ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի որոշումը ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: «Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասաց Դիլանյանը:
Նա հայտնեց, որ որոշման ամբողջական տեքստը օրենքով սահմանված եռօրյա ժամկետում կհրապարակվի ՍԴ-ի կայքէջում և կառաքվի կողմերին։
Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում էին նույն հարցին: Միավորված գործով դատաքննությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին: