Հոկտեմբերի 1-ին, ի հիշատակ երկրորդ արցախյան պատերազմի զոհերի տարելիցին, Բրյոււսելի Իքսել համայնքի ամենաբանուկ հրապարակներից մեկում տեղի ունեցավ
«Լեռնային Ղարաբաղ․ անուշադրության մատնված պատերազմի թատերաբեմ» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որն ուղեկցվեց հայկական երաժշտական երեկոյով։
Տարեսկզբին Իքսել համայնքի բնակչուհի Լիզա Աբաջյանի կողմից ներկայացված միջնորդագրի շնորհիվ համայնքը նախաձեռնել էր բնակչության իրազեկման միջոցառումների մի շարք, որին միացել էին նաև Բելգիայի Հայերի Կոմիտեն (CAB) և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (UGAB)։
Իքսելի թաղապետ
Քրիստոս Դուլկերիդիսը իր ելույթում նշեց, որ իրազեկման այս միջոցառումը կարեւոր նշանակություն ունի ինչպես հայ համայնքի, անպես էլ տեղաբնակ հասարակության համար․ «Շատ ամուր կապ կա Իքսելսի և հայ համայնքի միջև: Այս կապը հատկապես արտացոլվում է Անրի Միշոյի հրապարակում հանգրվանած Հայոց ցեղասպանության հուշարձանի առկայությամբ: Հետևաբար, բնական է, որ Իքսելսը զգոնության և իրազեկման դերակատարում է ստանձնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող այս ողբերգությունների առջև»:
Նկարները տեղադրվել էին արդեն սույն թվականի սեպտեմբերի 27 -ին, որոնց առջև էլ նույն օրը Բելգիայի հայերի կոմիտեն կազմակերպել էր մոմավառություն ի հիշատակ պատերազմի զոհերի։
Նկարների ցուցադրության հեղինակներն էին երկու տաղանդավոր լուսանկարիչներ՝
Ռոբերտո Տրավանը Իտալիայից և
Օլիվյե Պապենիեն Բելգիայից, ովքեր ներկա են գտնվել պատերազմի ժամանակ եւ իրենց աշխատանքներում փաստում են հակամարտության դաժան առօրյան եւ հետևանքները։
Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Տավիթեանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Իքսելի համայնքին միջոցառման նախաձեռնման և կազմակերպման համար և նշեց․ «Խոսքը չի վերաբերում միան հայերին, քանզի գալիք աշխարհը կլինի այնպիսին, ինչպիսին մենք կկառոււցենք․ ուժի, պատերազմների և անտարբերության աշխարհ, թե՛ մարդասեր և միասնական։ Ընտրությունը մերն է։
Արմինե ՀարեյանԲրյուսել