Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

51-րդ անգամ  Չեխիայի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Բռոնյում  անցկացվող «Մորավյան  աշուն» միջազգային երաժշտական փառատոնն այս տարի զարդարեցին Հայաստանի օրերը, որոնք նվիրվեցին նաեւ մեր երկրի անկախության 30 -ամյակին։

 Նոյեմբերի 10ին օրերի բացումը ազդարարեց  հայկական երաժշտությանը նվիրված ֆիլմի ցուցադրությունը։  Գերմանացի կինոռեժիսոր  Աննա-Քաթրին Պեյցի /Anne-Kathrin Peitz/  «Հոգու խորքից-Ճամփորդություն Հայաստանի երաժշտական աշխարհում» վավերագրական ֆիլմով ներկայացնում էր Հայաստանի երաժշտական ժառանգությունը՝ անդրադառնալով հայկական  երաժշտական գործիքների պատմությանը, բոլոր տեսակի երաժշտական ուղղություններին՝ ժողովրդականից, դասականից մինչեւ ավանգարդ ու «heavy metal»։

Սիրով, խորը իմացությամբ ու մասնագիտական ճաշակով նկարահանված ֆիլմում տարբեր սերունդների անվանի երաժիշտներ ներկայացնում են հայկական երաժշտության գաղտնիքները։ Ֆիլմի հեղինակները զրուցել էին Տիգրան Մանսուրյանի, Գեւորգ Դաբաղյանի, երաժշտության պատմության գիտակ, երաժշտագետ Տիգրան Վարդանյանի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակից  Տաթեւիկ Շախկուլյանի, «Այաս» ռոք խմբի հիմնադիր եւ մեներգիչ Արթուր Միտինյանի, ջազային դաշնակահար Վահագն Հայրապետյանի հետ։ Դուդուկի եւ քանոնի ստեղծման եւ օգտագործման առանձնահատկություններին էին ծանոթացնում դուդուկ պատրաստելու վարպետ Կարեն Միքայելյանը եւ հայտնի քանոնահար Նարեկ Կազազյանը։ Ֆիլմում ներկայացվում էր նաեւ Կոմիտասի, Խաչատրյանի, Տերտերյանի, Մանսուրյանի երաժշտությունը։  Ֆիլմն իր ամբողջության մեջ մի ներբող էր հայկական մշակույթին ու երաժշտությանը։  Այդ մասին էր նաեւ  «Մորավյան աշուն» փառատոնի դրամատուրգ Վիտեժսլավ Միկեշի խոսքը, որը ներկայացրեց նաեւ բոստոնահայ Չարլզ Ամիրխանյանի «Միացում» ձայնագրությունը՝ նվիրված Հայաստանում իր ճամփորդության ընթացքում ձայնագրած տարբեր ձայներին եւ երաժշտական հնչյուններին։  

Փառատոնի երեկոյան ծրագրում հանդես եկավ հայաստանյան «Նաղաշ» անսամբլը՝ Ջոն Հոդյանի ղեկավարությամբ։ Հայկական երաժշտախումբը ներկայացրեց «Աքսորի երգեր» շարքի տարբեր ստեղծագործություններ եւ արժանացան Բռնոյի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Ջոն Հոդյանը, այս ծրագրում ընդգրկել էին թե՛ հին, եւ թե՛ նոր գործեր։  Չեխ հանդիսատեսը «Նաղաշ» անսամբլին արդեն  ծանոթ էր Պրահայում եւ Չեսկի Կրումլովի փառատոնային ելույթներից։  Ինչպես եւ նախկինում, այս անգամ էլ իրենց ձայնով եւ կատարողական արվեստով հիացրեցին սոպրանոներ Հասմիկ Բաղդասարյանն ու Տաթեիկ Մովսեսյանը, ալտուհի Արփինե Տեր-Պետրոսյանը, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, ուդահար Արամայիս Նիկողոսյանը, դհոլի վարպետ Տիգրան Հովհաննիսյանը , եւ իհարկե դաշնակահար եւ անսամբլի հիմնադիր Ջոն Հոդյանը։

Եվս մի հայկական ներկայություն փառատոնը ապահովեց հոկտեմբերի 14-ին, երբ Ամստերդամի թաջութակահարների քառյակը եւ Մակի Նամեկավան կատարեցին ամերիկահայ հայտնի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի «Լուսածագ» ստեղծագործությունը։

Իսկ  «Մորավյան աշուն» երաժշտական փառատոնի փակման զարդը դարձավ  հոկտեմբերի 17-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը՝ Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, որի մասին կգրենք առանձին։

Հիշեցնենք, որ Հայկական օրերը անցկացվեցին Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի բարձր հովանու ներքո։

Հ.Ա. Օրեր

Լուսանկարները՝ Հ. Ասատրյանի եւ Filharmonie Brno-ի