Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

May be an image of 4 people and people standing

\Այսօր առավոտյան ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են Ազգային ժողովի  արտահերթ ընտրությունները հանրապետության  2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Մինչեւ կեսօր արդեն քվեարկել էին Հայաստանի առաջին երեք նախագահները, ներկա վարչապետի պաշտոնակատարը, ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը, ինչպես նաեւ  խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ 

Հայաստանում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 26,82 տոկոսը։

Ժամը 17.00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 38,17 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 989 հազար 972 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Ըստ asekose.am -ի Հայաստանի արտերկրում ապրող դիվանագետները հիմնականում քվեարկել են Հայաստան եւ պատիվ ունեմ դաշինքների օգտին։ Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցել է 287 ընտրողից 284-ը: Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ 168 ձայն ստացել է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, դիվանագետները 112 ձայն տվել են «Պատիվ ունեմ» դաշինքին և ընդամենը 4 ձայն ստացել է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»:

Հիշեցնենք, որ արտերկրում գտնվող ՀՀ դիվանագետներն ու իրենց ընտանիքի անդամները քվերակությանը մասնկացում են էլեկտրնային եղանակով, այսօրվա քվեարկությունից մեկ շաբաթ առաջ:

«Հայաստան»  դաշինքն արդեն իսկ հայտարարություն է տարածել, որ տեղի են ունեում համատարած ընտրախախտումներ։ 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է .
«Երեկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար։ Անհրաժեշտ է նշել, որ նշված պատասխանատվության միջոցը նախընտրական քարոզչության շրջանում կիրառվել է միայն այդ կուսակցության նկատմամբ։
Տեղեկացնում ենք նաև, որ երեկվանից տարբեր վայրերում սկսել են մեծ տպաքանակով տարածել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր։ Մեր տեղեկություններով, այս խայտառակ գործընթացը կազմակերպվել է հատկապես սորոսական կազմակերպությունների կողմից և հեռացող իշխանոթյան թողտվությամբ։ Ավելին, նույն ժամակահատվածում տեղաղադրվել են նաև օրենքով սահմանված կարգի ակնհայտ խախտմամբ «Հանրապետություն» կուսակցության պաստառներ։
Ստացել ենք տեղեկություններ նաև, որ երեկվանից մինչ օրս ակնհայտ անհիմն հիմքով բերման են ենթարկվում «Հայաստան» դաշինքի տարածքային շտաբերի անդամներ կեղծ հաղորդումների հիման վրա։ Առկա են հիմնավոր կասկածներ, որ այս հաղորդումները հատկապես կազմակերպվում է սորոսական կազմակերպությունների կողմից։
Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական գործընթացի խախտումներ, և հրավիրում ենք բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունն այս շարունակական խախտումներին։
Դիմում ենք ոստիկանությանը` սեղմ ժամկետներում, ընդհուպ մինչեւ մի քանի ժամվա ընթացքում, հայտնաբերել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր պատրաստողներին, տարածողներին ու պատվիրատուներին և անհապաղ բերման ենթարկել, հատկապես, որ համացանցում արդեն առկա են համապատասխան տեսանյութեր։
Հակառակ պարագայում կգնահատենք, որ այդ գործընթացը կազմակերպված է և ուղղորդվում է իշխանությունների կողմից»:
Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» դաշինքի առաջնորդների վերաբերյալ այսօրվա խայտառակ ապօրինի նյութերի վերաբերյալ: Չենք կարող մեր տարակուսանքը չհայտնել այն մասին, որ չնայած այդ խուլիգանական արարքները կատարվել են առնվազն վաղ առավոտյան, մամուլում հրապարակվել են նույնիսկ այդ արարքի հետ առնչություն ունեցող անձանց կոնկրետ տվյալներ, սակայն մինչ այս պահը Ոստիկանությունը նույնիսկ մեկ անձի բացահայտման կամ բերման ենթարկելու վերաբերյալ տվյալ չի ներկայացրել: Ոստիկանության նման անհասականալի դանդաղ վարքագիծը եթե չվերանայվի, մեր կողմից արձանագրվելու է, որ վերջիններս փաստացի փորձում են պարտակել նման լկտի խուլիգանական վարքագիծը, և համապատասխան հետևություններ են կատարվելու»:
 
Շիրինյան_ Բաբաջանյան դաշինքի անդամ Արման Բաբաջանյանն իր հերթին  տեղեկացրել է, որ կրակել են իր մեքենայի վրա։ 

Ինչպես տեղեկացնում է  armeniasputnik.am ը Բաբաջանյանի ավտոմեքենային կրակող անձին նկարահանել է նրա հարևանի տեսախցիկը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ցուցակի առաջին համար Արման Բաբաջանյանը։ «Հանցագործի ընդհանուր պատկերը հնարավոր է եղել դուրս բերել։ Ես տեսա ձայնագրությունը, մոտավորապես դիմակավորված, «կապյուշոնով», ամբողջովին սպիտակ հագուստով, ձեռքին սև ատրճանակը։ Կրակոցի պահի մանրամասներ չկան, բայց հայտնաբերվել է փամփուշտի մի մասը, պարկուճը մնացել է դիմապակու վրա, ասացին, որ նստարանի վրա կա վնասվածք»,– ասաց Բաբաջանյանը։

Կատարվածի նպատակն, ըստ նրա, քաղաքական գործընթացները վախի, սարսափի մեջ խեղդելն է։ Բայց Բաբաջանյանը վտահեցրեց, որ հակառակ դրան, իրենք մնում են հաստատուն իրենց գաղափարներում, դիրքորոշումներում։
Բաբաջանյանը հրաժարվեց հայտնել իր կասկածները հնարավոր կատարողների վերաբերյալ, թեև մինչ այդ հայտարարել էր, որ ասուլիսում նաև անուններ կհնչեցնի»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բողոքարկելու է ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

 «Հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէ»,- ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ֆեյսբուքի գրառման մեջ:

Նշենք՝ երեկ ԿԸՀ-ն նախազգուշացում էր կիրառել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ լռության օրվա կարգը խախտելու համար:

Իր հերթին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում տարածվող քվեարկված քվեաթերթիկների լուսանկարներ, այդ թվում՝ վիրավորական գրառումներով:
Այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։
Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը: Այս արարքը պատժվում է տուգանքով` 500․000-700․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:
Դրանից բացի, քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ 100․000-200․000 դրամի չափով:



orer.eu