«Մեղու․ Հայերենը բոլորի համար» մրցույթի գրանցումը երկարացվել է մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Մեր մասնակիցների խնդրանքով և հարթակի հետագա բարելավման նպատակով «Մեղու 2021»-ը կայանալու է դեկտեմբերի 5-ին։ Մրցույթը բաց է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար թե՛ Հայաստանի Հանրապետությունից, թե՛ սփյուռքից և թե՛ Արցախից։ Մենք հաջորդ սերունդներին փոխանցում ենք ազգային գոյության և էության բանալին պարունակող բազմաթիվ գաղափարներ, որոնցից ամենաթանկը թերևս հայոց լեզվի գաղափարն է։ Հենց այս փիլիսոփայությամբ է առաջնորդվում մրցույթի նախաձեռնող «Այբ» կրթական հիմնադրամը, որի առաջնային նպատակներից է սփյուռքահայ երեխաների շրջանում հայոց լեզուն գրավիչ դարձնելը, նրանց համար մրցույթը տոնի վերածելն ու մայրենի լեզվի շուրջ հայության ներկա և ապագա սերունդներին համախմբելը։ «Մեղու»-ի միջազգայնացումն ու առցանց ձևաչափի անցումը նպատակ ունեն մեծացնելու հայոց լեզվի նկատմամբ սեր ու հետաքրքրություն ունեցող երեխաների թիվը, հատկապես հայրենի սահմաններից դուրս, և ի ցույց դնել մայրենի լեզվի պահպանման կարևորությունը։
«Մեղու 2021»-ը այս տարի ևս կլինի առցանց, ինչը հատկապես լավ հնարավորություն է ստեղծում սփյուռքի երեխաների համար։ Բոլոր մրցանակակիրները կարժանանան պատվոգրերի, կստանան խրախուսական մրցանակներ, իսկ մրցույթի հաղթողները՝ գլխավոր մրցանակ:
- Անցկացման օրը՝ դեկտեմբերի 5, 2021։
- Գրանցման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 1, 2021։
- Մրցույթը մատչելի է բոլոր երեխաների համար` անկախ նրանց առաջադիմությունից։
- Մրցույթի հարցերը թե՛ լեզվական են, թե՛ տրամաբանական: Սփյուռքի մասնակիցների համար հարցերը մշակվել են կրթական յուրահատկությունները հաշվի առնելով։
- Արդյունքների ամփոփումը կատարվում է հատուկ ծրագրի միջոցով, որից հետո բոլոր մասնակիցների էլ. հասցեներին ուղարկվում է ամփոփիչ տեղեկատվական նամակ:
Մրցույթն անցկացվելու է «Այբ»-ի մրցույթների առցանց հարթակում՝ test.contests.am հղումով: Անցկացման կարգը հասանելի է «Այբ»-ի մրցույթների կայքում: Թարմացումների համար հարկ է հետևել «Այբ»-ի մրցույթներ / Ayb Contests ֆեյսբուքյան էջին կամ մեր կայքին։
Հիշեցնենք, որ «Հայերենը բոլորի համար» խորագրի ներքո անցկացվող «Մեղու» մրցույթը ծնունդ է առել Հայաստանում 2014 թ.-ին, ապա ընդլայնել իր աշխարհագրությունն աշխարհի մյուս ծայրերում ապրող հայկական սփյուռքի համար։
Հարգանքով,
«Այբ» կրթական հիմնադրամ