Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀ նախագահի նախկին խորհրդական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։

 

- Պարոն Երիցյան, դուք նախագահի խորհրդական աշխատած տարիներին համակարգում էիք նաև ազգային փոքրամասնություններին առնչվող խնդիրները։ Ազգային փոքրամասնությունների հարցերը Հայաստանում երբևէ խնդրահարույց չեն եղել, սակայն աշխատատար են համարվում։ Ինչպիսի՞ն էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքը ոլորտի նկատմամբ և ի՞նչ աշխատանք է կատարվել այդ տարիներին։

-ՀՀ նախագահին կից գործում էր խորհրդակցական ու համակարգող մարմին, որին անդամակցում էին Հայաստանի 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները և, բնականաբար, պարբերաբար քննարկվում էին ազգային փոքրամասնություններին առնչվող կրթամշակութային խնդիրներ։ Ծրագրերը ներկայացնում էին ազգային փոքրամասնությունները և ֆինանսավորվում էին ՀՀ նախագահի կողմից։ Այստեղ միանշանակ էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումը՝ ազգային փոքրամասնությունները պետք է առավելագույն աջակցություն ստանան։

- Արդյունքում ազգային փոքրամասնությունների կրթամշակութային հարցերը ի՞նչ լուծումներ էին ունենում։

-Պետական ֆինանսավորմամբ կանոնավոր դարձավ և նոր որակ ստացավ ազգային փոքրամասնությունների ամենամյա գեղարվեստական փառատոնը, որին մասնակցում էին Հայաստանում ապրող բոլոր ազգերի ներկայացուցիչները։

Իրենց հերթին առանձին փառատոններ էին կազմակերպում ազգային փոքրամասնությունները, որոնք վեր էին ածվում հայ ժողովրդի հետ բարեկամության տոնախմբությունների։

ՀՀ նախագահի անմիջական աջակցությամբ ու օգնությամբ Սարյան փողոցի վրա գտնվող նախկին փոստատան շենքում առանձնացվեց երկու հարկաբաժին ու այնտեղ ձևավորվեց կրթամշակութային կենտրոն՝ իր դահլիճով, գրադարանով, անհրաժեշտ այլ սրահներով։

Դրանով հնարավոր եղավ խթանել ազգային փոքրամասնությունների գործունեությունը։ Առանձին համայնքներ կիրակնօրյա դպրոցներ բացեցին, ուր լեզուներ սովորելու էին գալիս նաև հայեր։ Օրինակ ժամանակին առիթ եմ ունեցել տեսնելու վրացերենի ուսուցման դասարանը։

Հայկական Սփյուռքի փորձը մեզ հուշում էր առանձնահատուկ ուշադիր լինել ազգային փոքրամասնությունների խնդիրների նկատմամբ և արագ լուծումներ գտնել։ Իսկ դրանցում առաջնայինը տվյալ ազգային փոքրամասնության լեզվի ու գրականության դասագրքերն են։ Բնականաբար, մենք ոչ միայն ուրախությամբ արձանագրեցինք դասագրքերի ստեղծումը, այլև ձեռնամուխ եղանք դրանց հրատարակությանը, ինչը պատմական և կարևոր իրողություն պետք է համարել։ Եվ արդեն տևական ժամանակ է, ինչ եզդիաբնակ բնակավայրերում ազգային լեզվի ուսուցումը կատարվում է այդ դասագրքերով։ Ինչ խոսք, այս կարևոր քայլերից որակական նոր զարգացումներ եղան ազգային փոքրամասնությունների դպրոցներում մայրենի լեզվի ու գրականության ուսուցման գործում։ Իհարկե, այս նույն շղթայում է նաև կիրակնօրյա դպրոցների գոյությունը և նրանց համապատասխան գրականությամբ ապահովելը։

-Պարոն Երիցյան, եթե չեմ սխալվում, հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ձևավորվեց սփյուռքի հետ փոխհարաբերությունները համակարգող պետական մարմին։ Ի՞նչ մարմին էր այն և ի՞նչ նպատակներ էր հետապնդում։

-Ինչպես կարող եմ չհիշել, քանի որ ես էլ որպես նախագահի խորհրդական մասնակից եղա ԱԳՆ-ի կազմում ձևավորվելիք պետական կոմիտեի կանոնադրության ստեղծմանը։ Հստակ էր ՀՀ նախագահի դիրքորոշումը, որ նոր ձևավորվող մարմինը, կարող էր նախարարություն դառնալ։  Քանի որ նոր մակարդակի պետք էր բարձրացնել հայրենիք Սփյուռք փոխհարաբերությունները, ավելի գործնական ու իրական դարձնել սփյուռքի տարբեր համայնքների որակական նոր կապը մայր հայրենիքի հետ։ Եվ դա իրականություն դարձավ հետագա շրջանում, չնայած վերջին երեք տարիներին մյուսների նման անհասկանալի ու անարդյունավետ դարձավ կառավարման, այս մարմինը։ Արդյունքում սփյուռքի կառույցների և Հայրենիքի միջև կապերը գնալով խզվում են։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարողացավ Հայրենիք-Սփյուռք կապերը զգայականից տեղափոխել գործնական հարթություն։ Սփյուռքը աստիճանաբար ներգրավվեց Հայաստանի և Արցախի ներքին կյանքին, սփյուռքի ավանդական կառույցներն ու կազմակերպությունները ակտիվ մասնակից եղան պետականաշինության գործին։ Հիմք դրվեցին համահայկական խաղերին, Հայրենիք-Սփյուռք համաժողովներին, լայնամասշտաբ տնտեսական ծրագրերին։ Սփյուռքը համախմբվեց և վարակվեց բարեգործությամբ, որը շոշափելի էր կյանքի ամենատարբեր ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, աղետի գոտու վերականգնում, դպրոցաշինություն, մշակութային օջախների վերականգնում, առողջապահական հիմնարկների նորոգում և այլ նմանօրինակ ծրագրեր։

-Վերադառնանք Հայաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրներին։ Ինչպիսի՞ն կլինեն դրանց լուծումները ապագայում։

—Ազգային փոքրամասնությունների հետ տարվող աշխատանքը պետք է լինի կանոնավոր ու անընդհատ։ Ավելի քան վստահ եմ, որ ազգային փոքրամասնությունների նկատմամբ ուշադրությունը ավելի մեծ ու հասցեական կդառնա հունիսի 20-ից հետո, երբ իշխանության ղեկին կլինի Ռոբերտ Քոչարյանի նման պետական գործիչը, որի համար արժեքային համակարգը առաջնայինն է, այդ թվում և ազգային փոքրամասնությունների խնդիրները։ Նա միշտ իր ուշադրության կենտրոնում է պահել ազգային փոքրամասնությունների հարցերը, նպաստել նրանց ինքնության պահպանմանը, ստեղծել հարթակ բարեկամ ազգերի միջև երկխոսության համար։

Զրուցը վարեց

Քրիստինե Պետրոսյանը

Երեւան