Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Մահազդ - Obituary Ժենիա Ներսիսեան
1931 Յուլիս 26 - 2021 Նոյեմբեր 4
 
Լոնդոնի Գ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարանի ամբողջ կազմը իր խորին ցաւակցութիւնն է յայտնում Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր դերասանուհի տիկ Ժենիա Ներսիսեանի ընտանիքին, նրա մահւան առիթով։
Տիկ Ժենիա Ներսիսեանը ծնւել է 1931թ. յուլիսի 26-ին, Երևանում: Աւարտել է Երևանի թիւ 3 իգական դպրոցը, 1953թ.` Երևանի գեղարւեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Նոյն թւականին, Հրաչյա Ղափլանեանի հրաւէրով, ընդունւել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն` որպէս դերասանուհի: Կերտել է շուրջ 150 թատերական դեր: 1965թ. ընտրւել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամաւոր:
Աշխատանքային գործունէութիւնը Լոնդոնում․
Տիկ Ժենիա Ներսիսեանը Լոնդոնում առաջին անգամ ելոյթ է ունեցել 1990 թւականին Համայնքային կենտրոնում ACCC, մասնակցելով հայ գրականութեանը նւիրւած երեկոյին, որի ընթացքում նա կատարել է հայ գրողների ստեղծագործութիւնները։ Նա իր առաջին իսկ ելոյթով, իր կատարողական վարպետութեամբ հիացրել է բրիտանահայ արւեստասէր հասարակայնութեանը։
1993 թւականից հաստատւելով Լոնդոնում նա ունեցել է անհատական համերգներ և մասնակցել է Լոնդոնում կազմակերպւած գրական երեկոյներին։
Տաղանդաւոր դերասանուհին մասնակցել է Հայոց ցեղասպանութեանը նւիրւած համարեայ բոլոր հանդիսութիւններին՝ ասմունքելով Պարոյր Սևակի << Անլռելի զանգագատունը >> ստեղծագործութիւնը։
Տիկ Ժ Ներսիսեանի տաղանդն ու նւիրւածութիւնը հայ համայնքին, իրենց շնորհակալական և երախտիքի խօսքերով բարձր են գնահատել՝ Ցեղասպանութեան յանձնախմբի նախագահ դկտ․ Ռոստոմ Ստեփանեանը, Բրիտանահայ Համայնքային և Եկեղեցական Խորհրդի անդամներ՝ պրն Կարպիս Եսայեանը և պրն Անդրանիկ Ցուլիկեանը, տիկ Նուրիցա Մաթոսեանը, տիկ Նունէ Սարգսեանը, Հայաշէնի տնօրինութիւնը և այլն։
Նա Հայաշէնի երիտասարդական ակումբում բեմադրել է <<Մկների ժողովը>>, <<Մի կաթիլ մեղրը>>, << Շունն ու կատուն>> ստեղծագործութիւնները։
1996 թւականին տիկ Ժ Ներսիսեանին բախտ է վիճակւել խաղալ անգլիական բեմում, անգլերէն լեզւով << Դատավճիռը>> թատերախաղում և արժանացել է մամուլի բարձր գնահատականին։
1996 թւականից տիկ Ժ Ներսիսեանն աշխատել է Լոնդոնի Գ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարանում։
Տաղանդաւոր դերասանուհին այդ առթիւ արտայայտւել է․ <<Ես ինձ շատ երջանիկ զգացի, քանի որ ինձ հնարաւորութիւն էր տրւում շփւելու երեխաների հետ, ճանաչել նրանց հոգին։ Ես ստուդիա եմ ունեցել , Հայաստանում շատ եմ աշխատել երիտասարդների հետ, սակայն լոնդոնահայ երեխան ուրիշ է․․․>>
Նա երեխաներին ծանօթացրել է հայ գրականութեանն ու հայոց պատմութեանը, հայ մշակոյթին և թատրոնին։
Վարժարանում նրա առաջին բեմադրութիւնն էր Վահան Թէքէեանի <<Խորհուրդ Վարդանանց>> ստեղծագործութիւնը՝ ուսուցիչների և աշակերտների մասնակցութեամբ, գլխաւոր դերակատարը տիկ Ժ Ներսիսեանն էր։ Նա աշխատում էր մեծ ոգևորութեամբ․․․ հայրենիքից հեռացած, բեմին խենթի պէս կարօտած․․․ և այսպէս սկսւեց բեմադրութիւնների շարանը։
Դպրոցում նա բեմադրեց Յովհ․Թումանեանի յամարեայ բոլոր հեքիաթները, <<Անուշ>> պոեմը, Վ Սարոեանի << Իմ սիրտը լեռներում>>, Խնկո Ապոր <<Մկների ժողովը>>, <<Իսկական ընկերը>>, Ռ Մարուխեանի <<Պարզ նախադասութիւն>>։ Նա բեմադրեց <<Տիգրան մեծ աշխարհակալ տիրակալը>>, Անի մայրաքաղաքի հիմնադրման 1000 ամեակին նւիրւած <<Բագրատունեաց թագաւորութեան Անի մայրաքաղաքը>> բեմադրութիւնները։ Հայոց ցեղասպանութեան 100 ամեայ տարելիցին նւիրւած ձեռնակների շարքում նա բեմադրեց Գ Թահթայի << Այսպէս ապրեցանք>> գիրքը ուսուցիչների և աշակերտների մասնակցութեամբ, Դանիէլ Վարուժանի և Պարոյր Սևակի կեանքն ու ստեղծագործութիւնները։ Նա առանձնայատուկ ոգեւորութեամբ բեմադրեց Յովհ․Թումանեանի <<Սասունցի Դաւիթ>> էպոսը աշակերտների մասնակցութեամբ և այնուհետև կատարեց մենաներկայացում համայնքի համար՝ Բրիտանահայ Համայնքային Խորհրդի հովանաւորութեամբ։ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման 25-րդ ամեակի առթիւ բեմադրեց Գ Էմինի <<Յաւերժի ճամփորդը>> ստեղծագործութիւնը։
Վաստակաշատ դերասանուհի տիկ Ժ Ներսիսեանը չի խնայել իր ուժն ու եռանդը, հնարաւորութիւնն ու տաղանդը ներդնելու հայ մշակոյթի պահպանմանը ինչպէս հայրենիքում, այնպէս էլ հայրենիքից դուրս։
Նա արժանացել է բազմաթիւ մեդալների և պատվոգրերի: 1976թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2011թ.` ՀՀ մշակոյթի նախարարութեան ոսկե մեդալի, 2012թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:
Սիրելի տիկ Ժենիայի յիշատակը միշտ վառ կմնայ բոլորիս սրտերում։
Աստւած լուսաւորի նրա հոգին և ուժ ու համբերութիւն տայ ընտանիքին և հարազատներին։
 
Ռուզաննա Թաթուլեան
Գ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարան