատակարարման կենտրոնը կնքեցին համագործակցության հուշագիր

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (նոյեմբեր 18, 2021) – Նոյեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «SADA» գլոբալ մատակարարման կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և «SADA»-ի տնօրենների խորհրդի նախագահ և համահիմնադիր Հովիգ Սաֆոյանը:

Հուշագրի նպատակն է ՀՀ տնտեսության զարգացման գործում ներգրավել սփյուռքի ներուժը, բարձր որակավորում ունեցող հայրենադարձված մասնագետներին ապահովել կայուն աշխատանքով, բիզնեսի, նորարարության, տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման բագավառում ընդլայնել սփյուռքահայ մասնագետների ներգրավումը: Բացի այդ ընկերությունը համաձայնել է աջակցել գրասենյակի կողմից թվայնացման ոլորտներում սփյուռքի ներուժի հավաքագրման աշխատանքներին և այդ ներուժի ներգրավմամբ Հայաստանում լայնորեն կիրառելի դարձնել ամպային տեխնոլոգիաների նորարարությունները:

 

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորեց համաշխարհային ճանաչում ունեցող «SADA» կենտրոնի հետ նման ձևաչափով համագործակցությունը: ««SADA»-ի մասին գիտեմ արդեն երկար տարիներ և միշտ հպարտություն եմ զգացել հայկական այս տեխնոմատակարարի համաշխարհային հաջողությունների մասին լսելիս: Առավել հպարտ եմ, որ այս տարի ընկերությունը Հայաստանում գլոբալ մատակարարման գրասենյակ հիմնեց, և մենք հնարավորություն ունենք հենց հայրենիքում համագործակցել ավելի սերտ և առարկայական: Հայկական սփյուռքը անվերջանալի մասնագիտական ներուժի աղբյուր է, և վստահ եմ՝ նման համագործակցությունների շնորհիվ կարող ենք այդ ներուժը ուղղորդել դեպի Հայաստան»,-իր խոսքում նշեց Զարեհ Սինանյանը:

 ««SADA»-ի ծառայությունների պահանջարկը գլոբալ IT աշխարհում արագ աճում է, ուստի մենք հայտարարել ենք, որ այստեղ՝ Հայաստանի գլոբալ մատակարարման կենտրոնում, կընդունենք ինժեներական տաղանդների ամբողջ աշխարհից: Իսկ հայազգի բարձրակարգ ինժեներներին պատրաստ ենք ընդունելու առանց քանակական սահմանափակման՝ մեր չափանիշներին համապատասխանելու դեպքում: Ավելին, մենք նրանց կաջակցենք հայրենիք տեղափոխության հարցերում: Ես ուրախ եմ, որ կարող ենք համագործակցել նաև սփյուռքի գործերի գլխավոր հանձանակատարի գրասենյակի հետ»,- նշել է «SADA»-ի տնօրենների խորհրդի նախագահ Հովիգ Սաֆոյանը: 

 

Տեղեկացնենք, որ «SADA»-ն բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար է, մարդկանց հնարավորություն է տալիս փոխակերպել իրենց աշխատանքը, իրենց կազմակերպությունները և աշխարհը: «SADA»-ի թիմերը օգնել են առողջապահության, մեդիայի, խաղերի, արտադրության, պետական և այլ հատվածների հաճախորդ-ձեռնարկություններին՝ լուծելու իրենց ամենաբարդ խնդիրները:

 

Բազմաթիվ մասնագիտացումներով որպես «Google Cloud»-ի առաջատար գործընկեր՝ SADA-ն ապահովում է շարունակական նորարարություն, ամուր գործընկերություն և ծառայությունների գերազանցություն: Արդյունքում ընկերությունը արժանացել է բազմաթիվ խրախուսանքների ու պարգևների, ներառյալ՝ 2018, 2019 և 2020 թթ․ «Google Cloud Reseller Partner», 15 տարի շարունակ Միացյալ Նահանգների ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների ցուցակի առաջատար, իսկ 2021 թվականին՝ Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակի առաջատար։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասին

 

Հիմնվելով 2019 թվականին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների  զարգացման և իրականացման ռազմավարությունների և քաղաքականության մշակման համար: Այն ներառում է հայրենադարձության գործընթացի աջակցությունն ու խրախուսումը, հայրենադարձների ինտեգրման գործընթացի հեշտացումը, սփյուռքի ներուժի քարտեզագրումը և այլն: Գրասենյակը բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որոնցում ներգրավված են ներկայացուցիչներ սփյուռքի հայ համայնքներից: Ընթացիկ գործունեության և ծրագրերի մասին ավելի իմանալու համար այցելեք գրասենյակի կայք՝ http://diaspora.gov.am/hy, հետևեք մեզ սոցցանցերում՝ @DiasporaGovAm կամ գրեք Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեով: