Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

2021թ․ հոբելյանական և նշանակալից տարի է Ռումանիոյ հայոց թեմի համար։ Այս տարի մեծ շուքով տոնախմբվում են Ռումանիոյ հայոց թեմի կազմավորման 620 ամյակը և Սուչավայի Ս․ Խաչ հայոց եկեղեցու կառուցման 500 ամյակը։

Սուչավայի Ս․ Խաչ եկեղեցու 500 ամյա հոբելյանի միջոցառումներին, ինչպես նաև Աստվածամոր Վերափոխման տոնի առիթով դեպի հրաշագործ Հաճկատար Ս․ Աստվածածին հայկական վանք ամենամյա ուխտագնացության առիթներով օգոստոսի 13-ից սկսվում է հայ և ռումին ուխտավորների հոսքը դեպի Սուչավա, ուր տեղի հայկական վանքերում ու եկեղեցիներում տեղի պիտի ունենային տոնական միջոցառումներն ու սրբազան արարողությունները:

Օգոստոսի 14-ին, ժամը 16։00-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, թեմի քահանայից դասի ուղեկցությամբ այցելում է Սուչավայի Ս․ Սիմեոն հայկական եկեղեցի, որը կառուցվել է 1513թ․։ Սրբազան Հորը եկեղեցում դիմավորում է Սուչավայի և Ռըդըուցի արքեպիսկոպոս Կալինիկի ներկայացուցիչ Միհայ քահանա Կոբզյուկը։ Կատարվում է երեկոյան ժամերգություն, հավարտ որի եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի առջև տեղի է ունենում հոգեհանգստյան պաշտոն՝ տեղի գերեզմանատանը ամփոփվածների հոգիների համար:

Միևնույն օրը, ժամը 17։00-ին, Սուչավայի Ս. Խաչ հայկական եկեղեցում մատուցվում է եպիսկոպոսական պատարագ և տրվում է եկեղեցու 500-ամյա հոբելյանի միջոցառումների մեկնարկը։

Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1521թ․, զանգակատունը ավելի ուշ՝ 1619թ․։ Զանգակատան հյուսիսային պատի տակ, դռան ճակատին և արևելյան, արևմտյան պատերի վրա, ինչպես նաև Ս․ Խաչ եկեղեցու մեջ հյուսիսային և հարավային պատերի տակ կան գերեզմանաքարեր և արձանագրություններ։ Եկեղեցու բակում է գտնվել ժամանակին ժողովրդարանը, դպրոցն ու որբանոցը։ 1776թ․ եկեղեցուն կից ավելացվում է նաև մի մատուռ, որը կրում է Հովհաննես Մկրտչի անունը։ Ս․ Խաչ եկեղեցու հովանու ներքո են գրվել ձեռագիր Տարեգիրք 1527թ․, Կանոնագիրք 1648թ․, որն այսօր գտնվում է Ս․ Ղազար վանքում։

Պատարագին ներկա էին Սուչավայի քաղաքապետ Իոն Լունգուն, Սուչավայի և Ռըդըուցի արքեպիսկոպոս Կալինիկի ներկայացուցիչ, Ռումինիայ հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, թեմական խորհրդի անդամներ Զարե Նազարյանը և Ինես Բուդանը, ծխական խորհուրդների անդամներ, հայ և ռումին ուխտավորներ Բուխարեստից, Պիտեշտից, Բոտոշանից, Յաշից, Գալացից, Բրըիլայից, ինչպես նաև Լոնդոնից ու Լոս Անջելեսից։ Հավարտ պատարագի Սրբազան Հայրն իր պատգամն է ուղղում ներկա ժողովրդին՝ խոսելով Սուչավայում և ընդհանրապես ողջ Ռումինիայում հայության դարավոր ներկայության, եկեղեցու դերակատարության, փրկչական առաքելության և հայ համայնքի շարունակականության մասին։ Իրենց շնորհավորական խոսքն են հղում նաև Սուչավայի քաղաքապետն ու Սուչավայի և Ռըդըուցի արքեպիսկոպոս Կալինիկի ներկայացուցիչը՝ խոսելով երկու ժողովուրդների և եկեղեցիների դարավոր բարեկամության, ընդհանրությունների և հարաբերությունների մասին։ Քաղաքապետը նշում է նաև, որ պատրաստակամ է մշտապես ֆինանսապես աջակցել Սուչավայի հայոց եկեղեցու բարեկարգության և պայծառության համար։ Պատարագի ավարտին եկեղեցու բակում Տաթև սրբազանն օրհնում է մատաղի աղը և պատրաստվող ականջապուրը, որն ավանդույթի ուժով ամեն տարի պատրաստվում է հենց ուխտավորների ձեռքով:

Մատաղօրհնությունից հետո եկեղեցուն կից թանգարանի շենքում տեղի է ունենում արժ․ Տ․ Թորգոմ քահանա Մանդալյանի և Կորինա Դերլայի համահեղինակած ,,Սուրբ Խաչ, Սուչավայի հայերի տաաճար, 500 ամյակ,, գրքի շնորհանդեսը, որում ներկայացված են եկեղեցու, տեղի համայնքի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ, հրապարակված են արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ։ Գրքի հրատարակության և եկեղեցու 500 ամյա հոբելյանի առիթով թեմակալ առաջնորդի օրհնության խոսքում մասնավորապես ասվում է․ ,, Սիրելի քույրեր և եղբայրներ, 2021թ․ հոբելյանական և նշանակալից տարի է Տիրախնամ մեր թեմի համար։ Այս տարի մեծ շուքով տոնախմբում ենք Ռումանիոյ հայոց թեմի կազմավորման 620 ամյակը և Սուչավայի Ս․ Խաչ հայոց եկեղեցու կառուցման 500 ամյակը։

Ուրախության, բերկրանքի ու ցնծության մեջ են ամենքիս հոգիները, քանզի շուրջ 500 տարիներ առաջ մեր նախնիները Սուչավա քաղաքում վեր են խոյացրել հրաշակերտ եկեղեցիներ ու վանքեր, որոնք այսօր էլ կանգուն են և որոնցից մեկը Ս․ Խաչ եկեղեցին է։ Այն կառուցվել է 1521թ., դարերի ընթացքում բազմիցս վերանորոգվել է և այսօր էլ  կանգուն է` շարունակելով բաց պահել իր դռները հավատացելոց առաջ:

301թ․, երբ քրիստոնեությունը ընդունեցինք որպես պետական կրոն, անխախտ ուխտ կապեցինք Աստծո հետ և դարերի փորձությունների մեջ հավատարիմ մնացինք մեր այդ սրբազան ուխտին: Ոչինչ չկարողացավ այս ուխտից մեզ շարժել`ոչ արհավիրք, ոչ հուր և ոչ սուր, ոչ թշնամու կողմից գործադրված որևէ բռնություն, անգամ նախորդ դարասկզբին մեր ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանությունը, խորհրդային անաստվածությունը և ստալինյան բռնաճնշումները:

Հարուցյալ Քրիստոսի առաջնորդությամբ վերապրեցինք ու պիտի շարունակենք հաղթահարել ամեն դժվարություն ու հաղթանակել` մեր աշխարհասփյուռ լինելու իրողությունը դարձնելով ուժի ու զորության աղբյուր: Իբրև ռումինահայեր, մեր նախնիների արժանի հետնորդներ, ապրելով ռումին  հյուրընկալ և օրհնյալ այս հողում, պիտի ուժ ու զորություն դառնաք այս երկրի մեջ` մեր նախնիների օրինակով մասնակից լինելով այս երկրի շինության և զարգացման գործին, որպեսզի առավել ամրանա եղբայրությունը մեր քրիստոնյա ժողովուրդների և միշտ կանգուն լինի մեր դարավոր բարեկամության կառույցը:

Սուրբ Խաչ եկեղեցու 500 ամյա հոբելյանի առիթով մեկ անգամ ևս ուխտենք համախումբ մնալ մեր Ս․ Եկեղեցու հարկի ներքո և հավատարիմ ազգային մեր արժեքներին ու գաղափարախոսությանը։

Ուրախ ենք, որ Սուչավայի Ս․ Խաչ եկեղեցու 500-ամյա հոբելյանի առիթով հրատարակության է պատրաստվել տեղի հայ համայնքի ու եկեղեցու պատմությունը ներկայացնող այս գիրքը: Գոհունակ սրտով մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում գրքի հեղինակին ու հրատարակիչներին` անձնվեր աշխատանքի և ծառայասիրության համար:

Թող Աստված օրհի ձեզ, անսասան պահի Սուչավայի Ս. Խաչ հայոց եկեղեցին և ռումինահայ գաղութը,,։

Խոսքով հանդես են գալիս նաև Վարուժան Ոսկանյանը և գրքի համահեղինակները։

Նույն հարկի ներքո կազմակերպվել էր նաև ցուցահանդես՝ նվիրված եկեղեցու 500 ամյակին և տեղի հայ համայնքին։ Ներկայացվում են նաև նախապես թողարկված ,,Սուրբ Խաչ 500,, և ,,Սուրբ Հաճկատար 510,, հոբելյանական շքանշանները։

Օգոստոսի 15-ին, կիրակի օրը, սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին, ուխտավորները մեկնում են դեպի հռչակավոր և հրաշագործ Հաճկատար Ս. Աստվածածին վանքը: Այն հիմնադրվել է 1512 թվականին, Տոնավագ եղբայրների բարերարությամբ  և հռչակված է իր հրաշագործ զորությամբ: Բազում հրաշքների և բժշկությունների վկայություններ կան կապված վանքի  անվան հետ: Հաճկատար, այսինքն՝ հաճոյակատար, կամակատար: Այսօր էլ այն ուխտավորի պակաս չի զգում: Տոնական սուրբ պատարագ է մատուցում Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Կատարվում է խաղողօրհնեք։ Թեմակալ առաջնորդն իր օրհնությունն է բաշխում հարյուրավոր ուխտավորներին: Օրհնված խաղողը և մատաղը բաժանվում են ուխտավոր ժողովրդին, տեղի է ունենում սիրո ճաշ:

Ուրախալի է այն փաստը, որ Սրբազան Հոր անմիջական հոգածությամբ պատրաստվել է Ս․ Հաճկատար վանքի և հարակից տարածքի հիմնովին վերանորոգության նախագիծը և արդեն իսկ դրական պատասխան է ստացվել Ռումինիայի Ազգային Ներդրումներ կառույցի կողմից։

Օգոստոսի 16-ին, ժամը 10:00-ին, Սուչավայի մյուս նշանավոր՝ Զամկայի հայոց վանքում, Տաթև Սրբազանի հանդիսապետությամբ կատարվում է հոգեհանգստյան պաշտոն և աղոթք է բարձրացվում առ Աստված ննջեցյալ հոգիների հանգստության և փրկության համար: Սրբազան հայրն իր հայրական օրհնությունն է բերում ուխտավոր ժողովրդին և մաղթում, որ Աստված ընդունելի անի ամենքի  ուխտը, կատարի բոլորի բարի խնդրվածքները։ Սրբազան Հայրը խոսում է նաև Զամկայում հոգևոր ճեմարան բացելու իր տեսլականի, վանական կյանքի աշխուժացման մասին և տեղեկացնում, ուր շուտով Սուչավայի հայոց երկու վանքերը կունենան նոր հոգևորական և հետայսու մշտապես աղոթք կհնչի հայոց վանքերի հնամենի պատերից ներս։

Հոբելյանական բոլոր միջոցառումները կազմակերպվել են Ռումանիոյ հայոց թեմի, Սուչավայի հայոց ծուխի, տեղի ծխական խորհուրդի և Ռումինիայի հայոց միության համատեղ ջանքերի շնորհիվ։

 

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան