2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ին նշվում է «Գրադարանավարի օր»ը:
Տոնի շրջանակում յուրահատուկ ցերեկույթ էին կազմակերպել Հայաստանի ազգային գրադարանում:
Հոկտեմբերի 5-ին գրադարանի մեծ ցուցասրահում բացվեց արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նորայր Ադալյանի ծննդյան 85-ամյակին նվիրված գրականության և ամսագրերի ցուցադրություն։ Միջոցառմանը մասնակցում էին տարբեր սերունդների ու մասնագիտությունների ներկայացուցիչներ, գրադարանավարներ ընթերցողներ: Ցուցահանդեսը ներկայացված էր նաև առցանց տարբերակով։ Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի ազգային գրադարանի Սպասարկման բաժնի Ընդհանուր ընթերցասրահի աշխատակիցների նախաձեռնությամբ:
Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով,հանդես եկավ Ընդհանուր ընթերցասրահի վարիչ Նարինե Գևորգյանը։ Նա մի քանի խոսքով ներկայացնելով ցուցահանդեսը, նշեց, որ Նորայր Ադալյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ ու գրադարանավարի օրվա առիթով նախաձեռնել են այս ցուցադրությունը:Այնուհետև սիրված մտավորականի ստեղծագործությունների ու գործունեության մասին հակիրճ խոսեց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ Արմեն Ավանեսյանը: Խոսելով Ադալյանի ստեղծագործությունների մասին, նա նշեց,որ նրա ստեղծագործական ուղին բաժանվում է երկու շրջանի: Առաջին շրջանն ընդգրկում է խորհրդային տարիներն,իսկ երկրորդը՝ անկախությունից հետո ժամանակները:
Նշենք,որ Նորայր Ադալյանի հոբելյանի առիթով տպագրվել է «Լռությունից այն կողմ» ժողովածուն, որն արդեն Ազգային գրադարանում է: Խոսելով ժողովածուի մասին կարող ենք նշել,որ այստեղ ամփոփված են հիմնականում վերջին տարիներին գրված պատմվածքներ, հոդվածներ, որոնցից մի քանիսը լույս են տեսել առաջին անգամ:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Հայաստանի ազգային գրադարանի ֆեսյբուքյան էջի