Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հոկտեմբերի 1-ից դիտեք Երեւանի բոլոր կինոթատրոններում

Հոկտեմբերի 1-ից Երեւանի կինոթատրոններում կսկսվի Միքայել Պողոսյանի նոր՝ «Հայ հայը» ֆիլմի ցուցադրությունը։  Շնորհանդեսը տեղի կունենա  նույն օրը երեկոյան ժամը 19-ին Մոսկվա կինոթատրոնում։ 

Ֆիլմի պրեմիերայից առաջ անվանի կինոռեժիսորին եւ դերասանին հրավիրեցինք զրույցի։

-Ինչպե՞ս ծնվեց այս ֆիլմի գաղափարը։ Որքան գիտեմ դուք  նաեւ սցենարի հեղինակն եք։

-Այո, սցենարի հեղինակն եմ, բայց ես հենվել եմ Աղասի Այվազյանի մի քանի գործերի որոշ դրվագների վրա, որոնք հատուկ գրված էին ինձ համար։ Մենք նրա հետ շատ մտերիմ էինք,եւ իր  վերջին գործերից շատերը ինձ համար էր գրում։  Եւ ես ինձ իրավունք վերապահեցի օգտվել  այդ գործերի մի քանի հատվածներից։ Մի գործը կոչվում էր «Անիվերսաիրուս կամ  Ամեն ինչ կրկնվող», որը 2000 թվականին ես բեմադրեցի Լոս Անջելեսում։ Մյուս գործը ինքը գրել հատուկ ինձ  համար եւ կոչվում էր «Եվ բան մարմին եղեր» ։ Դա 16 նովելանոց գործ էր, որում ես էի եւ իմ շարունակական կերպարը։ Այդտեղից վերցրել  եմ որոշ դրվագներ եւ դարձրել եմ այսօրվան համահունչ։

- Ի՞նչ պատգամ եք տալիս հանդիսատեսին։

- Ինձ համար կարեւորն այն է, որ մարդ կայանա ինքն իր առջեւ։ Պետք է ինքն իր հետ մենախոսության մեջ մտնի եւ ինքն իրեն կազմակերպի, դաստիարակի, հավատարիմ մնա իր սկզբունքներին։ Եթե ոչ, ապա դառնում է հեղհեղուկ մի երեույթ, որի հետ ամեն ինչ կարելի է անել։ Ինքը կդառնա մանիպուլյացիայի առարկա։ Ամեն մեկը պետք է մի հոգեւոր անտիվիրուս ձեռք բերի՝ ինքն իրեն դաստիարակելով։ Բոլորս էլ ուզում ենք լավ ապրել, բոլորս էլ ուզում ենք ունենալ տարբեր բաներ, ուզում ենք հասնել ամեն ինչի։  Բայց պետք է հրաժարվենք այդ պատրանքներից, այդ երեւակայական բացառիկ լինելուց։  Ամեն մի հայ պատվանդանի վրա է քայլում եւ ժամանակն  է այդ պատվանդանից իջնել։ Մեր ֆիլմի գովազդային տեահոլովակը սկսվում է այն դրվագից, երբ հերոսն ասում է, որ մենք բացառիկ ազգ ենք։ Այդ արտահայտությունից նրա  վարդագույն  ակնոցներն սկսում են ճաքել, քանի որ ամպրոպի ձայն է լսվում եւ երաժշտության ձայնին միանում է նաեւ մեր խորհրդարանում հնչող իրական ձայները։ Մենք վերջապես պետք է այդ վարդագույն ակնոցները հանենք եւ հասկանանք՝ ով ենք մենք։ 

Պետք է  հասկանանք, որ մենք բացառիկ չենք։ Մենք բացառիկ ենք այնքանով, որքանով որ ամեն մի ազգ բացառիկ է իր տեսակով։  Բացառիկ լինելը մեր անցյալն էր, որը մենք չենք կարողացել ըստ արժանվույն շարունակել։ Այս ֆիլմում ցույց ենք տալիս հայի ճանապարհը, այն սեւ ուժը, որը հայտնվում է այդ ճանապարհին, եւ սկսում է գայթակղել եւ կատարել հայի բոլոր ցանկությունները։ Վերջ ի վերջո  տապալվելով իր բոլոր ցանկությունների մեջ , քանի որ արժանի չի լինում այդ ամենը կրելու, հայը վերջապես հասկանում է, որ դա չէ իրենը։ Ինքը հասնում է նրան, որ ինքն իրեն հետ սկսում է մենամարտել։ Այդ դրվագը կա ֆիլմում, երբ ես ինքս՝ իբրեւ հայի դերակատար՝ սեւ ու սպիտակ հանդերձանքով, սկսում եմ մենամարտել  ինքս ինձ հետ։  Այդ մենամարտի վերջում երկուսն էլ սպառվում են եւ ընկնում են։ 

Ֆիլմում  սեւ ուժին հակադիր ծաղրածու կա, որը իրական կերպար է, Երեւանում քայլող ծաղրածու, որը չի խոսում եւ ինչ որ ուզում է ասեի, իր սուլիչով է ասում։  Եվ ինքը երկու հային հաշտեցնում է։ Ինչքան կարող ես ինքդ քո դեմ կռիվ տալ։ Այդպիսով հայի տեսակը ամբողջականում է եւ ինքը նոր հասկանում է, թե ինչ է կատարվում։  Ինքն իր բնատուր վիճակի հետեւից է գնում։ Դա դեռ վերջը չի , քանի որ այդ ճանապարհը անվերջանալի է, շարունակվում է։ Եվ ֆիլմն ավարտվում է Աղասի Այվազյանի մի արտահայտությամբ. «Հավերժական ազգի խնդիրներն էլ  հավերժական են»։  Մենք պետք է միշտ քթներս խփենք, շտկվենք, դասեր քաղենք, որը ցավոք երբեք չի լինում։  Ապտակներ ենք ստանում։ Վերջին ապտակը ուժգին էր, որից բոլորս պետք է սթափվենք։ Հայ, հայի տեսակ ուշքի արի։

-Կարելի է ասել , որ ֆիլմը ինչ որ տեղ ոգու ճիշ է, եւ այս անելանելի վիճակում արվեստագետի լեզվով հանրությանը ուշքի բերելու ահազանգ։

-Այո, լրիվ բնութագրեցիք իմ ուղերձը։ Վերջում ես գրել եմ երգի խոսքեր, որն ամբողջացնում է ֆիլմը եւ վերջանում է հետեւյալ  բառերով՝  «Հայերի մեջ, քարերի մեջ մարդ մնա հայ»։  Սա ուշքի գալու պատգամ է։ Սթափվելու բարոյական պատգամ է։  

-Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված մեր հասարակության անկման նման վիճակը, ի՞նչն եք բաց թողել։

- Ստեղծվել է մի մթնոլորտ, որի հեղինակները բոլորս ենք։ Բայց իշխող եւ ճնշող ուժերը, այդ անհագ նախագահների կերպարանքով, որոնք սերմանում էին այդ բացասական դաշտը,  այն աստիճանի հասցրին, որ մենք մեկս մյուսի հանդեպ կորցրեցինք վստահությունը։  Ամենամեծ խնդիրն այսօր դա է։  Ոչ մեկը մյուսին չի վստահում։ Լավագույն դեպքում կարող է եղբորդ  վստահես, առավելագույն դեպքում՝ ընկերոջդ։ Բայց հայը հային նայում է թշնամու պես։  Չի վստահում։ Նույնիսկ պատերազմի դաշտում կռված տղաներն իրենք իրենց կարող են վստահել, բայց իրենց հրամանատարին՝ չվստահել։  Այս անվստահության   սինդրոմը, որ տապալում է բոլորիս,  մենք մեր եսի փրկության մեջ ենք պարփակվել։  Մարդ արարածը դարձել է անկանխագուշակելի երեւույթ։ Այս ամենին նաեւ գումարվել է համավարակը։  Ժողովուրդի  հետ արդեն ցանակացած մանիպուլյացիա կարողանում են անել։  Ժողովուրդը կորցրել է իր ուղղությունը, իր չափանիշները։  Ինքը ոչ թե ապրում է, այլ փորձում է կենդանի մնալ։ Ֆեյսբուքը դարձել է սեւ թղթի նման մի բան։  Եթե Հայրենական պատերազմի ժամանակ  սեւ թուղթ էր գալիս, հիմա էլ  հեռախոսը միացնում ես, եւ ամեն երկրորդ էջին մահվան լուր  ես տեսնում։  Բայց ամենամեծ դեգրադացիան՝  բարոյական անկումն է։ Այն որ 30  տարի ապականվեց։ Մեր բարձրագույն կետը եղել է 80-ական մինչեւ 90-ական թվականները, երբ հայ ազգը վերելք էր ապրում, Երեւանը պայթում էր՝ ամեն բնագավառում եւ ամեն ճյուղով։ Ինչ մարդիկ էին ապրում կողք-կողքի։  Իսկ անկախության այս տարիներին սկսեցին դեգրադացնել հայի տեսակը եւ չզգալով, հայը  ընկավ  այդ ազյդեցության տակ։ Հայը երբեւէ նման ցածր վիճակում չի եղել։ 

-Միանգամայն համամիտ եմ։ Կարծում եք, որ ֆիլմով կկարողանաք որոշակի տեղաշարժ կատարել հայի մեջ, հայաստանցու մեջ։

-Ես երբեք քարոզիչ չեմ եղել։ Ո՛չ թատրոնը, եւ ո՛չ էլ կինոն քարոզչական ֆունկցիա չպետք է ունենա։ Իմ ճիչն է դա, իմ բողոքն է իմ առջեւ,  իրականության առջեւ։ Սա իմ պոռթկումն է մեկ տարվա այս թոհուբոհի մեջ։  Ես չէի կարող իմ խոսքը չասել։

- Վերջում կցանկանայինք պարզել՝ ովքե՞ր են ֆիլմի ստեղծագործական խմբում։

- Աննա Մաքսիմն ինձ հետ համառեժիսոր է, մենք միասին ենք նկարել, նա մեծ ֆունկցիա ուներ եւ փայլուն կատարեց։  Ֆիլմում աշխատեցին հիանալի մարդիկ՝  օպերատոր Արման Օրդյանը, ձայնի ռեժիսոր Հայկ Իսրայելյանը, իմ մոնտաժի ընկեր Տիգրան Բաղինյանը, որի հետ միասին հինգերորդ ֆիլմը նկարահանեցինք։ Նման հոյակապ մասնագետ եւ պարկեշտ մարդ մեր օրերում քիչ կան։  Ինչ խոսք խումբն իր բոլոր ֆունկցիաները կատարեց եւ ֆիլմը նկարեցինք 11 օրում։  Իսկ դերասանները ֆիլմիս պարծանքն են. Հայի դերում ես եմ՝ Խաթաբալադայի զգեստներով։ Ժիրայր Բաբազյանը կոլորիտային սփյուռքահայի կերպար է ներկայացնում։  Սերգեյ Դանիելյանն  անճանաչելի է այստեղ իր դերակատարմամբ։  Տիգրան Գուլումյանը, Գեորգի Հովակիմյանը, Տրդատ Մարգարյանը մարմնավորել են ժողովրդին։ Զանգվածային տեսարաններ չկան, քանի որ ուզում էի ցույց տալ, որ  քաղաքը դատարկ է։ Ֆիլմում փայլուն դերակատրում է ունեցել Նարինե Ալեքսանյանը։ Այս կերպարները հատուկ այս դերասանների համար եմ գրել։ Նարինեինը աներեւակայելի դերակատարում է։

 

Զրույցը վարեց  Հ.Ասատրյանը