Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հադրութը Սար Սարգսյանի ծննդավայրն է, որտեղ ծնվել ու մեծացել է երգիչը:Այնտեղ է նա ստացել հանրակրթական և երաժշտական ​​իր  առաջին գիտելիքները: Հենց Հադրութում է չորս տարեկան հասակում իր առաջին հստակ քայլերն արել երգարվեստի բնագավառում: Հադրութը Սարի ծնողների, պապերի և բոլոր նախնիների ծննդյան և կյանքի բնակավայրն է:

  Հադրութի մասին առաջին գրավոր հիշատակությունը  վերաբերվում է 1428 թվականին։Այդ թվականին պատմական Վայոց Ձորի Եղեգիս բնակավայրի մոտ գտնվող Ճգնավորի քար անապատում ընդօրինակվել է մի ձեռագիր Ավետարան, որի գրիչ Եղիան իրեն համարում է «տեղավ դիզակեցի, և գեղա հադրութեցի» (Մկրտչյան 1987, 3)։Քաղաքը հենց սկզբից պատկանում էր հայերին: Նրա տարածքն ընդմիշտ, անկախ աշխարհաքաղաքական փոփոխություններից, բնակեցված էր հայերով, ինչի մասին լավագույնս վկայում են քաղաքի պատմական հուշարձանները և քարե արձանագրությունները․․․ Այս տարածաշրջանի պատմության մեջ առաջին անգամ, 2020 թվականի սեպտեմբերին սկսված Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի պատճառով, Հադրութի բնակիչները վտարվեցին իրենց տներից, իրենց քաղաքից: Մեկ ակնթարթում նրանք կորցրեցին ամեն ինչ՝ իրենց իսկ և իրենց նախնիների կյանքի ամբողջ ժառանգությունը: Իրենց մշակութային ժառանգությունը, պատմությունը և ամբողջ անցյալը դաժանորեն խլվել է նրանցից: Նրանք դարձան փախստական ​​իրենց իսկ երկրում, այդ թվում՝ Սարի մայրը, ընտանիքը և մտերիմները: Հադրութում մնաց Սարի հոր գերեզմանը․․․ Շատ շատեր, այդ թվում ՝ երեխաներ և ծերեր, սպանվեցին, հրկիզվեցին, գլխատվեցին․․․ Հադրութում քանդում ու այրում են տները, իսկ գերեզմանոցներն ու քրիստոնեական պատմության և մշակույթի եզակի հուշարձանները պղծվում են, ավերում են այնտեղ ամեն ինչ ու  հողին հավասարեցվում: Սարի հայրական տունը այլևս չկա ․․․ Այս քաղաքին է նվիրված «Իմ Հադրութը» երգը: Դրա ստեղծման գաղափարը ծագել է երգչի մոտ` հայրենիքը կորցնելուց հետո:Տեքստը, որի վրա հիմնված է այս ստեղծագործությունը, գրվել է 1980 - ականներին: Հեղինակը հայ նշանավոր բանաստեղծ և գրող, ծագումով Հադրութից՝ Սոկրատ Խանյանն է:Հաշվի առնելով քաղաքում ծավալված ցավալի իրադարձությունները, բանաստեղծության տեքստը, հեղինակի համաձայնությամբ, փոքր -ինչ փոխվեց երգչի և երգի երաժշտության հեղինակ Արմենուհի Կարապետյանի կողմից: Նա ճանաչված հայ կոմպոզիտոր է, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, հիմնականում դասական բազում ստեղծագործությունների հեղինակ:«Իմ Հադրութը» ստեղծվել է Սարի խնդրանքով, հատուկ  նրա համար: Սա կոմպոզիտորի առաջին համագործակցությունը չէ երգչի հետ:Երգի գեղեցիկ գործիքավորումը Ալեքսանդրա Մաղաքյանի աշխատանքն է, համադրումը՝ Ստեֆան Բերուջանյանի: Երգը ձայնագրվել է Վարշավայում ՝ «Spox Music» ստուդիայում:Գովազդային պաստառի հեղինակը Վալերի Այվազյանն է, իսկ լուսանկարինը`  լեհ լուսանկարիչ Միխալ Իգնարը:Հետագայում նախատեսվում է տեսահոլովակ «Իմ Հադրութ» երգի հիման վրա:

«Իմ Հադրութ» երգը ավելին է, քան նվիրում: Դա ճիչ է և զգացմունքների պայթյուն, որը ապրում է արվեստագետը, դա երգչի քայլն է հայրենիքի դեօկուպացման ճանապարհին:Դա կոչ է ամբողջ աշխարհին, որ ոչ ոք ցանկացած մեկի փոխարեն չհամարձակվի երբեք խլել ուրիշի ՏՈՒՆԸ՝ պոկել արմատներից և պարտադրել այլ ճակատագիր:

Երգի պրեմիերան նվիրված է օգոստոսի 15 – ին՝ Հադրութի տոնին: Այն նվիրված է բոլոր Հերոսների հիշատակին՝ ովքեր նահատակվեցին հանուն Հադրութի, հանուն Արցախի հանուն Հայության։ Այն նվիրված է բոլոր հադրութեցիներին, բոլոր ապրողներին՝ որ պիտի մի օր ազատագրեն, վերականգնեն ու  ապրեցնեն Հադրութը․․․ Հույսով, որ մի երջանիկ օր «Իմ Հադրութ» երգը կհնչի Հադրութում՝ օգոստոսյան քաղաքի տոնին։

Երգը գրված է մինորային տոնայնությունում, բայց ստեղծագործության եզրափակիչ մասում՝ վերջին «Իմ Հադրութ» կանչը հնչում է մաժորում, որը հենց այն ՀՈՒՅՍՆ Է ․․․ 

Երգը կարող եք լսել այստեղ՝ 

 https://soundcloud.com/saribek/my-hadrut ;   https://www.youtube.com/watch?v=VI1g60SMtmk

 Սար Սարգսյանը ծնվել է Արցախի Հադրութ քաղաքում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: 2002 թ. ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը:2007 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի վոկալ բաժինը: 2008 թ. ավարտել է Երևանի պետկոնսերվատորիայի ասպիրանտուրան: Սարը համերգային ելույթներ է ունեցել` Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, Լեհաստանում, Իտալիայում, Խորվաթիայում, ԱՄՆ-ում, Արաբական Էմիրություններում, Չինաստանում, Լիտվայում, Իսպանիայում և այլուր: Նա մի շարք միջազգային վոկալ մրցույթների և փառատոնների դափնեկիր է ու «Գրանպրի» մրցանակակիր։ Ակադեմիական ելույթներին զուգահեռ համերգային գործունեություն է ծավալում  նաև  էստրադային ժանրում:

 Սարը այժմ ապրում և աշխատում է Վարշավայում, սակայն հաճախ ճանապարհորդում է այլ երկրներ, որտեղ նա հնարավորություն ունի ցուցադրելու իր յուրահատուկ վոկալ ունակությունները, ինչպես նաև ներկայացնելու հայ կոմպոզիտորների երաժշտության հրաշալի ժառանգությունը, իհարկե նաև համաշխարհային երաժշտության այլ հայտնի ու սիրված ստեղծագործություններ։

 

www.sarsarsgsyan.com