Լուսանկարում՝ Andrés Orozco-Estrada dirigent
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաքի Ռուդոլֆինումի Դվորժակի դահլիճում հանդիսավորապես բացվեց «Դվորժակովա Պրահա» հայտնի երաժշտական փառատոնը, որն առաջին անգամ տեղի է ունեցել 2008 թվականին։
Այս տարվա փառատոնը նվիրվում է չեխ մեծանուն կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի 180-ամյակին։
Հանդիսավոր բացումը կատարեց իտալական «Լա Սկալա» օպերային թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վիեննայի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժոր կոլումբացի Անդրես Օրոզկո-Էստրադայի ղեկավարությամբ։
Բացմանը հնչեց Դվորժակի «Թավջութակի եւ նվագախմբի համար» կոնցերտով ՝ գերմանացի ճանաչված թավջութակահար Դանիել Մյուլլեր-Սքոթի փայլուն կատարմամբ։ Ծրագրի երկրորդ մասում հնչեց Դվորժակի 9-րդ սիմֆոնիան։
Լուսանկարում՝ Daniel Müller-Schott violoncello
Այս տարվա փառատոնային ծրագրում ելույթ կունենա նաեւ հանրահայտ երիտասարդ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Սեպտեմբերի 14-ին հայ երաժիշտը «Դվորժակովա Պրահայի» «Երիտասարդ ֆիլհարմոնիստներ» նվագախմբի եւ դիրիժոր Տոմաշ Նետոպիլի ղեկավարությամբ կներկայացնի Յոզեֆ Հայդնի «Թաջութակի եւ նվագախմբի համար» կոնցերտը։ Համերգային ծրագրում կհնչի նաեւ Չայկովսկու Ջութակի համար կոնցերտը, ինչպես նաեւ հատուկ այս փառատոնի համար պատվիրված Լուկաշ Սոմերի «Դվորժակ Էյրլյանս» ստեղծագործությունը։
Մի այլ հայտնի հայ երաժիշտ՝ դիրիժոր Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 18-ին կղեկավարի Չեխական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը։ Կհնչեն Ֆելիքս Մենդելսոն-Բարթհոլդի, Պյոտր Չայկովսկու, Ժան Սիբելիուսի եւ Սերգեյ Պրոկոֆեւի ստեղծագործությունները, որոնք կկատարեն փառատոնի ընթացքում անցկացվող դաշնակահարների մրցույթի եզրափակիչ անցած չորս դաշնակահարները։
Այս փառատոնում ելույթ կունենան նաեւ հանրահայտ Բամբերգեր սիմֆոնիկը՝ Յակուբ Հրուշայի գլխավորությամբ եւ Վիեննայի ֆիլհարմոնիկը՝ Հերբերտ Բլոմշտեդի գլխավորությամբ։
Փառատոնը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 24-ը։
Orer.eu
Լմոբանկարում՝ Narek Hakhnazaryan violoncello
Լուսանկարում՝ Tomáš Netopil dirigent
Լուսանկարում՝ Vahan Mardirossian dirigent