Հոկտեմբերի 1-17-ը Բռնոյում կանցկացվի Մորավսկի պոդզիմ/Մորավյան աշուն/ միջազգային երաժշտական 51-րդ փառատոնը, որի գլխավոր զարդը կլինի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտարարվեց փառատոնի կազմակերպիչների՝ Բռնոյի ֆիլհարմոնիայի տնօրեն Մարիա Կուչերովայի, փառատոնի տնօրեն Լուցիե Շնայդրովայի, դրամատուրգ Վիտեժսլավ Միկեշի եւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի համատեղ մամուլի ասուլիսում, որը տեղի ունեցավ Պրահայի «Պոմեգրանադե» /Նուռ/ հայկական ռեստորանում։ Մարիա Կուչերովան անդրադառնալով փառատոնի հայկական ուղղվածությանը , նշեց, որ հայկական դասկական երաժշտությունը լավագույններից է եւ Հայաստանը երաժշտական գերտերություն է։ Նրա ասելով, այս փառատոնով նաեւ ընդգծում են Չեխիայի եւ Հայաստանի միջեւ մշակութային կապը։ Կազմակերպիչները չեն թաքցնում, որ սա նաեւ բարոյական աջակցություն է պատերազմից բզկտված Հայաստանին։
Փառատոնի փակման օրը՝ հոկտեմբերի 17-ին Հայաստանի ֆիլհարմոնիկը կկատարի Արամ Խաչատուրյանի, Ավետ Տերտերյանի սիմֆոնիաները եւ Տիգրան Մանսուրյանի ջութակի կոնցերտը։ Բայց այս ամենով փառատոնում հայկական ներկայությունը չի ավարտվում։
Հոկտեմբերի 10-ին ելույթ կունենա չեխ հանդիսատեսին հայտնի «Նաղաշ» անսամբլը Ջոն Հոդիանի գլխավորությամբ, ներկայացնելով «Աքսորի երգեր» շարքը։ Նույն օրը կցուցադրվի Աննե-Քաթրին Փեյթցի ֆիլմը՝ նվիրված հայկական երաժշտությանը՝ «Հոգու խորքից- ճամփորդություն Հայաստանի երաժշտական աշխարհով»։ Կհնչի նաեւ բոստոնաբնակ հայ կոմպոզիտոր Չարլզ Ամիրխանյանի «Միացում» ստեղծագործությունը, որը նա գրել է 1994 թվականինիր հայրիկի հետ Հայաստան կատարած ճամփորդությունից հետո։ Հայ կոմպոզիտորի հետ Բոստոնում ծանոթացել էր Բռնոյի ֆիլհարմոնիայի դիրիժոր Դենիս Ռասել Դեյվիսը։
Իսկ հոկտեմբերի 14-ին Ամստերդամի թավջութակահարների ութնյակը եւ դաշնակահար Մակի Նամեկավան կներկայացնեն ամերիկահայ հանրահայտ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի «Լուսածագ» ստեղծագործությունը, ինչպես նաեւ Ֆիլիպ Գլասսի երաժշտությունը։
Շարունակվելով հայկական թեման, ֆիլհարմոնիայի դրամատուրգ Վիտեզսլավ Միկեշը շատ կարեւորեց Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան, որը 70-ականներին հնչել է Չեխիայում՝ Յանաչեկի փառատոնում, իսկ Մանսուրյանին Բռնոն արդեն ճանաչում է եւ շատ է սիրվել անցյալ տարվա «Ռեքվիեմի» կատարումից հետո։
Միկեշը ներկայացրեց փառատոնային ծրագրում տեղ գտած չեխ կոմպոզիտոր Յան Նովակի 100-ամյակին նվիրված ստեղծագործությունները եւ երաժշտական մինիմալիզմի թեման, որը նույնպես առկա կլինի փառատոնային ծրագրում։
Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ում հովանու ներքո է անցկացվելու փառատոնի հայկական մասը, շնորհավորեց փառատոնի անցկացման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, որ Հայաստանի համար այս դրամատիկ օրերին մշակույթի միջոցով մեծ աջակցություն է ցույց տրվում մեր երկրին։
Ի դեպ ոչ միայն Չեխիայում ապրող մեր հայրենակիցները, այլեւ հարեւան երկրներում բնակվող հայերը կարող են գալ եւ Բռնոյում վայելել հայկական դասական երաժշտությունը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ եւ տոմսեր պատվիրել հետեւյալ www.moravsky-podzim.cz հասցեով։
orer.eu