Սեպտեմբերի 15-ին Չեխիայի Կրալուպե Վլտավայի վրա քաղաքի կենտրոնական այգում տեղի ունեցավ օրերս տեղադրված հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն։
Խաչքարի տեղադրման հեղինակն է մեր հայրենակից Թելման Ներսիսյանը, որի ողջույնի խոսքով բացվեց հանդիսավոր արարողությունը՝ ներկայությամբ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկայի, Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի, Կրալուպեի քաղաքապետի ու փոխքաղաքապետի, բազմաթիվ տեղացիների ու չեխահայերի։ Իր ելույթում Թելմանը խոստովանեց, որ վերջին տարվա ընթացքում իրեն մտահոգել է իր հայրենքում ստեղծված վիճակը, եւ ցանկացել է այս խաչքարի տեղադրմամբ հարգանքի տուրք մատուցել իր ժողովրդին եւ երկրին, որտեղ ծնվել է։ Եվ բացի այլ նշանակությունից, այս խաչքարը պետք է խորհրդանշի նաեւ բոլոր մարդկանց մինչեւ համերաշխությունը եւ համագործակցությունը։
Թելման Ներսիսյանը ընդգծեց, որ հայկական խաչքարը նվիրված է 1915 թվականի թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Բացելով հայկական դրոշի գույներով ծածկված խաչքարը, ներկաները նկատեցին, որ այդ մասին վկայող գրությունը փակցված է նաեւ խաչքարի պատվանդանի վրա։
Այնուհետեւ իր օրհնության խոսքն ասաց կարդինալ Դուկան՝ անդրադառնալով ոչ միայն ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած անհամար զրկանքներին, միլիոնավոր զոհերի հիշատակին, այլեւ այսօր Հայաստանում ապրող հայերի ծանր վիճակին, նշելով, որ ներկա ժամանակներում էլ Հայաստանը շրջապատված է թշնամիներով եւ դրված նրա լինելիության հարցը։ Նա իր խոսքն ավարտեց Տերունական աղոթքով, որին միացան ներկաները։
Այնուհետեւ Հայոց ցեղասպանության գրքի հեղինակ Մարեկ Յանդակը ներկայացնելով հայերի նկատմամբ կատարված 20-րդ դարի առաջին ցեղասպանության մանրամասները, նաեւ կարդաց օտար միսիոներների վկայությունները, այդ թվում՝ Մարիա Յակոբսոնի։
Կրալուպեի փոխքաղաքապետ Լիբոր Լեսակը նշեց, որ դեռեւս 1990 թվականներին իրենց քաղաքում հաստատված հայերը, որոնց թվում նաեւ ինժեներ Թելման Ներսիսյանը, իրենց դրսեւորել են լավագույնս, եւ բարձրագույն կրթություն են ստացել այստեղ եւ արժանի ծառայություններ են մատուցել քաղաքին։ Մի խոսքով, նրա ասելով, հայերն արժանի են, որ իրենց հուշարձանն ունենան այս քաղաքում։
Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը նշեց, որ այս տարի ողջ աշխարհի հայերը նշեցին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, եւ ըստ էության 6 միլիոնանոց հայկական սփյուռքը այդ ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ սփռված հայերի սերունդներն են։ Հայաստանի դեսպանը ընդգծեց, որ հայերը ողջ աշխարհում պայքարում են Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ, որը Թուրքիան մինչ օրս շարունակում է հերքել, եւ շնորհակալություն հայտնեց այն երկրներին, որ այդ հարցում աջակցում են հայ ժողովրդին։ Մասնավորապես դեսպան Հովակիմյանն իր երախտագիտությունը հայտնեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին, որ 2017-ին ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, եւ Չեխիայի սենատին, որը 2020-ին ընդունեց համանման բանաձեւ։
Նա նաեւ հիշեցրեց, որ առաջին խաչքարը Չեխիայում տեղադրվել է 2005թ. Յիհլավայում, երկրորդը՝ 2014-ին Պրահայում, իսկ 2020-ին՝ Կրալուպեում։ Դեսպանը խորհրդանշական համարեց ներկա շրջանում նման խաչքարի բացումը, քանի որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում ոչնչացվել է հայկական ժառանգությունը, եկեղեցիները, խաչքարերը, մշակութային արժեքները։ Դեսպան Հովակիմյանը նաեւ շնորհակալություն հայտնեց ձեռնարկի կազմակերպիչ Թելման Ներսիսյանին եւ քաղաքի ղեկավարներին նման խաչքար տեղադրելու համար, ինչպես նաեւ կարդինալ Դոմինիկ Դուկային` հայ ժողովրդին սատարելու համար։
Վերջում ներկաներին ողջունեց նաեւ Պրահայի Ռեպորեի շրջանի քաղաքապետ Պավել Նովոտնին, ում շնորհիվ դեռ պատերազմի օրերին շրջխորհուրդը ճանաչել էր Արցախի անկախությունը եւ քաղաքապետարանի շենքից պարզել էին Հայաստանի դրոշը։
Հատկանշական է, որ խաչքարի բացման արարողությունն ամբողջությամբ ցուցադրվեց չեխական հեռուստատեսությամբ։ https://ct24.ceskatelevize.cz/3370594-kardinal-duka-v-kralupech-pozehnal-krizi-venovanemu-obetem-armenske-genocidy?fbclid=IwAR19_44Z34I1eM_s4z0DMi8y1SvogZUtJrSbat4VmpexR7Okjezo30KlLzQ
orer.eu