Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հոկտեմբերի 14-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ միտված կրակի դադարեցմանը, և արցախահայության անվտանգության ապահովման համատեքստում կարևորել է ՌԴ խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։

Միաժամանակ, նախարար Միրզոյանը կողմերի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ դրույթներ դեռևս իրականացված չեն, և այս համատեքստում ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի և այդ ձևաչափին տրված միջազգային մանդատի շրջանակներում՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։

 

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գումարված ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին:

Միջոցառման ընթացքում, որն անց է կացվել նեղ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով, ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կառույցի հետագա զարգացման համատեքստում մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ, մանրամասն քննարկել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար փոխգործակցությանն առնչվող հարցեր:

ՏեսադարանԱԳ նախարարներն ամփոփել են կազմակերպության հիմնադրումից ի վեր՝ անցած երեսուն տարիների ընթացքում, իրականացված աշխատանքները և իրագործված ծրագրերը, դիտարկել են ԱՊՀ զարգացման հեռանկարները և գործունեության առաջնահերթ ուղղությունները:

Նիստի ընթացքում անդրադառնալով կառույցի հետագա զարգացմանը՝ նախարար Միրզոյանը ընդգծել է մասնակից պետությունների կողմից ԱՊՀ հիմնարար փաստաթղթերում արտացոլված ինքնիշխանության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի, պետական սահմանների անխախտելիության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման ու վեճերի՝ խաղաղ միջոցներով կարգավորման սկզբունքներին հավատարմության կարևորությունը։  Վերոնշյալը շեշտվել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի համատեքստում։

Կարևորելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը։ 

ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք հայտարարություններ, որոնք հաջորդ օրը կներկայացվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը։ Նիստի ընթացքում համաձայնեցվել են նաև ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև բազմամակարդակ խորհրդակցությունների 2022թ. ծրագիրը, Կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիայի ամրապնդման մասին ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների հայտարարությունը, Ահաբեկչությանը և ծայրահեղականության այլ դրսևորումներին հակազդման խնդիրների հետազոտության հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպություն ստեղծելու որոշումը  և այլ փաստաթղթեր: