Հոկտեմբերի 11, 2021 թ․, Երևան։ Հոկտեմբերի 10-ին «Ավրորայի» վենետիկյան միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել Aurora Dialogues «Առողջապահական անվտանգություն. Կորոնավիրուսի համավարակի հումանիտար մարտահրավերները» թեմայով քննարկում, որի ընթացքում բանախոսներն անդրադարձել են համավարակի եւ աղետի ռիսկի գործոններին, որոնց թվում են միջազգային համերաշխության պակասը, աղքատությունը, հակամարտությունների թվի աճը։
Մասնակիցները քննարկել են նաեւ կորոնավիրուսի համավարակից քաղած դասերն ու թե ինչպես պատրաստվել ապագա համավարակները կանխարգելելուն:
Քննարկումը տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի գլխավոր դահլիճում: Վարժարանը հիմնադրվել է Վենետիկում 1836 թ. եւ գտնվում է բարոկկո ոճի Կա Զենոբիո պալատում, որը կառուցվել է 1690-ին: Մխիթարյաններն այն ձեռք են բերել 1850-ին: Վարժարանը հայտնի է իր հայ եւ արտասահմանցի նշանավոր շրջանավարտներով: Տարիներ շարունակ Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը տրամադրել է ակադեմիական բարձրագույն չափանիշներին համապատասխան կրթություն՝ իր ժամանակի լավագույն մանկավարժների հետ: Վարժարանը փակվել է 1997 թ. եւ այսօր այն ծառայում է՝ որպես Վենետիկի բիենալեի եւ այլ միջոցառումների անցկացման վայր:
Բանախոսներ՝
Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ, Flagship Pioneering ընկերության գլխավոր գործադիր տնօրեն
Մարդկային զոհերի եւ տառապանքի ողբերգության տեսանկյունից կորոնավիրուսը համարժեք է մարդկության դեմ հանցագործության որեւէ տեսակի: Իսկ այն ինչ կոչում ենք առողջապահություն, ես «առողջի» փոխարեն ավելի շուտ կօգտագործեի «հիվանդ» բառը: Որպեսզի առողջապահությունը հասնի ձեզ, նախ պետք է հիվանդանալ: Պատկերացրեք մի պահ, թե ի՞նչ կլիներ, եթե մենք մեր փողերի 10%-ը ծախսեինք իրական առողջապահության վրա:
Ռուբեն Վարդանյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Noôdome հարթակի համահիմնադիր
Այն ինչ կատարվել է մեզ հետ վերջին երեք տարում, բոլորիս է առնչվել եւ ցավ պատճառել՝ ոչ միայն մարդկանց, որոնք ներգրավված են առողջապահության ոլորտում: Մեկուկես տարի առաջ, երբ Մոդերնան դարձավ առողջապահության ոլորտի հիմնական շարժիչներից մեկը՝ փրկելով միլիոնավոր կյանքեր, իսկապես խորհրդանշական է: Դա ճիշտ այն էր, ինչ մենք Նուբարի հետ մտածում էինք, թե որքան կարեւոր է քայլեր ձեռնարկել ոչ միայն մարդասիրության ոլորտում, այլեւ փոփոխություններ իրականացնել տարբեր ուղղություններով աշխարհում՝ հատկապես Հայաստանում:
Լորդ Արա Դարզի
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն
Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրն այս դահլիճում կհամաձայնվի, որ կորոնավիրուսը բերեց մի շարք սոցիալ-տնտեսական եւ մշակութային հետեւաքների, որոնց ազդեցությունը մենք դեռ երկար կզգանք: Մասնավորապես, համավարակն ի ցույց դրեց, սրեց ու ամրապնդեց մեր հասարակություններում առկա անհավասարությունները: Այն նաեւ որոշ անհատների եւ խմբերի, որոնք ապրում են աշխարհի վտարբեր անկյուններում եւ համայնքներում, դարձրել է ավելի խոցելի, քան նախկինում էին:
Փոլ Ֆարմեր
2021 թ. «Ավրորայի» հերոս, բժիշկ-մարդաբան, «Առողջապահական գործընկերներ» կազմակերպության համահիմնադիր եւ գլխավոր ռազմավար
Ավելացնելով ձեր թվարկածներին՝ ես վստահ եմ, որ մենք կանգնած ենք ճժնաժամի առաջ այն առումով, թե ինչպես ենք մենք կրթում մարդկանց, որոնք կլինեն այս անվտանգության եւ առողջապահական համակարգերի մասը: Եվ հաստատ կարիք կլինի, որպեսզի ավելի շատ ներդրում արվի համալսարաններում՝ ընդհանուր առմամբ մեր ծառայությունների որակը բարձրացնելու համար:
Մերի Ռոբինսոն
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ
Խնդիրն այն է, որ կորոնավիրուսը սրեց եւ ցույց տվեց, թե որքան փոխկապակցված են դրանք:
Լեյմա Գբովե
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նոբելյան դափնեկիր, լիբերիացի խաղաղության ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան
Աշխարհում այս ամենի մեջ մարդիկ դուրս են մնում ուշադրությունից: Ամենն, ինչ արել ենք՝ տեխնոլոգիայից սկսած մինչեւ այս եւ այն ու մի ուրիշ բան, հանուն մարդու բարօրության էր, բայց ինչ-որ կերպ մենք հաջողացրինք մարդուն դուրս թողնել այս շղթայից: Մենք բոլորս դառնում ենք փախստական: Մենք պետք է նաեւ հասկանանք, թե ինչ է դա բերում իր հետ՝ սով, աղքատություն, բազմաթիվ այլ հետեւանքներ: Կարծում եմ՝ ժամանակն է վերաձեւակերպելու, եթե մենք իրոք դառնում ենք փախստական, այդ դեպքում ո՞րն է խաղաղությունը: Շատ դեպքերում մարդիկ կարծում են, թե խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունն է, իսկ ես հավատացած եմ, որ խաղաղությունը այն պայմանների առկայությունն է, որոնք արժանապատվություն են ապահովում յուրաքանչյուրի համար: Եվ ես կարծում, որ ժամանակն է իսկապես մտածելու, թե ինչ անել, որը կազդի մարդկանց համար կարեւոր մանրուքների վրա: Դուք խոսեցիք տեղական համայնքների մասին: Ես իսկապես երջանիկ էի, երբ առանձնացրիք տեղական համայնքները: Գիտեք՝ ինչո՞ւ է դրանց պայքարն արդյունավետ կորոնավիրուսի դեմ պայքարում, որովհետեւ դրանք կենտրոնացել են մարդկանց վրա: