Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

  Բանակը 3 տարի ջանասիրաբար քանդող քաղաքական ուժը չի կարող վերափոխվել․ Ռ․ Քոչարյան

Այս հոդվածը որոշեցի գրել հետպատերազմյան և նախընտրական ժամանակահատվածում Նախագահ Ռոբերտ Քոչարյանի իր պաշտոնավարման տարիներին վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ  տարատեսակ, իրականությունից հեռու քննադատություններին ի պատասխան։

Նախքան կոնկրետ փաստարկներին անցնելը կցանկանայի մի երկու բառով նկարագրել արագ փոփոխվող տարածաշրջանային հիմնական զարգացումները։ Քաղաքագետները սիրում են պնդել, որ Անդրկովկասը ավանդապես հանդիսանում է ռուսական ազդեցության գոտի և ցանկացած պետություն ուղղակի պետք է հաշվի նստի այդ շահերի հետ։ Ամենևին դա չի ենթադրում, այլ տերությունների կամ քաղաքական միավորումների տարածաշրջանում շահերի պակասը կամ մրցակցելու ցանկության բացակայությունը։ Տարածաշրջանը հարուստ է բնական ռեսուրսներով, առաջին հերթին նավթագազային հումքով, այստեղով են անցնում կարևոր առևտրային հանգույցներ, որոնք միմյանց հետ կարող են կապել Հնդկական օվկիանոսը, Պարսից ծոցը, Կասպից և Սև ծովերը։ Առևտրային ուղիները ենթադրում են այդ ավազաններում գտնվող պետությունների և գերտերությունների մրցակցություն հեգեմոն դիրքի, ավելի փոքր պետությունների դեպքում՝ բարենպաստ հնարավորությունների համար։ Մի խոսքով, աշխարհը գլոբալ զարգացումից անցում է կատարում տարածքային զարգացման և տարածաշրջանները փորձում են նոր ավելի բարենպաստ առևտրային ուղիներ կառուցել միմյանց միջև՝ համադրելով միմյանց շահերը։

Դեռ երկար կքննարկենք Արցախյան վերջին պատերազմը տարածաշրջանում փոփոխությունների արդյունք էր, որը ժամանակին մեր կողմից չընկալվեց, թե այն փոփոխությունները կանխելուն միտված գործողություն էր։ Պետք է արձանագրել մի կարևոր փաստ, որ տարածաշրջանը կանգնած է մեծ փոփոխությունների շեմին և հիմնական պայքարը դեռ առջևում է։

Իմ պատկերացմամբ տարածաշրջանն ապրում է երկու ինտեգրացիոն գործընթացներ՝ առաջինը ՌԴ ակտիվ ջանքերով ԵԱՏՄ տնտեսական տարածքի ստեղծումն ու կայացումն է, իսկ երկրորդը՝ Թուրքիայի և Ադրբեջանի գլխավորությամբ այսպես կոչված թուրքալեզու բնակչության ինտեգրումն է, առայժմ քաղաքական, մշակութային, կրոնական գաղափարական հիմքով։ Այս երկու զուգահեռ գործընթացները գտնվում են լուռ մրցակցության մեջ, առավելապես հիմնված են ուժի վրա և աներկբա ունենալու են բախումներ։ ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին անուղղակի աջակցում է Իրանը, որի միջոցով տարածաշրջան է մուտք գործել Չինաստանը, ով կարճ ժամանակամիջոցում կարող է դառնալ տարածաշրջանի ազդեցիկ խաղացողներից մեկը։

Հայաստանի Հանրապետությունը հետպատերազմյան շրջանում չի կարող ետ մնալ տարածաշրջանային զարգացումներից, բայց մյուս կողմից կարևոր են սեփական շահերը։

Ահա այս արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ մտահոգություններով է Հայաստանը մոտենում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որը մեր համար լինելու է ճակատագրական։ Արտաքին քաղաքական ասպարեզում սեփական շահերը առաջ մղելը և երկարաժամկետ տնտեսական ծրագրերին մասնակցելը բերելու է անվտանգության բաղադրիչի մեծացման, ներքին, արտաքին կայունության, տնտեսական զարգացման։

Վերջին երեք տարիները միջազգային ասպարեզում բարեկամ երկրների հետ հարաբերությունների վատթարացման տարիներ էին։ Ռուսատանի, ՀԱՊԿ-ի, Իրանի, Չինաստանի հետ, անհասկանալի և անընկալելի էինք։ Բարեկամ Ֆրանսիայի և Եվրոմիության համար նույնքան անվստահելի, իսկ Վրաստանի դեպքում հաճախ ծիծաղելի։ Այս բոլոր երկրների հետ հարաբերությունների կանոնակարգումը, փոխվստահելիության վերկանագնումը բխում է մեր ազգային շահերից, հատկապես Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների վերանայումը խիստ օրակարգային են։

Իմ խորին համոզմամբ այս բարդագույն արտաքին քաղաքական առաքելությունը կարող է իրագործել Նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ղեկավարած քաղաքական միավորումը։ Այս պնդումը կատարում եմ ոչ թե ելնելով այլ քաղաքական ուժերի հետ համեմատությունից կամ տրամաբանությունից, այլ ուղղակի բազմիցս ականատես եմ եղել, թե ինչ հմուտ բանակցող է նա, ինչպես է կարողանում գործընկերներին արագ վստահություն ներշնչել և տրամադրել փոխշահավետ գործակցության։ Ականատես եմ եղել Հնդկաստանի, Ռուսաստանի, Եվրոմիության, Վրաստանի, Իրանի և ԱՊՀ այլ երկրների ղեկավարների հետ իր բազմակողմ շփումներին, որոնք անցնում էին երկուստեք անկեղծ, ուրախ, ջերմ, գործնական մթնոլորտում՝ արձանագրելով ոլորտային հաջողություններ։ Նախագահ Քոչարյանը կարողանում է արագ ըմբռնել երկրի շահը, այն կառուցողական ոգով բերել բանակցային օրակարգ և հետևողականորեն առաջ տանել՝ գործընկերներին համոզելով դրա փախշահավետությունը։ Նախագահ Քոչարյանը ընկալվում էր, որպես խոսքի տեր գործի մարդ։ Նա կարողանում էր գերտերությունների և հարևան, բարեկամ երկրների շահերը համադրել, փոխլրացնել։

Քաղաքական ընդդիմախոսները արտաքին քաղաքական հարաբերություններում Նախագահ Քոչարյանի մասին էլ բան չգտնելով, քննադատում են ռուսամետ լինելու մեջ, կարծես դա ծանր մեղք է։ Ընդդիմախոսներին կուզենայի հիշեցնել, որ Հայաստանը Եվրոխորհրդին պաշտոնապես անդամակցեց 2001 թվականին և հիմք դրվեց Հայաստանի Եվրոինտեգրմանը, Հայաստանը բոլոր Սահմանադրությունների նախագծերը և դրանից բխող օրենքները քննարկում է Եվրոպայի գործընկեր կառույցների հետ, ԵԱՀԿ, ԵԽ, Վենետիկի հանձնաժողով, իսկ ՄԻԵԴ վճիռները ըննդեմ ՀՀ դարձան մեր իրավական համակարգի մասը։ Հայաստանը 2005 թվականին անդամակցեց առևտրի համաշխարհային կազմակերպությանը, դրանով զարգացման նոր հնարավորություններ ստանալով։ Հայաստանը 2005 թվականին դարձավ Բոլոնիայի գործընթացի մասնակից երկիր, որով եվրոպական 47 երկրների կրթական տարածքները բացվեցին մեր առջև, Եվրոինտեգրման այս շարքը կարելի է թվարկել։ Հայաստանին հաջողվեց վարել բալանսավորված իմպլեմետար քաղաքականություն՝ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ ստեղծելով փախադարձ շփումներ և արդյունավետ համագործակցություն։ ՆԱՏՕ-ի հետ ձևավորվեց գործընկերային հարաբերություններ՝ մեր զինվորականները նշանակալի մասնակցություն ունեցան միջազգային խաղարար գործընթացներում։ Հայաստանը այս կարևոր ռազմաքաղաքական կառույցի հետ հիմք դրեց կարևոր, մինչ օրս շարունակվող  համագործակցության։

Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ հարաբերությունները ձեռք բերեցին ստրատեգիական, իրական դաշնակցային բնույթ։ Սա երկրի ղեկավարի և պետական գերատեսչությունների միասնական և նպատակաուղղված աշխատանքի արդյունք էր, ինչը երկար տարիներ ապահովեց մեր երկրի անվտանգ խաղաղ գոյակցությունը։ Ռուսաստանի Դաշնության հետ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած ամուր դաշնակցային հարաբերությունները, այսօրվա իշխանությունների ապազգային քաղաքականության արդյունքում էլ ապահովում են ՀՀ տնտեսական հիմքերը և անվտնագությունը։ Ես չգիտեմ արդյո՞ք կա մեկը ով մտածում է, որ ՌԴ հետ իրավապայմանագրային ամուր հիմքերը չլինեին այսօր թուրքիան բռնազավթած չէր լինի ամբողջ երկիրը։

Ահա այս մարտահարվերներին դիմակայելու ցանկությամբ և հույսով ենք մոտենում մեր լինելիության ջրբաժանին և յուրաքանչյուրը, ով ունի հնարավորություն առողջ դատելու, թե ով կարող է լավագույնս Հայաստանը և Հայ ժողովրդին արժանավույն ներկայացնել արտաքին քաղաքական ասպարեզում, թող կատարի իր ընտրությունը անկեղծությամբ, ինչպես Նախագահ Ռոբերտ Քոչարյանն է հասարակության հետ երկխոսում է նույն անկեղծությամբ և յուրաքանչյուր աչքերի մեջ շիտակ նայելով։

 

Սերգո Երիցյան

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՀՀ ԱԺ երկու գումարումների նախկին պատգամավոր

ՀՀ ԿԳՆ նախկին նախարար

ՀՀ նախագահի նախկին խորհրդական