Իրանում իր մահկանացուն է կնքել Հայ Ժողովրդի եւ գրականութեան ազնիւ բարեկամ Դոկտոր Ահմադ Նուրիզադէն /Dr. Ahmad Nurizadeh / احمد نوریزاده /.
Ահմադ Նուրիզադէն ծնուել է Իրանի Գիլան նահանգում 1951 թուին: Նրա մանկութիւնը անցել է էնզելի նաւահանգստում հայկական համայնքի հարեւանութեամբ, որի պատճառով էլ կարողանում է հայերէն խօսակցականին տիրապետել իսկ յետոյ մասնակցում է Իսֆահանի Պետական Համալսարանի Հայագիտական ուսմանը: Նա այն հազուագիւտ ոչ հայ անհատներից մէկն էր, որ իր կեանքի մեծ մասը նուիրաբերեց մեր պատմութեան, մշակոյթի, լեզուի, թարգմանութեան եւ Հայոց հարցի ուսումնասիրութեանը: Ու այդ բոլորը՝ իր հրատարակած գրքերով, յօդուածներով եւ ելոյթներով փոխանցեց պարսիկ ժողովրդին առ ի ծանօթացում:
Նա նաեւ ունեցաւ հայերէն լեզւով ստեղծագործութիւններ: Ահմադ Նուրիզադէն հեղինակն ու թարգմանիչն է ներքոյիշեալ եւ այլ գրական գործերի՝ Գալուստ Խանենցից՝ Հրաշալի զօրութիւն եւ Բարեւ Քեզ մարդ, Յովհաննէս Թումանեանից՝ Այ վաթան այ վաթան, Չարենցից՝ Սրուդհայէ սորխ /կարմիր Երգեր/, Ակսել Բակունցից՝ Ցոլակ վիպակը եւ «Սպիտակ ձին», Հրաչեայ Քոչարից՝ «26 Կոմիսար», իր մենագրութեամբ՝ «Հայաստանի պատմութիւնն ու մշակոյթը», Նար Դոսից՝ Ամալիա վէպ, եւ իր ստեղծագործութիւններ՝ «Բարեւ ձեզ հայեր», «100 տարի հայ բանաստեղծութիւն»:
Նա իր ստեղծագործութիւնների համար ստացել է անթիւ գնահատականներ, Մրցանակներ, շքանշաններ՝ ՀՀ Մշակոյթի Նախարարութեան՝ «Ոսկէ Մեդալ», ՀՀ Նախագահի՝ «Մովսէս Խորենացի» մեդալ, ՀՀ Գրողների Միութեան մեդալ, ՀՀ Պետական Համալսարանի՝ Պատւոյ Պրոֆեսորի տիտղոս եւ այլն:
2000 թուականին նա արժանացաւ Հ.Բ.Ը.Մ. «Կարպիս ՓԱՓԱԶԵԱՆ Մրցանակին», այս մրցանակը հիմնադրուել է երջանկայիշատակ Ազգային Բարերար Տիար Կարպիս Փափազեանի կողմից, որով շոշափելի նիւթականով պարգեւադրւում են «Ոչ հայ» մտաւորականներ, որոնք լծուած են լինում անշահախնդրօրէն իրենց հայրենակիցներին ծանօթացնելու Հայ Մշակոյթը, Պատմութիւնը, Ցեղասպանութիւնը, Հայկական Հարցը եւ այլ բնագաւառների գործին:
Յիշեալ Պարգեւադրումը տեղի ունեցաւ Թեհրանում, 21 Դեկտ. 2000-ին, որին ներկայ էին՝ Թեհրանի Բարեխնամ Առաջնորդ Սեպուհ Սրբազան Սարգսեանը, ՀՀ Արտաքին եւ Լիազօր Դեսպան Ն. Գ. Գեղամ Ղարիբջանեանը, Պրոֆ. Ահմադ Նուրիզադէն, հոծ թւով հայ եւ պարսիկ մտաւորականներ:
Նուաստս պատիւ ուներ, որպէս Պարոն Կարպիս Փափազեանի լիազօր ներկայացուցիչ եւ Հ.Բ.Ը.Մ. Կարպիս Փափազեան Մրցանակի տւչութեան համադրող, Հայ Ժողովրդի լաւ բարեկամին յանձնելու այդ Մրցանակը: / Օրեր ամսագիրը ժամանակին լուսաբանել է այս պարգեւատրումը-խմբ.)։
Իմ խորին ցաւակցութիւններս նրա Տիկնոջ Պրոֆ. Մանդանա Փարնիանին /ماندانا پرنیان/, դստեր Քիանա /کیانا/ եւ նրա երկրպագուներին: Նրա անունը միշտ վառ կը մնայ Հայ ժողովրդի յիշողութիւնում:
ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ:
Ռազմիկ Թամրազյան-Հարթունյան
Վիեննա
«Կարծիք» հաղորդաշարի տեսահուշը Ահմադ Նուրիզադեի մասին կարող եք դիտել այս հղումով՝
https://youtu.be/BsZ4zNc7odA