Հունիսի 23-ից 24-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի կադետների աշխարհի առաջնություն: Չեխական Հավլիչկուվ Բրոդ քաղաքից 17-ամյա ըմբիշ Արթուր Սարգսյանը այս առաջնությունում հանդես եկավ մինչեւ 110 կգ քաշային կարգում եւ նվաճեց բրոնզե մեդալ: Այս քաշային կարգում մրցում էին 20 ըմբիշներ ամբողջ աշխարհից: Այս մասին հաղորդում է ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը՝ orer.eu-ն։
Առաջին տուրում Արթուրը միավորների հաշվով 5: 0 հաշվով հաղթեց ուզբեկ Օտաբեկ Խոլմուրզաևին:
Երկրորդ տուրում Արթուրը նույնպես միավորների հաշվով 4: 1 հաշվով հաղթեց թուրք Բաքիրին: Կիսաեզրափակչում Արթուրը մենամարտեց Գերմանիայի ու Եվրոպայի չեմպիոն Օվսյանիկովի հետ: Այստեղ, մի փոքր վատ մենամարտից հետո, Արթուրը պարտվեց 0: 4 հաշվով:
Բրոնզե մեդալի համար պայքարում Արթուրը մենամարտեց ԱՄՆ-ից Էնթոնի Մալենի հետ: Առաջին րոպեներին Արթուրը անպաշտպան պայքարից հետո պարտվեց՝ 5: 0 հաշվով, բայց հետո կանգնած դիրքում նա գեղեցիկ խաչաձեւ հակադարձ քայլ կատարեց և ժամկետից շուտ ամերիկացուն ուսերի վրա պառկացրեց:
Արթուրը Չեխիայի միակ ներկայացուցիչն էր, որը նվաճեց մեդալ, եւ այն էլ ՝ բրոնզե։
Տեղեկացնենք, որ Արթուրը ծնվել է Հավլիչկուվ Բրոդ քաղաքում, հինգ տարեկանից զբաղվում է ըմբշամարտով։ Նախորդ ամիս Բուլղարիայում անցակացված Եվրոպայի առաջնությանը նա գրավել էր չորրորդ տեղը։ Տարբեր տարիներին նա չորս անգամ դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Չեխիայի չեմպիոն։
Շնորհավորում ենք Արթուրին, նրա ընտանիքին, մարզիչ Զդենեկ Շվեցին այս հաղթանակի կապակցությամբ եւ մաղթում նորանոր հաղթանակներ միջազգային մրցույթներում։
orer.eu
ՕՐԵՐ եվրոպական ամսագիր
Պրահա