92 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը։ «Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջիվան Գասպարյան կրտսերը՝ վարպետի թոռը։
1978 թվականից Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը ծնվել էր 1928 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանի Կոտայքի մարզի Սոլակ գյուղում։ Նա Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ է, Երեւանի պատվավոր քաղաքացի, 2001թ արժանացել է ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակին։
Ջիվան Գասպարյանը ծանր մանկություն է ունեցել քանի որ մայրը վաղ է մահացել և հայրը Երկորդ համաշխարհային պատերազմին է մասնակցել։ Այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։ Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի։ 1947 թվականին մեկնել է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստացել է «Պոբեդա» ժամացույց։ 1949 թվականին դարձել է Թաթուլ Ալթունյանի անվան ժոգործիքների համույթի անդամ։
1956 թվականին ստանում է առաջին մրցանակը, 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ Միջազգային փառատոնում՝ՅՈՒՆԵՍԿՈ-Ի հովանավորության տակ։ Նույն մրցույթին մասնակցելով, 1962 թվականին ստացել է արծաթե մեդալ, 1973 թվականին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։ 1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Նույն թվականին Բրայան Ինոն, պատահաբար լսելով երաժշտապետի ներկայացումը Մոսկվայում, նրան հրավիրում է Լոնդոն։ Պիտեր Գաբրիելը նրա նվագը օգտագործել է Սկորսեզի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմում։
Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։
Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։
ՕՐԵՐ ամսագիրը խորին ցավակցություն է հայտնում մեծանուն երաժշտի հարազատներին ու բարեկմաներին, մեր խոնարհումը՝ նրա պայծառ հիշատակին։
2002 թվականին Պրահայում համերգից հետո Վարպետը հարցազրույց էր տվել մեր ամսագրին, հարցազրույցը վարել էր Արսեն Քոչարյանը։ Այդ հարցազրույցում Մեծն դուդուկահարը ասում էր՝ Դուդուկի ոգին փոխանցեցի իմ ժողովրդին ու աշխարհին։
orer.eu
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին:
Անվանի վարպետը ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում հայկական ծիրանափողի փառքը տարածել է աշխարհով մեկ` հանդես գալով հեղինակավոր բազմաթիվ բեմերում, հայկական երաժշտության հնչյունները ներկայացնելով հայտնի ֆիլմերում, համագործակցելով հռչակավոր կոմպոզիտորների, համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ:
Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ջիվան Գասպարյանին, որպես մտավորական և հայի բացառիկ կերպար, դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքում, որով մենք հպարտացել ու ոգեշնչվել ենք:
Վիլյամ Սարոյանը Ջիվան Գասպարյանի նվագը լսելուց հետո ասել էր՝ «Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք է»: Վարպետի կատարումներով աղոթքներն ընդմիշտ կմնան ոչ միայն հայ, այլև ողջ աշխարհի արվեստասերների սրտերում ու հիշողություններում:
Կիսում եմ նրա ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին: Սիրելի վարպետ, հանգչիր խաղաղությամբ»: