Հոկտեմբերի 17-ին չեխական Բռնո քաղաքում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի շլացուցիչ ելույթով ավարտվեցին «Մորավյան աշուն» 51-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվող Հայկական օրերը, որոնք նվիրված էին Հայաստանի անկախության 30-ամյակին։ Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախումբը իրավամբ աճել է եւ դարձել եվրոպական մակարդակի երաժշտախումբ, որն իրավամբ կարելի է համարել Հայաստանի այցեքարտերից մեկը։ Այս փառատոնում ֆիլհարմոնիկը ելույթ էր ունեցել ուղիղ 15 տարի առաջ։
Փառատոնի փակման ծրագիրը առաջարկվել էր կազմակերպիչների կողմից՝ Մանսուրյան, Տերտերյան, Խաչատրյան։ Բայց մինչ համերգային ծրագրի սկսելը, բեմ բարձրացան Բռնոյի ֆիլհարմոնիայի տնօրեն եւ փառատոնի գլխավոր կազմակերպիչ Մարիե Կուչերովան, Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հարավմորավական երկրամասի հեյթման Յան Գրոլիխը եւ Բռնո քաղաքի մշակույթի գծով խորհրդական Մարեկ Ֆիշերը։ Հայաստանի դեսպանը չեխերենով կազմակերպիչներից շնորհակալություն հայտնեց փառատոնի շրջանակներում հայկական օրեր անցկացնելու եւ Հայաստանին աջակցելու համար, իսկ չեխ պաշտոնյաները իրենց հիացմունքը հայտնեցին նման մակարդակով հայկական երաժշտական ժառանգություն ներկայացնելու համար։ Հիշեցնեմ, որ մեկ շաբաթ առաջ փառատոնի շրջանակներում ելույթ էր ունեցել նաեւ «Նաղաշ» անսամբլը եւ ցուցադրվել էր հայ երաժշտությանը նվիրված ֆիլմ, հնչել էր Ալան Հովհաննեսի երաժշտությունը։
Համերգային ծրագրի առաջին մասում հնչեց Տիգրան Մանսուրյանի ալտի առաջին կոնցերտից «…and then I was in time again» հատվածը, որը նվագախմբի կամերային մասի երաժիշտների հետ վարպետորեն կատարեց հայտնի ջութակահար Լուկա Ռանիերին։
Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան Հայաստանի ֆիլհարմոնիկը կատարեց արհեստավարժորեն եւ ստիպեց այդ դժվարամարս ստեղծագործությունը ունկնդրել մինչեւ վերջ՝ քար լռության պայմաններում, ցույց տալով դասականի ու ազգայինի համատեղելիության օրինակ։
Համերգի երկրորդ մասում Մաեստրո Թոփչյանի հմուտ ղեկավարությամբ նվագախումբը ցույց տվեց Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի ողջ հզորությունն ու հայկական դասական երաժշտության հմայքը։ Դահլիճը հոտընկայս ծափահարեց հայկական նվագախմբին, որին ի պատասխան Էդուարդ Թոփչյանը իբրեւ անակնկալ բեմ հրավիրեց Երեւանի օպերային թատրոնի երիտասարդ կատարողներ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանին եւ տենոր Տիգրան Հակոբյանին, ովքեր կատարեցին Դվորժակի Ջրահարսի եւ Մասկանիի Տուրիդայի դերերգերից արիաներ։ Իհարկե, դահլիճը ջերմորեն ընդունեց նրանց ելույթը, բայց Օպերապլյուս երաժշտական կայքէջի մեկնաբանը նշել էր, որ թերեւս չարժեր փոխել ողջ համերգի ազդեցիկ մթնոլորտը՝ հատկապես Խաչատրյանի կոնցերտից հետո։
Ինչեւէ, գլխավոր կազմակերպիչ Մարիե Կուչերովան մեզ հետ զրույցում հայտնեց, որ շատ ուրախ էր փառատոնի հայկական ուղղության համար, եւ քանի որ «Մորավյան աշունը» հայտնի է իբրեւ բարդ փառատոն, նաեւ հայ կոմպոզիտորների գործերը ընտրվել էին այդ չափանիշով։ «Մեզ հաջողվեց ներկայացնել հայկական երաժշտությունն իր բոլոր գույներով։ Թե՛ «Նաղաշի» ներկայացրած ֆոլկ երաժշտությունը, թե՛ գերմանական ֆիլմը՝ ժամանակակից հայ երաժշտության մասին, ակուստիկ ձայնագրությունը, եւ թե՛ Ալան Հովհաննեսի գործի կատրումը շատ հետաքրքիր էին։ Իսկ գագաթնակետը միանշանակ Հայաստանի ֆիլհարմոնիկի ելույթն էր։ Մենք ոչ թե հանրամատեչելի, այլ բարդ փառատոն ենք, եւ մեր հանդիսատեսը սովոր է ունկնդրել բարդ գործեր։ Այս ստեղծագործություններից ոչ մեկն այստեղ չէր կատարվել եւ բոլորը պրեմիերա էին Բռնոյի երաժշտասեր հանդիսատեսի համար։ Մեր հանդիսատեսը բաց է եւ ընդունում է ամեն ինչ, դրա վկայությունն էին նաեւ բուռն ծափահարությունները։ Երբ մենք հայտարարեցինք, որ Հայաստանը ներկայացվելու է այս փառատոնին, բոլորը մեծ հետաքրքրությամբ սպասում էին։ Հայաստան անունը լսելիս, բոլոր դրական արձագանք են տալիս»,- ասաց տիկին Կուչերովան։
Փառատոնի դրամատուրգ Վիտեժսլավ Միկեշի կարծիքով, հայկական օրերը կարելի է հաջողված համարել, եւ ինքը շատ ուրախ է, քանի որ ներկայացրել են հայկական երաժշտության բազմաժանրությունը, ոչ միայն դասականն ու ֆոլկլորը, այլեւ ֆիլմերի միջոցով նաեւ այլ ուղղությունները։ Հաջորդ տարի ամռանը կներկայացնեն Տիգրան Մանսուրյանի նոր ստեղածագործության համաշխարհային պրեմիերան, որն անվանի կոմպոզիտորը գրում է հատուկ Բռնոյի ֆիլհարմոնիայի համար։ Ես հայկական մշակույթի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեմ, եւ այսօր էլ հանդիսատեսը ապացուցեց, որ սա ոչ թե քաղաքական ինչ որ ակցիա է, այլ հայկական երաժշտության խորությունը զգալու պահանջ»,-ասաց նա։
Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ասելով. «Բռնոյի ունկնդիրը եւ երաժշտական ավանդույթները շատ հայտնի են։ Եվ այստեղ նվագելը մեծ պատասխանատվություն է, քանի որ ունկնդիրը շատ բանիմաց է։ Ծանր հայկական ծրագիրը ընտրվել էր փառատոնի կողմից։ Հատկապես Տերտերյանի սիմֆոնիան, քանի որ այն նախ պետք է հասկանալ, հակառակ պարագայում դժվար կլինի լսելը։ Մանսուրյանը հայտնի կոմպոզիտոր է Բռնոյում։ Ուստի ես նախընտրեցի երկրորդի փոխարեն, Ալտի առաջին կոնցերտը նվագել, քանի որ այն շատ եմ սիրում։ Իսկ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան ոչ միայն փառահեղ ստեղծագործություն է, այլեւ դոկումենտ է մեր ժողովրդի համար, համաշխարհային լեզվով մարդկանց հետ խոսելու համար։ Իհարկե, իմ տարիների երազանքն էր, որ մեր նվագախումբը լինի համաշխարհային բարձր մակարդակի նվագախումբ, եւ կարող եմ ասել, որ վերջին հինգ տարիներին այն բավականին աճել է։ Այդ ուղղությամբ աշխատում ենք, չեմ ուզում ես ինքս մեզ գնահատական տալ, բայց այդ ճանապարհին հաջողություններ ունենք»։
Ֆիլհարմոնիկը Չեխիայից մեկնեց Իտալիա, որտեղ համերգներ են նախատեսվում Օպերա Գալայում եւ Ֆլորենցիայում, ուր նաեւ կատարելու են Բեթհովեն։ Ի դեպ, նաեւ տեղեկացանք, որ ֆիլհարմոնիկը ձայնագրել է Բեթհովենի բոլոր սիմֆոնաները եւ արդեն դրանց նկատմամբ մեծ հետաքրքրություն կա Եվրոպայում։
Փառատոնային վերջին օրվա համերգին իբրեւ ունկնդիր ներկա էր համաշխարհային օպերային աստղ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Երեւանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը։ Պատասխանելով մեր հարցմանը, մեծանուն երգչուհին սիրով կիսվեց իր տպավորություններով. «Այսօրվա համերգը շատ մեծ լույս էր այս մղձավանջի մեջ։ Եվ հատկապես ծրագիրը՝ Մանսուրյան, Տերտերյան, Խաչատրյան՝ հույս է տալիս, որ դեռ մենք կանք, լինելու ենք։ Իհարկե, շատ հարցեր են նաեւ առաջանում։ Մենք այսօ՛ր չունեցանք այս արվեստը, այս երաժշտությունը, այս մշակույթը։ Հիմա մեզ ամեն ձեւով այնքան են խեղճացրել, որ ստիպված կառչում ենք այս փրփուրներից։ Իհարկե, շատ -շատ տպավորված եմ ունկնդրի արձագանքից՝ այդպիսի՜ լուռ դահլիճ։ Միակ բանը, որ այժմ Հայաստանում կարոտում եմ, Եվրոպայի լուռ դահլիճներն են։ Որովհետեւ Հայաստանում ամենաբարձր մակարդակի համերգները նույնիսկ անցնում են լուսանկարիչների տեսախցիկների չխչխկոցների տակ կամ հեռախոսներով համերգը նկարահանելով։ Չեմ հասկանում, ինչու համար են մարդիկ գալիս համերգ, վճարում մեծ գումար, եւ չեն ունկնդրում համերգը՝ խանգարելով մյուսներին»։
Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ում հովանու ներքո անցկացվեցին Հայկական օրերը, շատ բարձր է գնահատում «Մորավյան աշուն» փառատոնի անցկացումը՝ հատկապես հայկական մասը, որը կազմված էր մի քանի համերգից։ Դեսպանը մի անգամ եւս հիշեցրեց, որ փառատոնի կազմակերպիչները հայկական օրերի անցկացումը համարում են նաեւ համերաշխության դրսեւորում առ Հայաստան։ «Թե՛ նախորդ օրերի կատարումները, եւ թե՛ այսօրվա ֆիլհարմոնիկի փառահեղ ելույթը, նման էր մի հրաշքի, որին մենք ականատես եղանք։ Կրկին պետք է մեջբերեմ փառատոնի տնօրենի խոսքերը, որ թեեւ Հայաստանը փոքր երկիր է, մեծ խնդիրներ ունի, բայց երաժշտական գերտերություն է, ինչը մենք ապացուցեինք եւս մեկ անգամ»,- եզրափակեց Հայաստանի դեսպանը։
Համերգից հետո տրվեց ընդունելություն՝ նվիրված փառատոնի փակմանը եւ Հայաստանի անկախության 30-ամյակին, որի ընթացքում տիկին Կուչերովան շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, եւ հատկապես Հայաստանի ֆիլհարմոնիկին եզրափակիչ համերգի համար։
Ի դեպ, հայ անվանի երաժիշտների ելույթներն այդպիսով չավարտվեցին։ Հաջորդ օրը Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահում անմոռանալի ելույթ ունեցավ հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, իսկ հոկտեմբերի 23-ին Պրահայի կոնսերվատորիայի դահլիճում ելույթ կունենա հայտնի ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը։
Հակոբ Ասատրյան
Պրահա
Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի եւ Բռնո ֆիլհարմոնիկի՝ Վոյտեխ Կաբայի