Վերնագիրը բխել է ֆրանսերեն արտահայտությունից, որը ես օգտագործել եմ Հայաստանում տիրող իրավիճակը նկարագրելու համար:
Հայաստանում անկախությունից 30 տարի անց կարելի էր ակնկալել պայմանների էական փոփոխություններ, սակայն, ցավոք, այդպես չէ։
Անկախության սկզբնական տարիներին, երբ ինչ-որ մեկը մատնանշում էր ղեկավարների որոշումների թերությունները, նրանք պատասխանում էին. «Մենք դեռ երիտասարդ Հանրապետություն ենք»։ Նրանք շարունակեցին արդարանալ՝ չնչին հետաքրքրություն չցուցաբերելով լսելու որևէ խորհուրդ և չցանկանալով կատարել որևէ փոփոխություն։ Երեք տասնամյակ անց Հայաստանն այլևս երիտասարդ Հանրապետություն չէ, բայց նույն սխալները կրկնում են Հայաստանի ներկայիս ղեկավարները։
2018-ին կառավարման փորձ չունեցող նորելուկը եկավ իշխանության՝ որպես հակազդեցություն արհամարհված նախկին ղեկավարների։ Նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճարպկորեն շահագործեց նախորդ նախագահների հանդեպ հանրության դժգոհությունը և շահեց ժողովրդի վստահությունը՝ տալով բազմաթիվ խոստումներ ավելի լավ ապագայի համար։ Հայերն ամենուրեք, հուսահատորեն ձգտելով փոփոխությունների, հավատացին իրենց լսածին և կուրորեն հետևեցին նոր «Փրկչին»:
Ցավոք, վերջին 3,5 տարում երկրում էական ոչինչ չի փոխվել։ Իրականում իրավիճակն ավելի վատթարացել է՝ ավարտվելով անցյալ տարվա պատերազմի ժամանակ Հայաստանի կրած ջախջախիչ պարտությամբ։ Նոր ղեկավարի տված շռայլ խոստումները չիրականացան։ Ինքնակոչ ժողովրդավար Փաշինյանը հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ սարսափելիորեն քարոզարշավն իրականացրեց մուրճը ձեռքին՝ խոստանալով ջարդել իր քաղաքական հակառակորդների գլուխները։ Թեև նա իշխանության եկավ որպես ժողովրդի մարդ, սակայն արագորեն իր կառավարությունը վերածեց միանձնյա ղեկավարման՝ անտեսելով ոչ միայն հանրությանը, այլև իր իսկ նախարարների խորհրդի անդամների խորհուրդները, ինչի հետևանքով երկու իրար հաջորդող արտգործնախարարներ հրաժարական տվեցին։
Զարմանալի չէ, որ Փաշինյանը նաև անհմուտ է վարել Հայաստանի հարաբերությունները Սփյուռքի հետ։ Նա սկսեց Սփյուռքի նախարարությունը փակելով՝ առանց Սփյուռքի ղեկավարների կամ կազմակերպությունների հետ խորհրդակցելու: Երբ նրանցից ոմանք զգուշացնում էին, որ նման սխալ որոշում չընդունի, նրանք բոլորովին անտեսվեցին։
Փաշինյանի արդարացումն այն էր, որ Սփյուռքի նախարարությունն արդյունավետ չի եղել։ Այն փակելու փոխարեն, արդյոք նախընտրելի չէ՞ր այն բարելավել ավելի լավ ղեկավարությամբ: Նման թերի տրամաբանությամբ նա կարող էր փակել նաև պաշտպանության նախարարությունը, եթե մտածեր, որ այն պատշաճ չի գործել․․․
Սփյուռքի նախարարությունը ցրելուց հետո վարչապետը «Սփյուռքի գործերի գերագույն հանձնակատար» նշանակեց Զարեհ Սինանյանին՝ իր նվիրյալներից մեկին Կալիֆորնիայի Գլենդել քաղաքից։ «Գերագույն հանձնակատար» դառնալուց հետո 2,5 տարվա ընթացքում Սինանյանը շատ բան չունի ցուցադրելու որպես իր ջանքերի արդյունք։ Նա բազմիցս զբաղվել է կողմնակալ քաղաքականությամբ՝ նսեմացնելով Սփյուռքում վարչակարգի քննադատներին, ինչը նրա գործը չէ: Անհավատալիորեն, նա Հայաստանին առաջարկեց ներգրավել արաբ ներգաղթողներին՝ խթանելու երկրի նվազող բնակչության թիվը՝ մոռանալով, որ ներգաղթը իր պարտականությունների մեջ չի մտնում: Նրա գործը սփյուռքահայերի, այլ ոչ թե այլազգիների հետ հարաբերությունների բարելավումն է։
Հոկտեմբերի 21-ին Սինանյանը հայտարարեց աշխարհի տարբեր հայկական համայնքներում «Սփյուռքի գործերի հանձնակատարներ» նշանակելու կառավարության նոր ծրագրի մասին։ Այս հանձնակատարներին նշանակելու է վարչապետ Փաշինյանը՝ Սինանյանի առաջարկությամբ։ Նրանց նպատակը՝ «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումն է և երկու կողմերի աշխատանքների արդյունավետության բարձրացումը։ Այն նաև ձգտելու է ապահովել կայուն հարաբերություններ հայ համայնքների միջև, ներգրավել Սփյուռքի ողջ ներուժը, ինչպես նաև աջակցել հայապահպանությանը, հայրենադարձությանը և Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը միտված միջոցառումների կազմակերպմանը»:
Սա նախկին Սփյուռքի նախարարությունից կրկնօրինակված գաղափարի փոփոխված տարբերակն է, որը տնօրենների խորհուրդ էր նշանակել՝ տարբեր երկրներում նախարարությունը ներկայացնելու համար: Ես 10 տարի ծառայել եմ այդ խորհրդի կազմում։ Բացի այդ, Սփյուռքի նախարարությունը արտգործնախարարության հետ համատեղ Հայաստանի դեսպանատներում և հյուպատոսություններում աշխատակիցներ է նշանակել՝ որպես օղակ Հայաստանի կառավարության և տեղական համայնքների միջև:
Մնում է սպասել, թե ում կնշանակեն Փաշինյանն ու Սինանյանը որպես իրենց ներկայացուցիչներ սփյուռքյան համայնքներում։ Բայց հաշվի առնելով ներկայիս կառավարության բացահայտ կողմակալ քաղաքականությունը, չպետք է զարմանալ, եթե նրանք նշանակեն իրենց անորակ կողմնակիցներին, որոնց իսկական գործը կլինի իշխանամետ քարոզչությամբ զբաղվելը:
Հետաքրքիր է՝ հաղորդվել է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեմ է արտահայտվել տեղական հանձնակատարներին նշանակելուց առաջ օտարերկրյա կառավարությունների հավանությունը ստանալուն: Նա ճիշտ մատնանշել է, որ նման հաստատումներ անհրաժեշտ են միայն օտար երկրներում դիվանագետների, օրինակ՝ դեսպանների նշանակման համար։ Հետևաբար, ծրագիրը փոփոխվել է՝ վերացնելով նման հաստատումների անհրաժեշտությունը: Այդուհանդերձ, Սինանյանը զարմանալիորեն հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանը պետք է օրենք ընդուներ Սփյուռքի տեղական հանձնակատարներին նշանակելուց առաջ։ Անհասկանալի է, թե ինչու կառավարությունը պետք է նման օրենք ընդունի։ Այս անձինք պետք է ծառայեն որպես խորհրդական՝ առանց պաշտոնական լիազորությունների և առանց վարձատրության:
Հաշվի առնելով հայության լուրջ պառակտումը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, անկախ նրանից, թե իշխանությունը ում կնշանակի, նա կքննադատվի այս կամ այն կազմակերպությանը, եկեղեցուն կամ քաղաքական կուսակցությանը պատկանելու համար: Անվերջ դժգոհություններ են լինելու այս նշանակվածներից։
Նոր հեծանիվ հայտնագործելու կարիք չկար։ Սփյուռքի ներկայացուցչի ընտրության ճիշտ ձևն այն է, որ յուրաքանչյուր սփյուռքահայ համայնք ընտրի իր ներկայացուցչին համաժողովրդական քվեարկությամբ: Միայն այդ դեպքում կարելի է ասել, որ ընտրված անհատը իր համայնքի իրական ներկայացուցիչն է: Ոչ ոք, այդ թվում՝ Հայաստանի կառավարությունը, իրավունք չունի նման ներկայացուցիչ նշանակել։ Ծիծաղելի է, որ վարչապետն ու Սինանյանն անձամբ են տեղեկացվել այս ձևակերպման մասին, սակայն որոշել են անտեսել այն։ Այնուհետև իրենց համայնքների կողմից ընտրված ներկայացուցիչները կկազմեն ապագա Սփյուռքահայ խորհրդարանը։
Հերթական անգամ Փաշինյանի կառավարությունը որոշումներ է ընդունում՝ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու։ Ժամանակն է, որ կառավարությունը ներքին հարցերի շուրջ խորհրդակցի ժողովրդի հետ Հայաստանում, իսկ համահայկական հարցերի շուրջ՝ սփյուռքի ընտրված ներկայացուցիչների հետ։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի