Սեպտեմբերի 18-ին ժամը 17-ին Պրահայի Ռուդոլֆինումի Դվորժակի հանրահայտ դահլիճում տեղի կունենա «Դվորժակովա Պրահա» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի «Կոնցերտինո» մրցույթի եզրափակիչ համերգը, որը կղեկավարի անվանի հայ դիրժիոր Վահան Մարտիրոսյանը։
Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան եզրափակիչ փուլ անցած չորս երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ՝ դաշնակահար Իլդիկո Ռոզսոնիթսը ( Ildikó Rozsonits), վիրտուոզ դաշնակահար Ռայն Մարտին Բրադշոուն ( Ryan Martin Bradshaw), ջութակահար Մարկ Էնթընի Լեւինը ( Mark Anthony Lewin) եւ դաշնակահար Յան Շխուլմեյստերը( Jan Schulmeister )։
Նրանք համապատասխանաբար կկատարեն համաշխարհային դասական երաժշտության հանրահայտ գործեր՝ Մենդելսոն-Բարթհոլդի դաշնամուրի կոնցերտը, Չայկովսկու դաշնամուրի կոնցերտը, Սիբելյուսի ջութակի կոնցերտը եւ Պրոկոֆեւի դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։
Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, որն արդեն մի քանի օր փորձեր է անցկացնում երիտասարդ երաժիշտների եւ նվագախմբի հետ, նկատեց, որ եզրափակիչ փուլ անցած երաժիշտները տաղանդավոր երիտասարդներ են, ուժեղ կողմեր ունեն, ներկայացնում են արտասահմանյան տարբեր երկրներ եւ դեռեւս ուսանողներ են։ Նույնը վերաբերում է նաեւ նվագախմբին, որի երաժիշտներն արդեն ծանոթ են եւ գոհ է փորձերի ընթացքից։
Անդրադառնալով իր ելույթին, անվանի դիրիժորը նշեց, որ արդեն 7րդ անգամ է ղեկավարում չեխական նվագախումբը, եւ Քովիդից հետո առաջին ելույթն է Ռուդոլֆինումի բեմում։ Հետագայում չի բացառվում նոր ձայնագրություններ իրականացնեն Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը 2020-ի հունվարից զբաղեցնում է Բելգիական Բերգեն քաղաքի Վալոնյայի Թագավորական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, եւ համավարակի սահմանափակումներից հետո նախատեսված է տարեկան 100 համերգ այս նվագախմբի հետ։ Հայ դիրիժորը նաեւ Հոնկոնգի քաղաքային նվագախմբի գլխավոր դիրիժորն է եւ այնտեղ նույնպես արդեն ծրագրված են համերգներ։ Նա նաեւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորն է եւ վերջին անգամ 2021-ի ամռանն են համերգներ ունեցել Երեւանում։
Դեկտեմբեր-հունվար ամիսներին Վահան Մարտիրոսյանը հանդես կգա Ճապոնական նվագախմբերի հետ եւ համերգային շրջագայության կմեկնեն Ճապոնիայի տարբեր քաղաքներ։ Այս շրջագայության ընթացքում հայ երաժիշտը հանդես կգա նաեւ մենահամերգով՝ իբրեւ դաշնակահար։
Վահան Մարտիրոսյանը շարունակում է նաեւ ակտիվորեն մասնակցել դասական գործերի ձայնագրմանը։ Վերջին անգամ նա Պրահայում Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրել էր պիկոլոյի վեց կոնցերտները։
Չեխիայում նախատեսվում են նոր ձայնագրություններ Պարդուբիցեի Չեխ ֆիլհարմոնիկի հետ, 2022-ի հուլիսին ձայնագրելու են Շոպենի ստեղծագործությունները, թողարկվելու է 4 ձայնասկավառակ։
Մոտ ապագայում ծրագրված են Նորդ Վեստ Դոյչե ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ 4-5 համերգ, որոնցից մեկը ձայնագրվելու է ՝ Ռախմանինովի դաշնամուրի թիվ 1 կոնցերտը եւ Չայկովսկու թիվ 1 սիմֆոնիան։
Գերմանական Ռոյտլինգենի Վյուրտնբերգ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ էլ ձայնագրել են Բեթհովենի եռակի կոնցերտը եւ թիվ 0 կոնցերտը, որը մեծ կոմպոզիտորը գրել է երիտասարդ տարիքում եւ չի մտել 1-5 կոնցերտների շարքի մեջ։ Ձայնագրմանը իբրեւ մենակատարներ մասնակցել են իր կինը՝ ջութակահար Լուսինե Հարությունյանը, դաշնակահար Եկատիրինա Լիտվինցեւան եւ թավջութակահար Բենեդիկտ Քլոքները։ Ձայնասկավառակը կթողարկվի դեկտեմբեր ամսին։
Հ.Ա.