Նոյեմբերի 7-ին մեծ շուքով նշվեց Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարի հիմնադրման 106-րդ ամյակը։ Այդ առիթով, ձեռամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, մատուցվեց տոնական Ս․ Պատարագ։ Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Լիա Միրզոյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ։
Սրբազան Հայրն իր քարոզում խոսեց եկեղեցու դերակատարության, տեսանելի քարեղեն եկեղեցու ու հատկապես անտեսանելի՝ հոգևոր տաճարի կարևորության, Պատարագի խորհրդով և Ս․ Հաղորդությամբ Քրիստոսի հետ միության մասին։ Խոսելով Բուխարեստի Մայր Տաճարի մասին՝ Սրբազան Հայրը մասնավորապես նշեց․ ,,Արդեն մեկ հարյուրամյակից ավելի է այս հոյակերտ տաճարն իր թևերի տակ է առնում իր զավակներին և դաստիարակում քրիստոնեական ոգով, հավատքով, ազգային արժեքներով ու ավանդություններով։ Սերունդներ են անցել, բայց այսօր էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է իրականացնել իր սրբազան առաքելությունը, երկրորդ Հայրենիք դարձած հյուրընկալ այս հողի վրա մենք շարունակում ենք մեր զավակներին հայ պահել՝ սերմանելով հայ լեզուն, հավատը, մշակույթը և վառ պահել հայի ինքնությունը: Այսօր դարձյալ ալեկոծ օրեր ենք ապրում, երբ համայն աշխարհում համավարակի պատճառով փոթորկված է մարդկային բնականոն կյանքի ընթացքը, սակայն մենք չպետք է թուլանանք մեր հավատքի մեջ և ընթացքի մեջ։ Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Աստված անսասան պահի այս հոյակերտ տաճարը, մաքրի աշխարհը այս նոր համավարակից, բժշկի բոլոր նրանց, որոնք այսօր մարտնչում են այս հիվանդության դեմ։ Թող Աստված օրհնի և իր շնորհները բաշխի հայ և ռումին բարեկամ ժողովուրդներին, ամուր պահի Հայաստանի և Ռումինիայի պետականությունները` պարգևելով աստվածային խաղաղ ու արևշատ օրեր: Մեր աղոթքն ու խնկարկությունը եկեղեցու բարերարներին ու կառուցողներին,,:
Սրբազանը ներկայացրեց նաև թեմի հիմնադրման 620 ամյակի առիթով լույս ընծայած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան Պատարագի արարողությունը՝ նշելով․ ,,Դժբախտաբար ոսկեղենիկ մեր գրաբարն այսօր անհասկանալի է դարձել շատերի համար, մանավանդ Սփյուռքի մեջ ապրող մեր զավակների համար: Այս առումով Ռումանիան ևս բացառություն չէ: Ուստի հայերեն կարդալ չիմացող մեր հավատացյալների և մեր Եկեղեցու Սուրբ Պատարագով հետքրքրվողների համար գրաբարյան տեքստին զուգահեռ հրատարակում ենք նաև ռումիներեն թարգմանությունը, լատինատառ տառադարձումը և արևմտահայերեն տարբերակը: Վստահ ենք, որ սա ևս կդյուրացնի մեր ժողովրդի մասնակցությունը Սրբազան Խորհրդին: Մեր Օրհնությունն ու գնահատանքն ենք բերում բոլոր նրանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս կարևոր նախաձեռնության մեջ: Մեր գլխավոր նպատակն է ոչ միայն Պատարագի Խորհուրդը մատչելի և հասանելի դարձնել, այլև օգնել, որպեսզի Պատարագին ներկա հավատացյալն առավելապես և խորը գիտակցումով իր մասնակցությունը բերի Սրբազան արարողությանը: Վստահ ենք, որ գիրքը կծառայի իր նպատակին և խթան կհանդիսանա աղոթական կյանքի զորացման և հավատքի ամրապնդման համար,,։
Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց նաև խորանի վրա սպասավորող սարկավագներին, դպիրներին ու երգչախմբի անդամներին, ինչպես նաև Բուխարեստի հայոց ծուխի հոգևոր հովվին ու ծխական խորհրդին։
Քարոզից հետո Բուխարեստի հայոց ծուխի հոգևոր հովիվ արժ․ Տ․ Օշական քհն․ Խաչատրյանը հանուն հոգևորականների ու աշխարհականների, հավատացյալների, թեմական ու ծխական խորհուրդների անդամների շնորհավորեց Տաթև Սրբազանին եպիսկոպոսական ձեռնադրության 10-րդ տարեդարձի առիթով՝ մաղթելով քաջառողջություն և երկար տարիների բեղմնավոր հովվություն Ռումանիոյ հայոց թեմի անդաստանից ներս։
Սրբազան Հայրն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր պաշտոնյաներին, եկեղեցականներին ու աշխարհականներին եպիսկոպոսական ձեռնադրության 10-րդ ամյակի առիթով իրեն հղած շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար։
Այնուհետև, թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության 22-րդ տարեդարձի առիթով և աղոթք բարձրացվեց առ Աստված Հայոց Հայրապետի քաջառողջության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության համար։
Ավանդույթի համաձայն Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան պաշտոն բոլոր թեմակալ առաջնորդների, Բուխարեստի հայոց տաճարում ծառայած հոգևորականների, ինչպես նաև բարերարների հոգիների համար։
Այնուհետև եկեղեցու բակում օրհնվեց մատաղը և բաժանվեց ներկաներին։
Թեմակալ առաջնորդի օրհնությամբ եկեղեցու բակի պարսպի վրա նախապես բացվել էր ցուցահանդես, ուր ներկայացված են թեմի բոլոր հայոց եկեղեցիները, թանգարանում պահվող եկեղեցական արժեքավոր իրեր, երիտասարդների, պատանիների և մանուկների հետ իրականացվող տարատեսակ ծրագրերն ու միջոցառումները պատկերող լուսանկարներ։
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան