Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղոդրեց ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր:
Ավելի ուշ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրեց. «Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա:
Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:
Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը:
Ստացվող ահազանգերի համաձայն` այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ:
Հատուկ նշում` կրակոցներն են այն վայրից են, որտեղ տեղակայված են հողմակները: Իսկ այդ տարածքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթքի լեռնանցքի շրջանում (200 հա հողամաս), որը ՀՀ կառավարությունը 2000թ. դեկտեմբերի որոշմամբ տրամադրել է ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանը և կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը:
Այսինքն` ադրբեջանական զինված ուժերը անօրինական են ներկա ՀՀ գործարար ընկերությանը պատկանող տարածքում, որտեղից պարբերաբար են թիրախավորում Սոթքի ոսկու հանքավայրը, Գեղամասար համայնքը և ՀՀ զինված ուժերի դիրքերը: Ընդ որում, իրենց անօրինական ներկայությամբ ՀՀ գործարար ընկերությանը նրանք պատճառել են շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս:»։