Սեպտեմբերի 7-ին Պրահայի քաղաքային գրադարանի կինոդահլիճում տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի չեխական պրեմիերան եւ լուսանկարչական ցուցահանդեսի բացումը՝ Հայաստանին ու Արցախին նվիրված ձեռնարկի շրջանակներում, որի կազմակերպիչներին էին Չեխիայում Հայաստանի դեսպանությունը, ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը, Սլավոնական միությունը եւ Պրահայի քաղաքային գրադարանը։
Գրադարանի ճեմասրահում բացելով Հայաստանին եւ հայ ժողովրդի մեծանուն դեմքերին նվիրված լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, համակարգող Յիրժի Կրալիկը նշեց, որ այն բաղկացած է երեք մասից։ Ցուցահանդեսում տեղ են գտել Չեխիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոբին Բյոհնիշի Հայաստանին նվիրված հրաշալի լուսանկարները, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-Ի հովանու ներքո գտնվող հայկական եկեղեցիներն ու պատմական հուշարձանները, եւ երրորդը՝ 15 հայ հռչակավոր հայերին նվիրված վահանակները։
Ցուցահանդեսին հետեւեց կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրությունը, որին նախորդեց Չեխիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանի ողջույնի խոսքը։ Իր ելույթում դեսպան Հովակիմյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին, եւ հատկապես Սլավոնական միության նախագահ պարոն Վոյտեխ Մերունկային և փառատոնի ծրագրերի տնօրեն Յիրժի Կրալիկին, ովքեր Չեխիայի տարբեր քաղաքներում ներկայացնում են այս ցուցահանդեսը։
Դեսպաը նշեց, որ այս տարի լրանում է թե՛ Հայաստանի, եւ թե՛ Արցախի անկախության հռչակման 30-ամյակը։ Իր դարավոր պատմության ընթացքում հայ ժողվուրդը կարողացել է ոչ միայն աշխարհին տալ հայտնի մարդկանց, այլեւ դարեր շարուակ պայքարել է իր հայրենիքում ապրելու եւ ստեղծագործելու համար։ 100 տարի առաջ ցեղասպանության ենթարկված ազգը 21-րդ դարում կրկին բախվեց ցեղասպանական մտադրություններին՝ անցյալ տարի Արցախի դեմ սանձազերծված, միջազգային ահաբեկիչների աջակցությամբ թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակման արդյունքում կորցնելով 4000-ից ավելի երիտասարդների։ «Ադրբեջանը ուղղակի սպառնալիք է ներկայացնում մեր հայրենակիցների, հայ ռազմագերիների համար, ովքեր ներկայումս գտնվում են ադրբեջանական կալանքի տակ ՝ հակառակ բոլոր տեսակի միջազգային մարդասիրական իրավունքի չափանիշների»,- ասաց դեսպանը:
Դեսպան Հովակիմյանը նաեւ իր անկեղծ շնորհակալությունը հայտնեց Չեխիայի բոլոր այն բարեկամներին, ովքեր պատերազմի դժվար պահերին աջակցեցին հայ ժողովրդին, ովքեր կարողացան դրսեւորել աշխարհին ճշմարտությունն ասելու վճռականություն:
Անդրադառնալով «Դրախտի դարպասը» պատմական դրամային, որը նվիրված է Արցախի առաջին պատերազմին, նա շնորհակալություն հայտնեց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին եւ ֆիլմի չեխ պրոդյուսերներին՝ Պրահայում ցուցադրությունը իրականություն դարձնելու համար։
«Ֆիլմը մի անգամ եւս հիշեցում է, որ մենք բոլորս պետք է համախմբվենք, որպեսզի թույլ չտանք պատմության ընթացքում նման երեւույթներ կրկնվեն»-, եզրափակեց իր ելույթը Հայաստանի դեսպանը:
Այնուհետեւ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը ներկայացրեց Ջիվան Ավետիսյանի կյանքն ու գործունեությունը, հատկապես անդրադառնալով նրա երեք գեղարվեստական ֆիլմերին։ «Թեւանիկը» տարիներ առաջ ցուցադրվել է նաեւ Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Ֆիլմը շահել է նաեւ 20-ից ավելի միջազգային մրցանակներ։ Երկրորդ ֆիլմը՝ «Վերջին բնակիչը» ոչ միայն առաջադրվել է «Ոսկե Գլոբուս» մրցանակին, այլեւ մասնակցել է Շանհայի եւ Վենետիկի կինոփառատոններին, Ֆիննական կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն դերասան» մրցանակներին։
« «Դրախտի դարպասը» ֆիլմը նկարահանվել է 2019 թվականին, եւ դեռ նկարհանումների ժամանակ հանդիպել է մի շարք խոչընդոտների, ինչպես օրինակ ՝ Լիտվայում Ադրբեջանի դեսպանության ճնշմամբ դադարեցվել են ֆիլմի նկարահանումները, կամ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից վերջին պահին ֆիլմը հանվել է՝ կրկին Ադրբեջանի ճնշմամբ։
Բայց այսօր այս ֆիլմով բացվեց իտալական Սալենտոյի միջազգային կինոփառատոնը, ցուցադրվում է Պրահայում, իսկ սեպտեմբերի 17-ին կցուցադրվի Լոս Անջելեսում։ Ֆիլմում նկարհանվել են տարբեր երկրների դերասաններ, մասնակցել են մի շարք երկրների արտադրողներ, այդ թվում՝ չեխական ընկերություն։ Հայ-լիտվական համատեղ արտադրության ֆիլմին աջակցել են նաեւ ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Ավստրիան, Իտալիան, Բուլղարիան եւ Չեխիան։
Ջիվան Ավետիսյանն այժմ նկարահանում է նոր ՝ «Վերածնվածը» ֆիլմը, որի թեման նույնպես կապված է Արցախի հետ և ակտիվ աշխատանքներ են ընթանում ֆինանսավորման աղբյուրներ գտնելու ուղղությամբ, հաջողությամբ ընթանում է նաեւ բազմաֆինանսավորման արշավը։
2020 թ․-ին «Վերածնվածը» կինոնախագծով Ջիվան Ավետիսյանը դիմել էր Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող «Բեռլինի տաղանդներ 2020 » ծրագրին, եւ 255 մասնակիցներից Deutsche Welle-ի կողմից ընտրվել էր եւ նրա կինոարվեստի կարիերայի մասին հատուկ վավերագրական կարճամետրաժ 7 րոպեանոց ֆիլմ էր նկարահանվել, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը»,- եզրափակեց իր խոսքը Հակոբ Ասատրյանը։
Կինոռեժիսորի մասին ֆիլմի ցուցադրությունից հետո ներկաներին դիմեցին ֆիլմի չեխական պրոդյուսերներ Մարտին Ռայմանը և Սթիվ Ռևերանդը, որոնք ներկայացնում են The Lab A Media Production ընկերությունը։ Նրանք շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներից եւ Ջիվան Ավետիսյանից, նշեցին, որ ֆիլմը երկար և դժվարին ճանապարհ է անցել եւ շարունակում է այդ ճանապարհը ողջ աշխարհում:
Քովիդը ոչ միայն սահմանափակեց ֆիլմի հասանելիությունը համաշխարհային հանդիսատեսին, այլև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված տարբեր աշխարհաքաղաքական իրողություններ ազդեցին ֆիլմի թողարկման վրա: Ֆիլմի միջոցով պրոդյուսերները ծանոթացել են նաեւ հայ մշակույթին։ Իսկ ֆիլմի նպատակներից մեկն էլ այն էր, որ աշխարհով մեկ համախմբեն մարդկանց և նրանց տեղյակ պահեն այս տարածաշրջանի և հայ ժողովրդի տառապանքների մասին:
Պրոդյուսերների ասելով, Ջիվան Ավետիսյանի հետ ծանոթացել են 2018-ին Բեռլինալեում եւ իրենց անմիջապես հետաքրքրել է նրա առաջարկը: «Մենք որոշեցինք հանդիպել Ջիվանի հետ՝ քննարկելու իր նախագիծը, այդպիսով հանդիպեցինք մի շատ խարիզմատիկ և խելացի, ջերմ և ընկերասեր մարդու, որն անհավատալի աշխատանք էր կատարում այս նախագիծը կյանքի կոչելու համար: Մենք չէինք կարող չհամաձայնել այս նախաձեռնությանը աջակցելու առաջարկին»,- նշեց Սթիվը:
«2019 թվականի հոկտեմբերին Ջիվանի հրավերով ֆիլմի բոլոր պրոդյուսերներս մեկ շաբաթով մեկնեցինք Հայաստան եւ ներկա գտնվեցինք ֆիլմի պրեմերային Երեւանում եւ Ստեփանակերտում։ Այդ մեկ շաբաթվա ճամփորդությունը միայն խորացրեց մեր հիացմունքը ոչ միայն հայկական մշակույթի, այլեւ Հայաստանի ու հայ ժողովրդի անհավատալի հյուրընկալության նկատմամբ՝ զուգորդված հնագույն և հարուստ պատմությամբ: Իսկ Շուշիի և Դադիվանքի մշակութային վայրեր այցելելուց և Ստեփանակերտում գտնվելուց հետո մեզ համար մեծ ցնցում էր, երբ հակամարտությունը նորից սկսվեց։ Ջիվանը մեզ ցույց տվեց խաղաղ մարդկանց, ովքեր շարունակում էին իրենց առօրյան, թեեւ հակամարտության վտանգները միշտ առկա էին: Ամենուր, որտեղ եղել ենք, մեզ սրտանց ողջունել են, այժմ լիովին վստահ չենք, որ նրանք մնացել իրենց տեղերում եւ կարող ենք կրկին այցելել իրենց»,- ասաց Մարտինը։
Նրանց ասելով, առավել ցավալի է, որ այս ֆիլմը չի դիտվում այնքան, որքան անհրաժեշտ է: «Փառատոններն ընտրել են ֆիլմը չեղյալ համարելու քաղաքակնությունը՝ Ադրբեջանի կողմից քաղաքական ճնշման պատճառով, չնայած այն բանին, որ ֆիլմը որեւէ մեկին չի մեղադրում։ Այն պարզապես փորձում է մեզ նման մարդկանց տեղյակ պահել աշխարհի այս գեղեցիկ անկյան մասին և այն վիշտին, որն իր հետ բերում է հակամարտությունը: Ահա թե ինչու մենք շատ շնորհակալ ենք այսօրվա համար, որ վերջապես կարող ենք նաև Չեխիայում անցկացնել ցուցադրություն և կիսվել ձեզ հետ Ջիվանի տեսլականով:»,- ասացին պրոդյուսերները։
Ֆիլմի ցուցադրությունից հետո դահլիճում հնչեցին ծափահարություններ, շատերը հուզված մոտենում էին եւ շնորհակալություն հայտնում չեխ պրոդյուսերներին աջակցության համար, իսկ չեխուհի հանդիսատեսներից մեկն անկեղծորեն կիսվեց. « Այս ֆիլմը դիտելուց հետո որոշեցի անպայման ճամփորդել Հայաստան»։
Վերջում նշենք, որ ձեռնարկի շրջանակներում ներկաները հնարավորություն ունեցան համտեսել նաեւ հայկական գինիներ եւ «Մառլենկա» թխվածքի տեսականին, շփվել ու կիսվել տպավորություններով, իսկ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 15-ը։
Orer.eu