Հուլիսի 1-ին եւ 3-ին Սեուլի Ազգային օպերայում տեղի ունեցավ Պուչինիի «Աղջիկն Արեւմուտքից»-La fanciulla del West) ներկայացման կորեական պրեմիերան, որի գլխավոր դերակատարի՝ Մինիի դերում հանդես եկավ մեր հայրենակցուհի« ճանաչված
օպերային աստղ, սոպրանո Կարինե Բաբաջանյանը։ Կորեացիները հատուկ այս
ներկայացման համար հրավիրել էին իտալական թիմին՝ ռեժիսոր Նիկոլա Բերլոֆային, դիրիժոր Պիետրո Ռիցոյին,
տղամարդու գլխավոր դերակատարման համար տենոր Մարկո Բերտիին, ինչպես նաեւ կորեացի
բազմաթիվ երգիչների, որոնցից կազմել էին նաեւ ներկայացման երկրորդ
թատերախումբը։ Բեմական ու զգեստների ձեւավորումները նույնպես արել էին իտալացի
մասնագետները։ Ներկայացումներն անցել են մեծ հաջողությամբ եւ ջերմ
ընդունելության են արժանացել։ Ուղիղ հեռարձակումով ներկայացումը դիտել է ողջ
Հարավային Կորեան։ Իսկ «Կորեան Հերալդ» թերթը մասնավորապես հայ
երգչուհու մասին գրել է. «Մինիի դերում էր հայ օպերային սոպրանո Կարինե
Բաբաջանյանը։ Բաբաջանյանն անմոռանալի ներկայացրեց խելացի ու անկախ կնոջ
բնավորությունը»։
Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Կարինե Բաբաջանյանը, ներկայացման
փորձերը սկսել են մեկ ամիս առաջ, որին նախորդել է 14-օրյա մեկուսացումը
հյուրանոցում՝ Սեուլում անմիջապես վազրէջքից հետո, եւ փորձերին մասնակցել են դիմակներով, քանի որ համավարակի
հետ կապված սահմանափակումները դեռեւս ուժի մեջ էին։ Իսկ 2200 տեղանոց
դահլիճում թույլատրել էին ներկա գտնվել միայն հանիսատեսի կեսին՝ 1100
հոգու, քանի որ պետք է պահպանեին անհրաժեշտ հեռավորությունը։
Նրա ասելով, իտալական թիմը մի հեքիաթային ներկայացում էր բեմադրել՝ թե՛
բեմական ձեւավորումը, եւ թե՛ ամբողջությամբ ներկայացնում էին այն
ժամանակաշրջանը, որի մասին գրել է ներկայացման հեղինակը՝ ամերիկացի
դրամատուրգ Դավիթ Բելասկոն / David Belasco (1853-1931) իր համանուն վեպում։
«Տեղացիները ակնածանքով էին վերաբերում Եվրոպայից եկած երգիչներին եւ
ստեղծագործական կազմին։ Նրանց իրապես հաջողվեց փոխանցել այդ պատմական
կոլորիտը։ Համոզված եմ, որ հաջորդ խաղաշրջանում կորեացիները կվերականգնեն
ներկայացումը եւ կօկտագործեն թե՛ դեկորացիաները, եւ թե զգեստները։
Բելասկոյի գիրքը կոչվում է «Աղջիկը ոսկե Արեւմուտքից», Այն սիրային
եռանկյունու պատմություն է, որի ավարտին Միմին հաղթում է Շերիֆին։ Լինելով ուժեղ եւ խելացի անձնավորություն, Պոլկա
բարի տիրուհին հավատացյալ է, եւ ոչ միայն դասավանդում է, այլեւ
Աստվածաշունչ է կարդում այդտեղ աշխատող տղամարդկանց համար։ 130 րոպե
տեւողությամբ ներկայացման գլխավոր շարժիչ ուժը՝ Միմին է, որը եթե
չհաշվենք սպասուհու դերակատարին, միակ գլխավոր կին հերոսուհին է, շրջապատված ոսկու
հանքի տղամարդ աշխատակիցներով։
Ի տարբերությունն Պուչինիի առավել հայտնի
օպերաների՝ Տոսկա, Մադամ Բատերֆլայ, Լա Բոհեմ, այս ներկայացումը թեեւ շատ
ճանաչված չէ, բայց իր երաժշտականությամբ առանձնահատուկ է։ Պուչինին նոր
ձեւով է գրել ավելի, վագներյան շնչով, որն ավելի դժվար ընկալելի
երաժշտություն է։ Բայց որքան շատ ես լսում այդ երաժշտությունն, այնքան
սիրահարվում ես, թեեւ այն շատ դժվար է տրվում թե՛ երգիչներին, եւ թե
ունկնդրին։ Դրա համար էլ շատ քիչ են բեմադրում, քանի որ դրամատիկ գործ է,
պահանջում է ոչ միայն տենորի, սոպրանոյի եւ բարիտոնի դերակատարներ, այլեւ
12 տղամարդ մեներգիչներ։ Ներկայացման ընթացքում երգում է միայն
տղամարդկանց երգչախումբը։ Մեղեդիները բարդ են Պուչինիի այլ օպերաների
համեմատ, բայց եթե ընկալում են, երկար մնում է հիշողության մեջ։ Այս
օպերան նմանեցնում եմ մի բարդ գեղանկարի, որն աստիճանաբար ես ընկալում»,-
պատմում է երգչուհին։
Վերջում ավելացնենք, որ Պուչինիի «Աղջիկն Արեւմուտք»ից օպերան առաջին
անգամ բեմադրվել է Նյու Յորքում՝ 1910 թվականին։
Ավելացնենք, որ Կարինե Բաբաջանյանը 2015 թվականից բնակվում է Բուդապեշտում, 1999 թվականից երգել է գերմանական Շտուգարտի օպերային թատրոնի հիմնական կազմում, եւ մինչ օրս հանդես եկել աշխարհի լավագույն բեմահարթակներում՝ Չինաստանից ու Ճապոնիայից մինչեւ Մեքսիկա ու ԱՄՆ, Բեռլինի, Վիեննայի, Պրահայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ եվրոպական այլ երկրների ազգային թատրոններում։
Հակոբ Ասատրյան
Պրահա
Օպերայի սիրահարները ներկայացումն ամբողջությամբ կարող են դիտել այս հղումով՝ (3) Giacomo Puccini - La fanciulla del West - YouTube