Այսօր՝ սեպտեմբերի 20-ին Քովիդի հետեւանքով վախճանվել է սիրված դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանը։ Անհավատալի է, որ նա էլ ամուսնու՝ անվանի գրող ու թարգմանիչ, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի մահվանից 17 օր անց հրաժեշտ տվեց կյանքին։ Հայ մշակույթը եւ գրականությունը անդառնալի կորուստ կրեցին։ Խորապես ցավակցում ենք Թոփչյան ընտանիքի անդամներին ու հարազատներին։
2011 թվականին, երբ «Օրեր» ամսագրում տպագրել էինք Թոփչյան զույգի հետ ծավալուն հարցազրույց, այն վերնագրել էինք ՝ «Երկու ճակատագիր՝ հրաշքների խճուղում»։ Նրանց ճակատագրերը միահյուսվել էին կես դար առաջ՝ 1969 թվականին, եւ մինչ օրս մնացել էին հավատարիմ իրենց ընտրած կյանքի ճանապարհին։ Մեկ ամիս առաջ դեռեւս՝ օգոստոսի 21-ին տիկին Անահիտի ծննդյան օրը, նրանք հիվանդանոցում պառկած էինք կողք-կողքի, իսկ արդեն սեպտեմբերի 6-ին՝ Ալեքսանդր Թոփչյանի ծննդյան օրը անվանի գրողն այլեւս չկար՝ մահացավ սեպտեմբերի 3ին։
Անահիտ Թոփչյանը ծնվել է 1947 թ․ օգոստոսի 21-ին, Արթիկում, 1971 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1998 թվականից ՀՀ գրողների միության անդամ է։ 1967–1991 թվականներին աշխատել է Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում եւ թատրոնում։ 1990 թ. հիմնադրել է հեղինակային թատրոն, որի շրջանակներում հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա, Կանադա, Լիբանան, Սիրիա, Կիպրոս)` լինելով թատերական բեմադրիչ, տեքստի հեղինակ, դերասան եւ գեղարվեստական ղեկավար։
1990 թվականից տպագրվել է հայ եւ արտասահմանյան մամուլումՙ հանդես գալով հրապարակախոսական, արվեստաբանական հոդվածներով եւ գեղարվեստական արձակով։ Ունի բազմաթիվ թարգմանություններ ֆրանսիական գրականությունից։ Նրա պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն։ Հեղինակել է «Lady S.D.F.», «Հայելի», «Մենախոսություն գժանոցից», «Անհասցե տիկինը» ժողովածուները, «Անհետացում», «Տագնապ» վեպերը։ 2012 թվականին նրա «Մարաթոն» պատմվածքը բեմադրվել է Փարիզի Դ. Միյոյի անվան թատրոնում։
http://orer.eu/hy/allcategories-hy-am/72-hy-am/6915-anahit-topchyan-2019.html
orer.eu
Համլետի մոր ու Դանեմարքայի թագուհու՝ Գերտրուդի դերում, Շեքսպիր ,,Համլետ,,